Սրիկա լինելն անձնական որոշում է
«ժամանակներն էին այդպիսին»,- ասում են այսօր նրանք, ովքեր փորձում են Անաստաս Միկոյանին ներկայացնել՝ որպես իր իսկ ժամանակի զոհ: Եթե զոհը Միկոյանն էր կամ Ստալինի շրջապատից որևէ մեկը, այդ դեպքում ովքե՞ր էին միլիոնավոր այն մարդիկ, որոնք ֆիզիկական ու բարոյական կտտանքների էին ենթարկվում, գնդակահարվում: Նրանք, ովքեր Միկոյանին ու պոլիտբյուրոյի մյուս անդամներին համարում են ժամանակի զոհեր, կհամաձայնեի՞ն մեկ ժամով գտնվել ստալինյան բանտում: Վերջերս ընթերցեցի 1939 թ. ձերբակալված Մեյերհոլդի նամակը Մոլոտովին: «Ինձ այստեղ ծեծում էին՝ հիվանդ, 65-ամյա ծերունուս: Պառկեցնում էին դեմքով գետնին, ռետինե մահակներով հարվածում էին կրունկներիս ու մեջքիս»: Ծեծում էին անվերջ, միմյանց փոխարինելով: Մահն արվեստագետի համար միակ երազանքն էր: Նա իր վրա էր վերցնում բոլոր հնարավոր հանցանքները, միայն թե իրեն րոպե առաջ գնդակահարեն: Ինչը և արեցին 1940-ին: «Համակարգն այն չէ»,- ասում են նրանք, որոնք փորձում են արդեն այսօր արդարացնել գործող, ոտքից գլուխ կոռումպացված ու անազնիվ իշխանություններին:
Սակայն կա փոքրիկ, բայց համառ մի հանգամանք, որի դերն այնքան սահմանափակ ենք պատկերացնում ժամանակների ձևավորման և համակարգերի կառուցման հարցում:
Այդ հանգամանքն ունի անուն՝ ՄԱՐԴ՝ առանց որի չեն ձևավորվում ժամանակներն ու համակարգերը: Սրիկա լինե՞լ, թե՞ չլինելը յուրաքանչյուրի ընտրությունն է: Այս դեպքում չենք դիտարկում կտտանքների ենթարկվող մարդուն, որը ցավից, նվաստացումից պատրաստ է ստորագրել ցանկացած թուղթ կամ տալ մերձավորի անունը: Կան իրավիճակներ, երբ որևէ արտաքին հանգամանք քեզ չի ստիպում սրիկա լինել, բայց այդպիսին լինելը քո ներքին պահանջն է: Եվ դու ուղղակի շնորհակալ ես Ժամանակին և համակարգին՝ քեզ հնարավորություն տալու համար լինել վերջացած սրիկա:
Ձեռքիս տակ է գրականագետ Արփիկ Ավետիսյանի հարուստ արխիվը: Արխիվում պահպանված են մեր շատ մտավորականների անտիպ նամակները՝ գրված 30-ականներին: Ընթերցում ես, և պարզ է դառնում՝ պարտադիր չէ ատրճանակ պահել գրողի քունքին և պահանջել մատնել իր գրչակցին: Շատերը մատնել են կամավոր: Կամ իրենց գրչակից ընկերներին գցել են այնպիսի իրավիճակների մեջ, որ մի քայլ՝ այսկողմ կամ այնկողմ, ձերբակալությունն էր և գնդակահարությունը:
Ստորև կներկայացնեմ այդ նամակագրությունից մի նմուշ՝ բանաստեղծ, մանկագիր, 1938-1941 և 1950-54 թթ. Խորհրդային գրողների միության քարտուղար Գուրգեն Բորյանի նամակը՝ իր գրչակիցներին.
«Ա.Իսահակյանի շուրջը պատրանք է ստեղծվել: Եվ այն ընկերները, որոնք ուզում են սրանով օգնել ընկեր Իսահակյանին, սրանով նրան արջի ծառայություն են անում: Սակայն այստեղ մոտեցման հարց կա. 20 տարի է՝ Հայաստանը խորհրդայնացվել է, իսկ Ա.Իսահակյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է խորհրդային երկրում, և մեր կուսակցությունն ուզում է, որ ինչպես մեր գրողների միության մյուս անդամները, և նույնպես ընկ. Իսահակյանը արձագանքի մեր այսօրվա կյանքին:
Մի՞թե ընկ. Իսահակյանը չի կարող մի բանաստեղծություն գրել, ասենք թե՝ մեր երեխաների մասին: Նա վարպետ է, բայց որպեսզի բանաստեղծություն գրի մեր երեխաների համար, պետք է սրա համար սիրտ ունենալ»:
Սա գրվել է 1938-ին: Իսահակյանն այս նամակն արտագրել է կարմիր թանաքով: Այն այժմ պահվում է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Իսահակյանի ֆոնդում:
Իբրև «Գրական թերթի» խմբագիր՝ Բորյանն Իսահակյանից պահանջում է թերթի համար ակնարկ գրել՝ պիոներական կյանքի թեմայով: 1938 թ. օգոստոսի 31-ին Իսահակյանը պատասխանում է Բորյանին: Նամակը տպագրվում է առաջին անգամ, բնագրից (բնագիրը ԳԱԹ-ում է, Գուրգեն Բորյանի անձնական ֆոնդում):
«Սիրելի ընկեր Գուրգեն Բորյան
Ձեր սիրալիր նամակին ավելի շուտ կարող էի պատասխանել, բայց ուզում էի որոշ բան գրել: Իմ սրտին շատ մոտ է որևէ գրությամբ արձագանքել կոմունիստական երիտասարդության տարեդարձին: Այդ ուղղությամբ խորհում եմ, բայց տակավին նյութ, սյուժե չեմ գտել: Ամիս ու կես շարունակ պիոներների զվարթ կյանքը հոսում է իմ առջևից, դիտում էի և հաճախ ներկա էի լինում խարույկներին ու հանդեսներին: Տեսակցում էի ջոկատավարների հետ, մի երկուսին կանչեցի մոտս, խոսեցրի, խնդրեցի նյութ տալ, հերոսական դեպքեր, բայց չկարողացան, չունեին: Պիոներների կենցաղը տեսնում եմ՝ առավոտից սկսած՝ մինչև նրանց քնելը, բայց դա պատմվածքի օբյեկտ չէ: Դեպքեր, հանգույցներ, ակտեր չկան, որպեսզի կենդանի մարդ հայտ բերես, հոգեբանություն տաս, վերլուծումներ անես:
Իսկ կոմերիտների կյանքին, դժբախտաբար, բնավ ծանոթ չեմ: Մնում է, որ Երևանում ընկերներն ինձ օգնեն, նյութ տան, բովանդակություն, ֆաբուլա տան: Ես նոր մարդ եմ մեր նոր իրականության մեջ, ինձ պիտի օգնեն, թեև խոստանում են որոշ ընկերներ, բայց խոստումները խոստում են մնում: Կարմիր բանակի տարեդարձին նույնը եղավ. խոստացան սյուժե տալ ու չտվին: Երևի պահում են իրենց համար: Իմ դրությունը
Պիրնոլդոյի դրամայի հերոսների հակառակ վիճակն է՝ յոթ հեղինակներ որոնում են իրենց հերոսներին, որ գրեն:
Ընկերներից նրանք, որոնք 20 կամ 10 տարիներ շարունակ ապրել են խորհրդային երկրի մեջ, ահագին պաշար ունեն նյութերի, կամ նրանք, որ եղել են պիոներ և կոմերիտ, պիտի ընդառաջեն և նյութեր տան, ինչպես կիրառվում է ուրիշ տեղեր, այլապես, ռուսների ասածի պես, մատը ծծելով՝ հնարավոր չէ իրականություն վերարտադրել: Իմ տեսած և ապրած կյանքը՝ 63 տարեկան մարդու, նախապատերազմյան շրջանը Ռուսաստանում և նրանից հետո՝ Եվրոպայում: Այդ կյանքից ինչքան ուզվի, կարող եմ տալ, բայց այժմեական արժեք չունի:
Դրա հետևանքով՝ իմ կացությունը՝ իբրև հին գրողի, նախանձելի չէ, մանավանդ մի գրողի, թող ներվի ասել ինձ, որ ուզում է իր անունը ստորագրել ոչ խալտուրային գրականության ներքո: Սիրելի ընկ. Բորյան, իմիջիայլոց, իմ՝ այստեղ կատարած աշխատանքներից դժգոհ չեմ: Վերջացրի մի պոեմ՝ «Հայրենի հող» վերնագրով, մի վիպակի սխեմա կազմեցի, որ Երևանում պիտի ձեռնարկեմ գրել, և վերջացնելու եմ մի անախորժ գործ՝ Ստենդալի «Սև և կարմիր» վեպի թարգմանության համեմատությունը բնագրի հետ:
Մոտ օրերս կվերադառնամ Երևան:
Ցավում եմ, որ ժամանակ չունեցաք Ծաղկաձոր գալու:
Ջերմագին բարևներ ընկ. Հրաչյային և Ձեզ՝ իմ և տիկ. Սոֆիկի կողմից:
Ձեր Ավետիք Իսահակյան»:



