Ինչպես է Միկոյանը փրկել Սարյանին, Իսահակյանին, Արամ Խաչատրյանին և… աշխարհը
Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու վերաբերյալ հնչած կարծիքները խիստ հակասական են: Մեծամասնությունը պնդում է, թե արձանը չպետք է տեղադրվի, քանի որ Միկոյանը հայերի համար ոչինչ չի արել և մեղավոր է հազարավոր մարդկանց մահվան մեջ: Ոմանք էլ պնդում են հակառակը՝ ասելով, որ Միկոյանը մեծ քաղաքական գործիչ է եղել, ու իրականում հայ ժողովրդի համար շատ բան է արել: Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը այն քիչ մարդկանցից է, որը համոզված է, որ Ա. Միկոյանի արձանը պետք է տեղադրվի: Մեզ հետ զրույցում քանդակագործը պատմեց, որ տարիներ առաջ Մոսկվայում ինքը պետք է պատրաստեր Ա. Միկոյանի արձանը. «Երբ Մարզահամերգային համալիրի շենքը արդեն վերջացնում էինք (մնացել էր 2-3 ամսվա աշխատանք), այն ժամանակվա իդեալոգիայի կենտրոնի ղեկավար Կառլենը Դալլաքյանն ինձ ասաց, որ ես ու ճարտարապետ Արթուր Թարխանյանը գնանք Մոսկվա՝ Միկոյանի կիսանդրին պատրաստելու: Ես ասացի. «Խնդրում եմ՝ ժամանակ տվեք միչև համալիրը վերջացնենք, նոր գնանք»: Ասացի՝ «դուք զանգահարեք Մոսկվա, ասեք, որ մենք կգանք»: Մոռացել էր զանգահարել: Երբ ավարտեցինք համալիրը, ես ու Արթուրը գնացինք Մոսկվա, տեսանք, որ այնտեղ նրանք, ինչ-որ առումով նաև վիրավորված, որ մենք չենք ուզում անել, տվել էին ռուսներին, որ անեն: Այդ երկու ամիսների ընթացքում ես շատ անգամ թերթեցի նրա կենսագրականը: Ինչ որ խոսում են՝ այդպես չէ: Նա պետական հզոր մարդ է եղել, մեծ քաղաքական գործիչ: Շատ դեպքերում ասում են, որ Միկոյանը չի օգնել հայ ժողովրդին: Բայց արդյո՞ք մենք նեղ չենք մտածում: Նա շատ բան է արել հայերի համար, բայց դա արել է տողատակերի, լուսանցքի տակ, որ ոչ ոք չզգա, որովհետև այն ժամանակ շատ դժվար է եղել: Անդրկուլիսյան խարդավանքները ահավոր են եղել»:
Ըստ Ֆ. Առաքելյանի՝ Ա. Միկոյանը ունեցել է շատ սուր միտք ու օգնել է հայերին ոչ ուղղակիորեն. «Նա իր մոտ է կանչում այդ ժամանակվա Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Արծրունիչ Հարությունյանին, որը ղեկավարել է 17 տարի: Այդ ժամանակ այնպիսի ծանր իրավիճակներ են լինում, որ գյուղերում սկսում են քանդել եկեղեցիները: Միկոյանը նրան կանչում է իր մոտ, ասում է՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես քանդում: Գնա դրանք պահեստ շինիր: Եվ Գյումրիի այդ բոլոր եկեղեցիները, որ փրկվել են, դրանք փրկվել են, քանի որ պահեստ են սարքվել: Շատ ճկուն ուղեղի տեր է եղել»:
Քանդակագործի կարծիքով՝ Միկոյանը կառուցում էր պետություն, երկիր, ի՞նչ կարևոր է՝ որքան է ծառայել Հայաստանին. «Նա համամարդկային էր մտածում: Չնայած շատ բան է արել: Նա փրկել է Սարյանին, Ավետիք Իսահակյանին»:
Ֆ. Առաքելյանը պատմում է, որ եղել է ժամանակ, երբ Արամ Խաչատրյանի «գլխին ամպրոպ է կախված եղել», որովհետև նա գրել է «Սպարտակ» բալետը ու նրան այդ դրությունից Միկոյանն է հանել. «Այդ տարիներին մտածում էին, որ պետք է առաջ գնա սոցիալիզմը: Սոցիալիստական մարդկանց թողած՝ ի՞նչ «Սպարտակ»: Արամ Խաչատրյանը շատ ծանր դրության մեջ է ընկած եղել: Խորհրդացությունից առաջ Միկոյանն իր մոտ է կանչել կուլտուրայի նախարարին, ասել է, որ այդ խորհրդակցության ժամանակ նա կկրկնի Լենինի խոսքեր՝ «Սպարտակը ռեվոլյուցիայի սիմվոլն է»: Այդպես փրկվում է Արամ Խաչատրյանը»,- պատմում է քանդակագործը:
