Առանց կիևյան Մայդանի՝ Հայաստանում Էլեկտրամայդան չէր լինի. Վասաձե
168.am-ի զրուցակիցն է թբիլիսյան Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն, ով այս օրերին ակտիվորեն հետևում է Երևանում, մասնավորապես՝ Բաղրամյանի պողոտայում տեղի ունեցող իրադարձություններին:
– Պարոն Վասաձե, այս չորս օրերի ընթացքում արևմտյան և ռուսական մամուլը հասցրել է Երևանում ծավալվող իրադարձությունները որակել՝ որպես «Էլեկտրամայդան», ինչը ենթադրում է, որ այս իրադարձություններն ինչ-որ կերպ ասոցիացվում են նաև Կիևի Մայդանի հետ: Մայդան-Էլեկտրամայդան համեմատությունները որքանո՞վ են տեղին:
– Իմ համոզմամբ` առանց Ուկրաինայի, առանց կիևյան Մայդանի՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Երևանում, պարզապես տեղի չէր ունենա: Եվ ոչ միայն Երևանում, այլև հետսովետական մյուս երկրներում: Ուկրաինական Մայդանը, թեև մինչ այսօր բացասական հետևանքներ է ունենում Ուկրաինայի համար, խթան դարձավ ողջ հետսովետական տարածքի համար: Թեև, օրինակ, ՀՀ ԱԺ պատգամավոր, դիվանագետ Ալիկ Արզումանյանն ասում է, որ տեղի ունեցողը բնորոշ է հայաստանյան քաղաքական համակարգին, մեծ հանրահավաքներ եղել են և կլինեն, բայց լրագրող Մարկ Գրիգորյանն էլ իր հերթին էր ընդգծել, որ անցյալի բազմամարդ հանրահավաքների տարբերությունն այս ակցիաներից այն է, որ նախկին հանրահավաքները քաղաքական կուսակցությունների կողմից էին նախաձեռնված, իսկ այս ակցիաների ժամանակ կանգնած են երիտասարդ, էներգիայով լեցուն մարդիկ` պատրաստ փոխելու իրենց ապագան:
Հետսովետական ողջ տարածքում Ուկրաինայից և Մայդանից հետո երիտասարդությունն ազդանշան ստացավ, որ կարող է փոխել իր կյանքը, ավելին՝ չեղարկել երկրում կայացվող որոշումները: Եթե նրանք ինչ-որ բանից դժգոհ են, նրանք կարող են փոխել իրենց կյանքը, ինչն էլ հիմա փորձում են անել երևանյան երիտասարդները: Բացարձակապես պարտադիր չէ, որ Էլեկտրամայդանն ավարտվի իշխանափոխությամբ, թեև որևէ մեկը դա չի կարող բացառել, ոչ մեկը չգիտի` ինչով այս ամենը կավարտվի: Կարևոր է այլ բան, կարևոր է երիտասարդության էներգետիկան ակտիվացնելը, քանի որ այդ երիտասարդությունն այսօր պայքարում է իր ապագայի համար: Իսկ դա նշանակում է, որ իր ապագան նա այլևս ոչ մեկին չի նվիրի:
– Այսինքն` Մայդանն իսկապես ուղենիշային դարձավ:
– Այո, անկասկած, Մայդանը դարձավ օրինակ, Մայդանը դարձավ կատալիզատոր, կարծում եմ, որ սա այլևս վերջինը չի լինելու: Երկրորդը՝ ինչը պակաս կարևոր չէ, այսօր առանց մադկանց, ինտերնետ սերնդի կարծիքը հաշվի առնելու՝ իշխանությունները չեն կարող կառավարել: Ինչպես էլ որ ավարտվի երևանյան մայդանը, ամեն դեպքում այս տրամադրությունները ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու հաշվի նստել հասարակական տրամադրությունների հետ: Սա հիանալի է, չէ՞ որ ռուսական պրոպագանդայի ներկայացուցիչներից որևէ այլ մեկը չի կարող ասել, որ այստեղ կա արտաքին միջամտություն, երիտասարդները պարզապես իրենց ապագան են կերտում: Ուստի այս գործոնը երկրի բոլոր կարևորագույն որոշումների կայացման հարցում գործելու է: Իշխանություններն այլևս միանձնյա որոշումներ չեն էլ ցանկանա կայացնել:
– Հայաստանի ԵՏՄ անդամակցությունը չարթնացրեց հասարակությանն այսպես: Սակայն քաղաքացիական հասարակության որակական փոփոխությունը և պայքարի փոփոխությունը գուցե նաև գաղափարական խնդիրներ դնի, այդ թվում՝ երկրի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն:
– Չեմ բացառում, ավելին՝ ՌԴ իշխանությունները, ցավոք սրտի, դարձել են իրական սիմվոլ, արգելակ հետսովետական երկրների զարգացման, ժողովրդավարականացման համար, ուստի, բնականաբար, թե ում է պատկանում ՀԷՑ-ը, կարևոր չէ, թեև այն պատկանում է «ԻՆՏԵՌ ՌԱՕ» ռուսական խմբին, բայց կարևոր է մեկ այլ հարց, ռուսաստանյան իշխանությունները դարձել են Հայաստանի զարգացման արգելակը, այնինչ Հայաստանի ներուժն ամենահզորն է հետսովետական տարածքում, իսկ զարգանալու համար Հայաստանը պետք է ինտեգրվի արևմտյան համայնքին:
Այսինքն` հասարակությունը դժգոհ է այն համակարգից, այն մթնոլորտից, ինչը Ռուսաստանն է թելադրում, որի հետևանքով էլ, ըստ էության, բարձրացան էլեկտրաէներգիայի գները Հայաստանում: