Ստեփան Մարգարյան. «Սա շատ կարևոր ռեֆորմ է, բայց այն պետք է շատ զգույշ իրականացնել»

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի հետ

– Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է Հայաստանի համայնքները խոշորացնելու ծրագիր սկսել, որի արդյունքում գոյություն ունեցող 915 համայնքների փոխարեն` կլինի 250-300 համայնք: Ինչո՞ւ առաջացավ նման անհրաժեշտություն, ինչո՞վ գործող տեղական ինքնակառավարման համակարգը չի բավարարում պետությանը կամ իշխանությանը:

– Նախ` սկսենք այդ թվից. թե քանի համայնք կլինի այդ գործընթացի ավարտին՝ կառավարությունը դեռ հստակ չգիտի, քանի որ խոշորացման երկու մոդել է քննարկվում: Առաջինը, պայմանականորեն ասենք, շրջանային մոդելն է, որը շատ նման կլինի 1990-1995թթ. մեր ունեցած վարչատարածքային մոդելին: Այն ժամանակ մենք ունեինք շրջխորհրդի պատգամավորների կողմից ընտրված շրջխորհրդի նախագահ, ով նաև գործկոմի նախագահն էր:

Այն ժամանակ կար 37 շրջան և 21 քաղաք: Եթե մենք գնանք այսպիսի խոշորացման, ապա կունենանք ոչ թե 37, այլ 50-60 համայնք: Սա մի մոդել է, իսկ մյուսը փնջային մոդելն է, որի դեպքում մենք կունենանք 250-300 համայնք: Իհարկե, սա շատ կարևոր և բարդ ռեֆորմ է. կիրառական տեսակետից գուցե ավելի հեշտ էր շրջաններից անցում կատարել այսօրվա համայնքային կառուցվածքին, քան հակառակը՝ առանձին համայնքների միավորման արդյունքում ունենալ ավելի մեծ միավորներ: Այն ժամանակ քաղաքական ենթատեքստը պարզ էր. հրադադարը նոր էր կնքված, դժվար էր ասել՝ այն որքան կպահպանվի, և իշխանությունը ցանկանում էր գնալ հնարավորինս կենտրոնացման:

Կարդացեք նաև

Որովհետև, եթե համայնքներն անջատված են, նրանք իրենցից մեծ ուժ չեն ներկայացնում. ավելի ուժեղ է կենտրոնական իշխանությունը և այն ներկայացնող կառավարման համակարգը՝ ի դեմս մարզպետարանների: Որևէ գյուղապետի հնարավոր չէ համեմատել մարզպետի հետ, քանի որ մարզպետի հետևում կառավարությունն է, մարզպետի և մարզպետարանի միջոցով են իրականացվում ոչ համայնքային նշանակության բոլոր ծրագրերը, և գյուղապետարանն իր համեստ ֆինանսական հնարավորություններով չի կարող մրցակից լինել մարզպետարանին:

– Արդյոք այս պահին հրատա՞պ է նման ռեֆորմի անցկացումը:

– Տարեկան մենք մի քանի անգամ քննարկումներ ենք անցկացնում այս ոլորտում ներգրավված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և երբեմն նաև ավագանու անդամների կամ համայնքի ղեկավարների ենք հրավիրում: Երբեմն մենք նման հանդիպումների ենք հրավիրում փոքր համայնքների ղեկավարների, և պարզվում է, որ Հայաստանում կան համայնքներ, որտեղ տարեկան հավաքվում է ընդամենը 150-200 հազար դրամ տեղական բյուջե:

Այդ գումարը նույնիսկ գյուղապետի մեկ-երկու ամսվա աշխատավարձին հազիվ կբավականացնի, էլ ուր մնաց՝ համայնքային նշանակության ինչ-որ հարց լուծելու համար: Այդպիսի գյուղերը բյուջեից ֆինանսական համահարթեցման գծով ստանում են 3,5 միլիոն դրամ դոտացիա: Մենք գյուղապետերին ասում ենք, որ եթե ընտրվել եք՝ պետք է ներկայացնեք գյուղի զարգացման քառամյա ծրագիր: Ստացվում է աբսուրդ. երբ 200 հազար հավաքող գյուղապետը պետք է քառամյա ծրագիր ներկայացնի և կատարի: Այնպես որ՝ այս համակարգը չի կարող այլևս երկար գործել:

– Ե՞րբ կսկսվի խոշորացումը և մոտավորապես ե՞րբ է նախատեսվում այն ավարտին հասցնել:

– Կոնկրետ ժամկետներ հայտնի չեն, և այս պահին հնարավոր չէ ասել, որ այս տարի այսքան թվով համայնքներ կմիավորվեն, կամ՝ այս թվականին մենք այն կավարտենք: Նորից եմ ուզում ասել, որ սա շատ կարևոր ռեֆորմ է, բայց այն պետք է շատ զգույշ իրականացնել: Մենք փորձել ենք ուսումնասիրել այլ երկրների փորձը, և անցյալ տարի ես եղել եմ մերձբալթյան երկրներում: Լատվիայում մեզ ասացին, որ 9 տարի իրենք աշխատել են, 9 տարուց նոր ավարտել են այդ գործընթացը:

Իրենք ավելի քան 500 միավորը դարձրել էին 108: Երբ իրենց տարածքային կառավարման նախարարությունում քննարկում էինք իրենց անցկացրած ռեֆորմի արդյունքները, այն հարցը, թե՝ որքանո՞վ է այն բավարարում իրենց, ներկաներից մեկը շատ պատկերավոր շուռ տվեց իրենց քարտեզը, և այնտեղ նկարված էր 35 միավոր, և ասացին, որ արդեն սկսել են աշխատել՝ 108-ը 35 դարձնելու ուղղությամբ: Ինչո՞ւ ես չեմ կարողանում կոնկրետ ժամկետ ասել, որովհետև մեզ համար ակնհայտ է, որ այս ռեֆորմը պետք է, բայց պետք է զգույշ լինել, որովհետև եթե մենք մի սխալ բան անենք, և ժողովուրդը հիասթափվի, ապա հետո առաջ գնալն ավելի կդժվարանա:

– Բայց եթե համայնքները միավորվեն, միևնույն է՝ այդ գումարը չի մեծանալու, գյուղից հավաքվող հարկերի քանակը չի ավելանալու, պետությունն էլ ավելի շատ գումար չի հատկացնելու:

– Շատ ճիշտ է, եթե մենք քանակական ենք նայում, բնական է, որ որքան հավաքվում է, այնքան էլ պետք է հավաքվի: Բայց խոշորացման դեպքում գործում է այլ էֆեկտ. հավաքվում են որոշակի քանակությամբ համայնքներ և ունենում են ավելի մեծ բյուջե, և դրանով կարողանում են այս տարի մի բան անել, մյուս տարի՝ մեկ այլ բան: Երկրորդը, իմ անձնական կարծիքով՝ անել խոշորացում և չանել տարածքների զարգացման ծրագիր, ապա խոշորացումը շատ քիչ էֆեկտ կտա: Կառավարությունը չի կարող ամեն գյուղի համար առանձին զարգացման ծրագիր ունենալ, բայց կարող է ունենալ Թալինի զարգացման ծրագիր. ի՞նչ անել, որ Թալինի շրջանն ավելի գրավիչ դառնա տեղի բնակչության համար, ի՞նչ անել, որ այդ շրջանում գործարարության զարգացման ավելի գրավիչ պայմաններ լինեն:

– Փոքր գյուղերի բնակիչները և գյուղապետերը մտահոգություն ունեն, որ խոշորացման դեպքում իրենք ավելի անտեսված կլինեն, քանի որ համայնքապետ կընտրվի ամենամեծ համայնքի ներկայացուցիչը, և նա բյուջեի առյուծի բաժինը կծախսի հենց այդ համայնքում, որպեսզի պահպանի իր ընտրազանգվածը: Այս մտահոգությունը հիմնավոր չե՞ք համարում:

– Ճիշտն ասած՝ ես համաձայն չեմ դրա հետ: Հակառակը՝ այն գյուղերը, որոնք փոքր են, այս համակարգի դեպքում նրանց ոչ մի ապագա չի սպասվում, որովհետև եթե գյուղի հույսը բյուջեից ստացած գումարն է, այդտեղ զարգացում չի լինի: Բացի այդ՝ եթե մենք այդպես մտածենք, ուրեմն՝ 1990-95թթ. գործող համակարգն ամենավատը պետք է լիներ, մինչդեռ, իմ կարծիքով՝ դա ամենաարդյունավետ գործող համակարգն էր տեղական ինքնակառավարման տեսակետից: Որովհետև այն ժամանակ շրջաններն ինքնուրույն բյուջե էին հավաքում, ինքնուրույն ծրագիր էին ներկայացնում, շրջանն ուներ իր ընտրովի ներկայացուցչական մարմինը՝ գումարած, որ կառավարությունը վերահսկողական գործառույթներ էր իրականացնում այնքանով, որ այդ ներկայացուցչական մարմինները չընդունեին հակաօրինական որոշումներ:

– Բայց Ձեր կողմից նշված տարիներին՝ բացի շրջխորհուրդներից, յուրաքանչյուր համայնք, գյուղ ուներ իր գյուղխորհուրդն ու գյուղխորհրդի նախագահը:

– Այո՛, այն ժամանակ տեղական ինքնակառավարումը երկաստիճան էր: Եթե անկեղծ լինենք՝ իմ պատկերացրածով ապագայում այս համակարգը պետք է լինի երկաստիճան. երբ խոշորացումը իրականացվի, երբ բյուջեի եկամուտները մեծանան, որը կարող է լինել մի 10 տարի հետո, երբ տեղերում հնարավոր կլինի ավելի շատ գումար հավաքել, գուցե լինի նաև առաջին աստիճանը: Հիմա դա շատ մեծ շռայլություն կլինի:

– Գավառի Հացառատ թաղամասի բնակիչներն ուզում են առանձնանալ և առանձին համայնք դառնալ` այն պատճառաբանությամբ, որ այդ համայնքի կազմում հացառատցիների շահերը ոտնահարվում են: Չե՞ք կարծում, որ Հայաստանում ավելի շատ հակվածություն կա ապակենտրոնացման, քան հակառակը:

– Այո՛, փնջային մոդելում մենք նման խնդիր ունենալու ենք, եթե կառավարությունը գնա դրան, որովհետև փնջայինի դեպքում մենք ունենալու ենք իրար նման մի 10-15 համայնք, և գյուղերից յուրաքանչյուրն ուզելու է, որ ինքը լինի կենտրոնը: Վերջերս մենք արտագնա նիստ էինք անում Դիլիջանում, այնտեղ նախատեսվում է Դիլիջանը և հարակից 6-7 գյուղերը միավորել մի համայնքի մեջ, և այս դեպքում խնդիր չի առաջանում, թե ով է տանող ուժը: Բացի այդ՝ ամեն մի գյուղ ունենալու է իր համայնքային ներկայացուցիչը, և ավելի ճիշտ կլինի, որ գյուղի ընդհանուր ժողովը որոշի, թե ով է լինելու իրենց ներկայացուցիչը: Դա պետք է կարգավորվի օրենքով, և, ես վստահ եմ, որ չկա մի հարց, որը մենք չկարողանանք կարգավորել օրենքով:

Տեսանյութեր

Լրահոս