Նա նշեց, որ ինքն ու Կարեն Դեմիրճյանը շատ մոտ ընկերներ են եղել և ինքը մի օր հարցրել է Կ. Դեմիրճյանին. «Այդ սմետանները, որ թանկանում էին, դուք ո՞նց էիք անում»: Դեմիրճյանը՝ թե՝ «Կոսիգինի (Ալեքսեյ Նիկոլաևիչ Կոսիգին) միջոցով»: Կոսիգինը եղել է Խորհրդային Միության վարչապետը. «Նա շատ լուրջ մարդ էր, և շատ էր սիրում հայ ժողովրդին: Իսկ ի՞նչն էր այդ լավ վերաբերմունքի պատճառը: Ժամանակին, երբ Կոսիգինը Լենինգրադից գալիս է Մոսկվա, շատ գեղեցիկ է աշխատում: Ամպրոպներ են կախվում Կոսիգինի գլխին:
Միկոյանը զգում է, որ այս հրաշալի տղուն ուզում են վերացնել: Իր մոտ է կանչում Կոսիգինին, ասում է՝ ինչ ասեմ, կհամաձայնես. Խորհրդակցությունը եղել է սիբիրյան խնդիրների վերաբերյալ: Սիբիրը շատ ծանր դրության մեջ է եղել պատերազմից հետո: Միկոյանը ձայն է խնդրում, ասում է՝ ընկերներ, լավ կլինի, մեր ներկայացուցիչն այնտեղ լինի Ալեքսեյ Կոսիգինը: Կոսիգինը տալիս է իր համաձայնությունը և գնում է Սիբիր: Սիբիրից ավելի լավ փառքով հետ է գալիս: Բայց գնում է, այդ ամբողջ մթնոլորտը հանգստանում է, սառում է: Բայց Կոսիգինը հետագայում զգում է, թե ինչ արեց հայը՝ փրկեց իրեն: Իսկ Միկոյանը դա արել է, որովհետև Գասիլինը լավ աշխատող է եղել: Ու դա է պատճառը, որ Կոսիգինը հայերի նկատմամաբ այդքան լավ էր»:
Խոսելով Ա. Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ հասարակության ընդվզման մասին՝ Ֆ. Առաքելյանը նշեց, որ այս ժողովուրդը ոչինչ չի ընդունում, ոչինչ չի սիրում. «Միշտ վատն է ման գալիս: Այն օրը ազգագրագետ Հարնուշ Խառատյանը սարսափելի խոսեց Միկոյանի մասին: Նա շատ վատ խոսում էր նաև Տիգրան Մեծի մասին: Նա շատ վատ խոսեց հայ ամենասուրբ կաթողիկոս Վազգեն Առաջինի մասին: Նա վատ խոսեց Նժդեհի մասին, Անդրանիկի մասին: Կան մարդիկ, որոնք միշտ վատն են ուզում տեսնել: Ենթադրենք, Անդրանիկն ինչ-որ մի տեղ սխալ է թույլ տվել, բայց սուրբ է, նա իր կյանքը նվիրել է հայ ժողովրդին: Հրանուշ Խառատյանը ագրեսոր անվանեց Տիգրան Մեծին, բայց ի՞նչ ագրեսոր, նա նվաճեց, որ մեզ չնվաճեն: Այ այդպիսի տեսակներ կան մեր ժողովրդի մեջ»:
Քանդակագործը նկատեց, որ աշխարհում մարդիկ, երբ իրենց ազգի մեջ որևէ կերպար են ունենում՝ ավելի են մեծացնում, իսկ մենք մեր մեծերին «քցում ենք»:
Այն դիտարկմանը, թե հասարակության մեծ մասը չի ընդունում, որ Անաստաս Միկոյանը «մեծ» է եղել, Ֆ. Առաքելյանն ասաց. «Դե ես հիմա մի բան կասեմ. աշխարհը 20-րդ դարում Միկոյանի նման մեծ չի ունեցել: Նա միակ մարդն էր, որ կարողացավ Երրորդ համաշխարհային պատերազմի դեմն առնել: Կարիբյան ծովի ճգնաժամը սարսափելի բան էր: Սկսում էր միջուկային պատերազմ, ամբողջ աշխարհն էր քարացել:
Միայն Միկոյանը կարողացավ լեզու գտնել: Իհարկե, Քենեդին օգնեց իրեն, որովհետև նա ամերիկյան նախագահների՝ 20-րդ դարի 2-րդ հումանիստն էր՝ Ֆրանկլին Ռուզվելտից հետո: Բայց սարսափելի դժվար էր նաև համոզել Ֆիդել Կաստրոյին: Բայց Միկոյանը կարողացավ անել, և աշխարհը փրկեց»: