Բաժիններ՝

12-ամյա Էդուարդը օգնության կարիք ունի

asparez.am-ը գրում է. Վանաձորաբնակ Էդուարդ Աքուլյանը տասներկու տարեկան է: Ինչպես եւ իր հասակակիցներից շատերը, Էդուարդը եւս սիրում է սովորել, ֆուտբոլ խաղալ եւ այլն: Դպրոցում Էդուարդը բոլոր առարկաներն հավասարապես սովորում էր, բայց առանձնահատուկ վերաբերմունք ուներ հայոց լեզու առարկայի նկատմամբ: Երեխան, ինչպես եւ հիմա, նախկինում էլ երազանք ուներ՝ «դառնալ ֆուտբոլիստ»:

Բայց Էդուարդի կյանքում բեկումնային եղավ 2012թ-ի հուլիսի 25-ը: Այդ օրը երեխայական չարաճճիությունը ծանր հետեւանքներ ունեցավ փոքրիկի կյանքում: Ծառից վայր ընկնելով՝ Էդուարդը գլխի ծանր վնասվածքներ ստացավ եւ գանգոսկրի կոտրվածքներով տեղափոխվեց հիվանդանոց:

«Շտապ տեղափոխեցինք Երեւան, էնտեղ վիրահատեցին, տասնհինգ օր մնաց կոմայի մեջ, դրանից հետո կամաց-կամաց արթնացավ: Անցավ մի երկու շաբաթ, դուրս գրեցին»,- պատմում է երեխայի հայրը:

Վիրահատություններից հետո դեռ շատ անելիքներ կային: Երեխայի ձախ վերջույթները առհասարակ չէին շարժվում: Պահանջվեց նյարդաբանի միջամտություն: Կաթիլային ներարկումները որոշակի դրական արդյունք տվեցին: «Էրեխեն կամաց նորմալացավ, սկսեց նորմալ խոսալ, կանոնավոր սնվել»,- ավելացնում է Մարատ Աքուլյանը:

Այնուհետ սկսվեց վերականգնողական երկարատեւ բուժումը մայրաքաղաքում: Պարբերաբար՝ մեկամսյա ժամկետով, Էդուարդը վերականգնողական կուրսեր է անցնում, բայց երեխայի բուժման համար սա բավարար չէ:

«Տարվա մեջ երկու-երեք անգամ տանում ենք վերականգնողական կենտրոն, մոտավորապես մի ամիս այնտեղ ենք մնում, իր հետ ֆիզիոթերապիա են անում, ու էլի ետ ենք գալիս, դասերը տանն ենք անցկացնում, ուսուցչուհիները տուն են գալիս՝ տնային ուսուցում իրականացնելու»,- պատմում է երեխայի մայրը:

«Գլխի ոսկորն արդեն կռճիկացել է, բժիշկներն ասել են՝ շատ դժվար վիրահատություն է դա»,- հայտնեց երեխայի հայրը: Հայաստանում բժիշկները չեն ստանձնում այն կատարել՝ բարդությունը հաշվի առնելով:

Նմանատիպ վիրահատությունների համար Հայաստանում մոտ մեկ միլիոն դրամ է պահանջվում, իսկ այդ գումարը Էդուարդի հարազատները չունեն, ուր մնաց, թե մտածեն Եվրոպայում վիրահատության մասին: Այնուամենայնիվ, երեխայի ծնողները հույսը չեն կորցնում եւ հայցում են նաեւ հասարակության, կազմակերպությունների օժանդակությունը:

Էդուարդի առողջության վերականգնման համար կարեւոր է անգամ չնչին թվացող օգնությունը: Օգնել ցանկացողները դրամով փոխանցումներ կարող են կատարել Ամերիաբանկի հետեւյալ հաշվեհամարին. 157 002 003 182 01 00:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս