Հասմիկ Սևոյան. «Իմ ու կտավի հանդիպումը պետք է անսպասելի լինի»
Չշատախոսել իրական կյանքում, փոխարենը` արտահայտել խոսքդ կտավներում. այսպիսի շնորհով ոչ բոլորն են օժտված: «Նկարչությունն ապրելակերպ է ինձ համար. փոքր տարիքից ինչ ինձ հիշում եմ՝ նկարում եմգ ու նկարում եմ մինչև հիմա: Մի բան լավ գիտեմ, որ միշտ եմ ցանկացել նկարիչ դառնալ ու չեմ էլ կասկածել երբեք. սա ինձ մոտ որպես կոչում է»,- ասում է նկարչուհի Հասմիկ Սևոյանը:
Չնայած այն ժամանակներում ռուսական դպրոց հաճախելը «մոդա» էր համարվում, սակայն ծնողների շնորհիվ Հասմիկն ավարտել է հայկական Հովհ. Թումանյանի անվան դպրոցը: Արվեստասեր ընտանիքը, նաև նկատելով իրենց դստեր սերը նկարչության նկատմամբ, դպրոցական տարիների հետ զուգահեռ` ընդունել են նաև Երևանի Գեղագիտական դաստիարակության տուն, որտեղ նկարչուհին հանդիպել է իր առաջին ու միակ ուսուցչին` Էդուարդ Խարազյանին, ով դասավանդել է իրեն նաև Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում:
«Այն ժամանակ շատ էի ուզում սովորել Գեղարվեստա-թատերական ինստիտուտում, բայց երբ որ ընդունվեցի Մանկավարժական ինստիտուտ, ինձ դաս տալու եկավ Էդուարդ Խարազյանը, ու այլևս հասկացա, որ եթե նույնիսկ հարյուր հատ թատերական ինստիտուտ լիներ՝ ինստիտուտս չէի փոխի երբեք: Ես այն քչերից եմ, որ 11 տարեկանից Խարազյանի դպրոցն եմ անցել, ու չնայած այն բանին, որ այսօր կոլեգաներ ենք, մինչ օրս էլ իր դպրոցն եմ անցնում,- պատմում է նկարչուհին` ավելացնելով,- Դպրոցն ինձ համար մտածողություն է, դպրոցը պարզապես նկարել սովորեցնելը չէ: Ես փայլուն դպրոց եմ անցել, ու դա անուն ունի` Խարազյանի դպրոց, ու հպարտ եմ դրա համար: Իր հետ իմ կապը երբեք չի կտրվել. Խարազյանն իմ վարպետն է, իմ «Մաեստրոն»»:
Նկարչուհին ունի իր ստեղծած յուրահատուկ նկարչական աշխարհը, որտեղ նա նույնիսկ չգիտի, թե իր ստեղծած արվեստն «իզմ»-երի կոնկրետ որ դարակում է տեղավորվում: Նկարում է` առանց նախնական էսքիզներ անելու, առանց ձեռքն անգամ մատիտ վերցնելու: «Եթե էսքիզ եմ անում, ապա ինչ-որ բան կոտրվում է, էլ չեմ ուզում շարունակել: Եթե նախապես էսքիզ անեմ՝ էլ չեմ նկարի. իմ ու կտավի միջև կոնտակտը պետք է միանգամից լինի: Ո՞նց կսկսվի, ո՞նց կավարտվի, դա էլ չեմ կարող ասել… Իմ ու կտավի հանդիպումը պետք է անսպասելի լինի»,- ասում է նա:
Այսօր ամենուր շատախոսում են, իսկ շատախոսել նկարչուհին չի սիրում ու նախընտրում է «խոսել» կտավներում: Երազում է թռչունի պես ազատ լինել. կարևորում է ազատությունն իր գործում ու չի սիրում մարդկանց բացատրել, թե որ նկարն ինչի համար ու ինչպես նկարեց. այն, ինչի մասին պետք է բարձրաձայն ասի, նկարներում արդեն «խոսել» է: Այդ պատճառով էլ նկարչուհին վերջերս «Պաուզաների» շարքը ստեղծեց, որը 10 օր ցուցադրվեց Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում:
Փոքր-ինչ վախ կար նկարչուհու մոտ, որ ցուցադրությունը չի ընդունվի հասարակության կողմից, բայց զարմացավ, որ այն գնահատողները շատ էին, ու յուրաքանչյուրը ցուցասրահում կարծես գտավ իրեն հոգեհարազատ նկարը։ «Դադար է պետք. դրա համար էլ ես պաուզաների շարք արեցի, որ մարդ շունչ հավաքի ու մի պահ ինքն իրեն վերլուծի: Շատ-շատ են խոսում, իսկ խոսակցությունդ պիտի ինքդ քեզ հետ անես, կռիվդ ինքդ քեզ հետ պիտի տաս»,- ասում է Հասմիկ Սևոյանը:
Ինստիտուտն ավարտելուց հետո նկարչուհին ստեղծագործելուն զուգահեռ` մոտ մեկ տարի դասավանդել է Մանկավարժական համալսարանում, ապա 14 տարի` Քաղաքային «Պիոներ պալատում», դասավանդել է նաև Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում: Նկարչուհին աշխատել է նաև Հ. Մալյանի անվան թատրոնում՝ որպես զգեստների նկարիչ: Արդեն 14 տարի նա որևէ հաստատությունում չի աշխատում ու ստեղծագործում է իր արվեստանոցում:
Մինչև խաղաղություն չտիրի նկարչուհու ներսում՝ երբեք վրձինը ձեռքը չի առնի: Իսկ նկարներ ստեղծելու համար ոչ միայն խաղաղություն, ալև բարի ու լուսավոր էներգիա է հարկավոր: Բարություն, լույս, ազատություն ու խաղաղություն. այս ամենի միախառնումից են ստեղծվել Հասմիկ Սևոյանի բոլոր այն արժեքավոր գործերը, որոնք մեծ հետք պետք է թողնեն իրենից հետո։ «Շատ կարևոր է, որ ամեն մարդ իր հետևից հետք թողնի. իմ հետքն էլ նկարներս են»,- ասում է նկարչուհին: