Բաժիններ՝

«Երևի սա «Նոր Հայաստանի» «ադաթներից» է». Քաղաքացին՝ Նորագավիթի մաքսատանը տեղի ունեցած միջադեպի մասին

Այն, որ պետական խորհրդանիշների նկատմամբ պետք է հարգանք ցուցաբերվի՝ միանշանակ է, բայց մաքսատանը դրված դրոշի նկատմամբ ի՞նչ անարգանք էր եղել, որի համար աշխատանքից մարդ ազատեցին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց Նորագավիթի մաքսատանը գտնվող քաղաքացիներից մեկը, ով չցանկացավ անունը հրապարակել՝ պատճառաբանելով.

«Գործիս բերումով՝ այստեղ հաճախ եմ լինում, աշխատակիցների հետ շփվում, տեսնում եք՝ ինչ լարված վիճակ է, չեմ ուզում աշխատողների հետ հարաբերություններ փչացնել»։

Ըստ նրա, եթե աշխատանքից ազատման դիմում գրած Հայկ Մարտիրոսյանի դիմումը ստորագրեն և նրան իսկապես ազատեն աշխատանքից, ապա ամեն ինչ կանի, որպեսզի նրան տեղավորի որևէ աշխատանքի.

«Մի անգամ գոնե հարցնեին՝ ով է, ոնց է աշխատել, նոր աշխատանքից ազատեին։ Ես այդ տղայի հետ կապ չեմ ունեցել, բայց համացանցում տեսանյութը տեսա, թե վարչապետն ինչպես էր գոռում նրա վրա, հասուն մարդ էր, հո 15 տարեկան դպրոցակա՞ն չէր, որ այդպես վարվեց։ Մեր վարչապետն ասում է՝ օրենքի երկրում ենք ապրում, բա ո՞ւր ա օրենքը, ասում էր՝ հարցերը մենք ենք լուծում, վերջ, հա՞, էլ մենք հարց չենք կարող լուծել։ Չգիտեմ, այդ դեպքն ինձ վրա շատ է ազդել, ես այդ տղայի համար մի բան պետք է անեմ»։

Կարդացեք նաև

Որոշ քաղաքացիների խոսքով էլ, եթե վարչապետն այդ նկատողությունն աներ առանձին ու հանձնարարեր դրոշը տեսանելի վայրում դնել, ապա այսքան պատմություն չէր լինի, և երիտասարդ տղան էլ գործազուրկ չէր դառնա։

«Վարչապետը բողոքում էր, թե տարածքը մաքուր չէ, եթե մի քանի հոգու գործ մեկ հոգին անի, բնականաբար, չի հասցնի, ուզում էր մաքուր լիներ, թող մի քանի աշխատող ավելացներ, 15 տարիներ շարունակ այստեղ աշխատողների թիվը չի փոխվում, չի ավելանում, բնական է, չէ՞, որ չեն հասցնի։ Կամ՝ այս հսկայական տարածքը օրը հազար ծխող տղամարդ է մտնում ու դուրս գալիս, ինչ անեն՝ օդով գնան, որ չկեղտոտե՞ն։ Հիմա էլ կարո՞ղ է ասեն, թե փնթի ազգ ենք»,- 168.am-ի զրույցում նշեց մեկ այլ քաղաքացի։

Ի դեպ, նշենք, որ քաղաքացիներից շատերը դեպքին ծանոթացել են համացանցից ու նշում են, թե չեն մտածել, որ երիտասարդ ավագ տեսուչն այդքան շուտ ազատման դիմում կգրի, քանի որ Հայաստանում այսօր աշխատանք գտնելն այդքան էլ հեշտ գործ չէ.

«Ի՞նչ ասենք, երևի սա «Նոր Հայաստանի» «ադաթներից» է։ Լավ, էստեղ որտե՞ղ խփեին էդ դրոշը, որ փոշի չլիներ, մեքենա է մտնում ու դուրս գալիս անընդհատ, չնչին բանից սարքեցին մեծ պատմություն, ու էդ տղան դարձավ գործազուրկ»:

Ի դեպ, նշենք, որ մաքսատան աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին՝ նշելով, որ մինչև իրենց վերադասը թույլ չտա, իրենք չեն կարող որևէ բան խոսել։

Մաքսատանը գտնվող քաղաքացիներից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ են, որ այդ տարածքը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կնոջը, նրանք պատասխանեցին, որ առաջին անգամ են լսում, նրանցից մեկն էլ նկատեց.

«Չնայած չեմ զարմանում, Հայաստանը հինգ հոգու համար է, մենք ճորտի նման աշխատում ենք, իրենք՝ բարիքները վայելում։ Սամվել Ալեքսանյանինը չլիներ, բա հո իմ չէ՞ր լինի, էդ մարդը լավ էլ իր ուզածով ամեն ինչ առաջ է տանում»։

Հիշեցնենք, որ Նորագավիթի մաքսատան ավագ տեսուչ Հայկ Մարտիրոսյանն աշխատանքից ազատման դիմում էր գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո, երբ վարչապետը մաքսատան նրա աշխատասենյակի անկյունում տեսել էր ՀՀ դրոշը։

Ըստ վարչապետի, նման վարվելակերպը դրոշի հանդեպ անարգանք է։

Նա Հ. Մարտիրոսյանին հրահանգել էր աշխատավարձից գումար հատկացնել, դրոշը կարգի բերել, այնուհետև աշխատանքից ազատման դիմում գրել։ Վարչապետը նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին  հանձնարարել էր աշխատանքից ազատել բոլոր այն աշխատողներին, որոնք նստել են նույն աշխատասենյակում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս