Հայկական Մահաթմա Գանդի՞. Բագրատ Գալստանյանի հասարակական-քաղաքական ֆենոմենը․ Մարկեդոնով

«Այս քահանան վերջին մի քանի օրերին դարձել է հայ հասարակական-քաղաքական կյանքի նորությունների հերոսը։ Հավանաբար վաղաժամ է կռահել, թե ինչպիսին կլինի նրա ճակատագիրը տեսանելի ապագայում։ Բայց կան մի քանի կետեր, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել»,- այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով Բագրատ սրբազանի նախաձեռնած շարժմանը։

Մարկեդոնովն արձանագրում է, որ գործող իշխանության դեմ Բագրատ սրբազանի  ելույթները տեղի ունեցան գրեթե միաժամանակ Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցությունների հետ, որտեղ քննարկվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հեռանկարները։

«Գալստանյանի խոսքերն ու գործողությունները վկայում են այն մասին, որ Հայաստանում ոչ բոլորն են պատրաստ ընդունելու ներկայիս վարչապետի և նրա մերձավոր շրջապատի լավատեսությունը։ Նիկոլ Փաշինյանը շատ ու պատրաստակամ խոսում է «պատմական Հայաստանից» «իրական» Հայաստանին անցնելու մասին։ Բագրատ Գալստանյանը հայկական «ավանդականության» խորհրդանիշն է, որին այնքան էլ չի հարգում կառավարության ղեկավարը»,- արձանագրում է Մարկեդոնովը՝ նշելով, որ Բագրատ սրբազանը քաղաքական գործիչ չէ, հոգևորական է, որը նախկինում քաղաքական դաշտում աչքի չի ընկել։

Մարկեդոնովն իր հետևորդներին պատմում է, որ Բագրատ սրբազանին «ջրի երես հանեցին» Տավուշի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, հենց որ Բաքուն և Երևանը պայմանավորվեցին սկսել այս ուղղությամբ սահմանազատում և սահմանագծում, հայ հասարակության մեջ խմորումները վերածվեցին բողոքի:

Կարդացեք նաև

«Մայիսի 3-ին Հայաստանի ղեկավարության կողմից զիջումների հակառակորդները Կիրանցից (Երևանից 160 կմ) շարժվեցին դեպի հանրապետության մայրաքաղաք։ Իսկ մայիսի 9-ին երթը հասավ Երևան (այս օրը հասարակության մի մասի կողմից դեռ նշվում է ոչ միայն՝ որպես Հաղթանակի օր, այլև՝ որպես 1992-ին Շուշիի գրավման օր՝ չնայած Լեռնային Ղարաբաղի կորստին)»,- նշում է ռուս վերլուծաբանը:

Մարկեդոնովի խոսքով, Բագրատ Գալստանյանը հայտարարում է նոր գործողությունների մասին և սպառնում կառավարությանն անվստահություն հայտնելով։

«Բայց հաշվի առնելով խորհրդարանում ստեղծված իրավիճակը՝ Փաշինյանի հրաժարականը քիչ հավանական է թվում։ Մինչ այժմ ցույցերի առաջնորդը շեշտում էր դրանց խաղաղ, ոչ բռնի բնույթը։ Սա միշտ էլ առանձնահատուկ արժեք է ունեցել Հայաստանի համար»,- գրում է ռուս փորձագետը։

Նա իրավացիորեն նաև ընդգծում է, որ ՀՀ իշխանությունները սովորաբար ցանկացած ընդդիմադիր ելույթ պիտակավորում են՝ որպես «նախկինների» (Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների կողմնակիցների) գործողություն։

«Տեր Բագրատը կարողանում է հակադարձել իր դեմ այս հարձակումներին. «Ժողովուրդն է ստեղծել այս առասպելը, ես Ռոբերտ Քոչարյանի հետ միայն մեկ անգամ եմ հանդիպել 2001 թվականին Սևանում…»։ Գալստանյանի ղեկավարած գործողությունները հնարավոր չի լինի տեղավորել երկգույն «ռուսամետ-արևմտամետ» ձևաչափի մեջ։ «Ես կանադական անձնագիր ունեմ, որը ստացել եմ այնտեղ իմ տասը տարվա հոգևոր ծառայության ընթացքում»,- ասում է նա։ Միաժամանակ Գալստանյանը պահանջում է Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ ամենաարևմտամետ նախարարների կաբինետի անհապաղ հրաժարականը»,- գրում է Մարկեդոնովը։

Ըստ նրա, այդուհանդերձ, Ռուսաստանի դաշնակից երկրում առճակատման գիծը մի փոքր այլ կերպ է ընթանում, քան աշխարհաքաղաքական հավատարմության և բանական bandwagoning (այս տերմինն ի սկզբանե օգտագործվել է քաղաքականության մեջ և նկարագրել է իրավիճակ, երբ թույլ պետությունը միանում է ուժեղ և ավելի մեծ պետությանը, որպեսզի պաշտպանվի երրորդ պետությունից:- Ա․ Մ․) սահմանումը:

«Այստեղ ընտրությունը «պատմականության» և «ռեալիզմի» միջև է։ Եվ սա առաջին հերթին ներքին հայկական խնդիր է, ազգային-պետական ​​ինքնության սահմանում։ Եվ եթե նույնիսկ Փաշինյանի նման հետևողական ընդդիմախոսը՝ հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ և 2021 թվականի սկզբին կառավարության այլընտրանքային ղեկավարի թեկնածու Վազգեն Մանուկյանը, բաց նամակ է գրում Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին՝ կոշտ քննադատելով Մոսկվայի գործողությունները 2020-2024 թվականներին, ապա խնդիրը շատ ավելի լուրջ է, քան Նիկոլ Վովաևիչի անձնական թշնամանքը Ռուսաստանի Դաշնության ղեկավարության նկատմամբ։ Զիջումների, խաղաղության և երաշխիքների գինը, փոխզիջման սահմանները և «մեծ հայության» գաղափարների մերժման դիմաց հատուցումը. ահա Հայաստանի այսօրվա ներքին օրակարգի հիմնական հարցերի շրջանակը, որը սահուն կերպով հոսում է դեպի արտաքին քաղաքականություն»,- այսպես է եզրափակել իր անդրադարձը Բագրատ սրբազանի շարժմանը Սերգեյ Մարկեդոնովը։

Պատրաստեց՝ Արաքս Մարտիրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս