Արմեն Ալավերդյան. Ձև չունենք ապահովելու այն ցուցանիշը, ինչ անցած տարի էր
2013 թվականի արդյունքներով պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են ՀՆԱ-ի 25.1%-ը՝ նախորդ տարվա 23.7%-ի դիմաց, իսկ հարկային եկամուտները՝ ՀՆԱ-ի 23.5%-ը նախորդ տարվա 22%-ի դիմաց: Նախորդ տարվա նկատմամբ պետական բյուջեի եկամուտների անվանական աճը կազմել է 13.2%, իսկ հարկային եկամուտներինը` 14%: Ինչպես այսօր ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, տարեկան 0.4%-ի աճ էր նախատեսված, բայց փաստացին զգալիորեն գերազանցել է այդ աճը:
ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի ծախսերի ցուցանիշը 2013 թ-ի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1.6%-ային կետով՝ կազմելով 26.8%: Ընթացիկ ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 23.8%-ը նախորդ տարվա 21.9%-ի դիմաց, իսկ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 3%-ը` նախորդ տարվա 3.3%-ի դիմաց: Ընդ որում, նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ ծախսերն աճել են 16%-ով՝ պայմանավորված հիմնականում այլ ծախսերի, աշխատավարձի և ապրանքների ու ծառայությունների գծով ծախսերի աճով:
«Տարվա ընթացքում բոլոր հիմքերը կային այս աճն ապահովելու համար: Կառուցվածքային առումով այս եկամուտն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Ըստ նրա՝ 472 խոշոր հարկ վճարող կա, որոնք ապահովել են բյուջեի եկամուտների 51.7%-ը, իսկ առաջին 1000 խոշորները՝ 72%-ը, այսինքն՝ հարկային բեռը հիմնականում ընկած է միջինից մեծ ընկերությունների վրա: Սակայն, Ալավերդյանը հայտարարեց, որ անցած տարվա մուտքերի բարձր ցուցանիշն այս տարի ապահովել չի հաջողվի:
«Աա՜, իսկ ինչի՞ չի լինի: Խնդիր կա՝ ինչքան ենք ավելացնում: Այս տարի ո՞ր հարկատեսակների մասով մտահոգություն ունեք: Անցած տարի արտակարգ կատարված է բյուջեի եկամտային մասը: Այս տարի ո՞ր մասով մտահոգություն ունեք»,- հետաքրքրվեց Վարդան Այվազյանը:
«Այս տարի հարկեր/ՀՆԱ ցուցանիշի աճը, որ ունեցանք անցած տարի, չենք ունենալու: Երկրորդ կիսամյակի տնտեսական ճյուղերի աճը հարկերի վրա թողնում է իր ազդեցությունը միայն հաջորդ տարվա առաջին կիսամյակում: Եթե անցած տարվա վերջին արդյունաբերական ընկերություններն ունեցել են աճ, ապա պետք է ապահովեն այս տարվա առաջին եռամսյակ-կիսամյակում: Այս տարի ակնկալիքները չեն արդարացել, որովհետև անցած տարի վերջին մի շարք ապրանքների՝ պղնձի, մոլիբդենի, գների միջազգային անկում եղավ, և դա ազդում է մուտքերի վրա»,- հայտարարեց Ալավերդյանը:
Ընդ որում, ըստ նրա, հանքարդյունաբերությունն այնքան մեծ ազդեցություն ունի մուտքերի վրա, որ եթե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» խնդիր է ունենում, ապա մյուս շրջանառության հարկ վճարողները միասին միայն այդ նվազման չափով են հարկ վճարում. «Ձև չունենք ապահովելու այն ցուցանիշը, ինչ անցած տարի էր: Թե որքան կլինի հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը՝ կախված է ՀՆԱ աճից»:
Փոխնախարարը հույս հայտնեց, որ տնտեսության աճը կավելանա և արժեքաստեղծ ճյուղերում հաջողություններ կլինեն:
«Մենք շատ լավ հասկանում ենք, որ ՊԵԿ-ը պետք եղածից լավ է աշխատել: Հա~, կոշկակարի դանակի մասին եմ ասում»,- նկատեց Վ.Այվազյանը: