Չսպանենք մեր երեխաներին
Այսօր հունիսի 1-ն է` Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Ինչպես բոլոր տոնական օրերը, դա ևս հատկապես վերջին տարիներին մենք նշում ենք մեծ շուքով: Բոլոր պաշտոնյաները լալահառաչ տեքստերով ուղերձներ են հղում երեխաներին:
Երեխաները, բնականաբար, չեն կարդում դրանք, չեն կարդում, ու երեխաներին այդ ուղերձները չեն բացատրում նաև ծնողները, որովհետև ցանկացած ծնող երեխային սովորեցնում է, որ չի կարելի ստել: Իսկ պաշտոնյաների բոլոր ուղերձները, այդ թվում` հունիսի 1-ին հղվող, ավելի շատ սուտ, կեղծիք են պարունակում, քան ճշմարտություն:
Որովհետև բոլոր այդ ուղերձներում նշվում է, որ երեխաները մեր, Հայաստանի Հանրապետության ապագան են ու երկրի տերը, որ նրանցից է կախված պետության բարօրությունը, և այլն: Այդ տեքստերում նաև կարևորվում է կրթության, լավ սովորելու դերն ապագա նախագահների, վարչապետների, պատգամավորների ու երկրի մյուս «տերերի» համար:
Իրականում, սակայն, բոլորս, այդ ուղերձների հեղինակների գլխավորությամբ, անում ենք ճիշտ հակառակը: Մենք կյանքում խաբում ենք բոլոր նրանց, ում կողմից հաջողացնում ենք չխաբվել, նախանձում ենք բոլոր նրանց, ովքեր մեզանից ավելի ճարպիկ են գտնվել ու կարողացել են խաբել ավելի շատերին, քան մենք: Չարանում ենք բոլոր նրանց հանդեպ, ում բախտը բերել է ու երեխային «տեղավորել» է որևէ պետական հիմնարկում` կաշառակեր պաշտոնյա աշխատելու, մենք ծափահարում ենք պաշտոնյային քծնող դպրոցականին` նվաստացուցիչ բանաստեղծություն արտասանելու համար:
Մենք երեխաների համար գնում ենք բուհական դիպլոմներ ու թեկնածուական ատենախոսություններ: Մեր երեխաների` մեր կարծիքով` բարօրության համար անում ենք այն ամենը, ինչը հակացուցված է երեխաներին: Ինչը ոչ միայն չպետք է օրինակ ծառայի մեր օրինակին հետևող երեխաների համար, այլև պետք է ներկայացվի` որպես դատապարտելի, որպես ամենամեծ «չի կարելի»:
Մենք հանդուրժում ենք այն պետությունը, որտեղ մարդու հետ վարվում են ամենաստորացուցիչ կերպով, բայց երեխաներին պատգամում ենք «լավ մարդ դառնալ»: Իրականում կարևորելով, որպեսզի մեր երեխաները լավ սովորեն միայն բազմապատկման աղյուսակը: Լավ ապրելու համար փողերը հաշվելու նպատակով:
Հայերս սիրում ենք հպարտանալ, որ մենք ամենաերեխայասեր ազգն ենք: Իրականում դա անհեթեթություն է, քանի որ չկան ավելի կամ պակաս երեխայասեր ժողովուրդներ, բոլոր մարդիկ` անկախ ազգությունից, կրոնական ու ռասայական պատկանելությունից, սիրում են իրենց երեխաներին այնպես, ինչպես, մեզ թվում է` սիրում ենք միայն մենք:
Ու բոլոր ազգերի ներկայացուցիչները ցանկանում են պաշտպանել իրենց երեխաներին այնպես, ինչպես մենք: Դրա համար էլ աշխարհում նշում են Երեխաների պաշտպանության օրը:
Սակայն, եթե մենք իսկապես այդքան աննախադեպ ենք սիրում մեր երեխաներին ու անկեղծորեն ցանկանում ենք նրանց համար ապահովել բարեկեցիկ, արժանապատիվ ապագա, ապա նրանց պետք է պաշտպանենք, առաջին հերթին, մեզանից:
Մեր փոքրոգությունից: Մեր եսասիրությունից ու եսասիրությունը երեխաների միջոցով արտահայտելու ու ինքնահաստատվելու հիվանդագին մոլուցքից:
Միջոցների մեջ խտրություն չդնելով` մեր երեխաների համար «լավ կյանք» ապահովելու մեր մարմաջից:
Պետք է պաշտպանենք` գիտակցելով, որ այդպիսով մենք սպանում ենք մեր երեխաներին, նրանց միջի մարդուն: Աստված պահպանի աշխարհի բոլոր մանուկներին: