Հայ Ավետարանչական եկեղեցին ոչ պիտանի մանկական սնունդ է ներկրել և բաժանել անապահով ընտանիքներին
Մայիսի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում նշել էր, թե մայիսի 14-ին Բագրատաշենի սահմանային հսկիչ կետով ԱՄՆ-ից բարեգործական նպատակներով փորձ է արվել ներմուծել «SIMILAC» ապրանքանիշի 2787,84 կգ սոյայի հիմքով մանկական սնունդ (խմբաքանակի համար՝ 36234RE, պիտանի է մինչև 01.07.2015թ.), որը մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և խմորասնկեր ցուցանիշների մասով չի համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի մարտի 10-ի N06-Ն հրամանով հաստատված մանկական սննդամթերքի սննդային արժեքին և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներին, ուստի մանկական սննդի ներմուծումը չի թույլատրվել:
168.am-ը դիմեց «Բեյբի Սիմ» ընկերությանը, որը հանդիսանում է Եվրոպայից «SIMILAC» ապրանքանիշի մանկական կաթնային խառնուրդի պաշտոնատար ներկրողը Հայաստանում: Պարզվեց, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրությունն ամենևին էլ իրենց չի վերաբերում, և իրենց կողմից ներկրված մանկական կաթնային խառնուրդը համապատասխանում է թույլատրելի բոլոր չափումներին:
«Մեզ օրական 200-300 ծնող է զանգահարում և ուզում են տեղեկանալ «SIMILAC»-ի այդ հաղորդագրության մասին, ու մենք բացատրում ենք, որ դա մեր ներկրածը չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Բեյբի Սիմ» ՍՊԸ-ի կոմերցիոն ղեկավար Դավիթ Ղուկասյանը:
Դ. Ղուկասյանը պարզաբանեց, որ իրենք ներկրում են ոչ թե իզոմիլ՝ սոյայի հիմքով խառնուրդ, որը կաթ չի պարունակում, այլ կաթնային խառնուրդ: Սոյայի հիմքով խառնուրդն ԱՄՆ-ից ներկրում է Հայ Ավետարանչական եկեղեցին, և այն բաժանվում է անապահով ընտանիքներին՝ Գյումիում կամ Արցախում.
«Խնդիրը նրանում է, որ նրանք (Հայ Ավետարանչական եկեղեցին) չեն պահպանում ջերմային ռեժիմը, այսինքն՝ ԱՄՆ-ից բերում են կոնտեյներով, որտեղ ջերմությունը խախտվում է: Ցանկացած մանկական սնունդ ունի նորմ՝ 0-25 աստիճանի, 75 տոկոս օդի հարաբերական խոնավության պայմաններում: Իրենք դա խախտում են: Մենք բազմաթիվ անգամներ դիմել ենք իրենց և խնդրել ու առաջարկել ենք, որպեսզի հրաժարվեն այդպիսի պայմաններում ներմուծել, կամ՝ իրենք ներմուծեն «ռեֆրեջերատոր» ռեժիմով, կամ՝ մենք իրենց համար ներմուծենք եվրոպական արտադրանքի «SIMILAC», որի ներկայացուցիչը մենք ենք: Մենք ստացանք բացասական պատասխան: Մենք, մեզ ապահովագրելու համար, դիմեցինք մեր գլխամասին՝ «Abbupp» կազմակերպությանը, որտեղ արտադրվում է ապրանքը: Իրենք անցկացրեցին հետաքննություն, որպեսզի հայկական շուկա խախտված ապրանք ներս չմտնի: Իրենք դիմել են Սննդի անվտանգության ծառայություն, և սահմանի մոտ տվյալ սոյան՝ իզոմիլը, փորձարկման է ենթարկվել: Եվ քանի որ ջերմությունը խախտված է եղել, մանրէաբանական անալիզը չի համապատասխանել, ապրանք չեն թողել ներմուծել Հայաստանի Հանրապետություն»:
Եվ քանի որ «Բեյբի Սիմ» ընկերությունն է Հայաստանում հանդիսանում Եվրոպայից «SIMILAC» ապրանքանիշի մանկական կաթնային խառնուրդի պաշտոնատար ներկրողը, ըստ Դ. Ղուկասյանի՝ բոլորը զանգում են իրենց ու ուզում են պատասխան ստանալ.
«Օրինակ, եթե դուք ձեր բալիկին տաք «SIMILAC» և կարդաք «SIMILAC»-ի մասին, որտեղ նշված չէ, որ «Բեյբի սիմ»-ը չի բերել, այլ Հայ Ավետարանչական եկեղեցին, ի՞նչ կմտածեք: Առաջին հերթին՝ կզանգեք տվյալ կազմակերպություն՝ իմանալու համար՝ ինչո՞ւմն է խնդիրը: Օրական երևի մի 300 հոգի զանգում են, ու մենք նրանց բացատրում ենք, որ դա մեր ներկրածը չէ: Ու մեր միջնորդությամբ է, որ տվյալ բեռը կասեցվել է, որովետև մենք մեր վարկանիշի մասին մտածելով՝ դիմել ենք, որ տվյալ ապրանքը ստուգվի: Մենք ոչ մի խնդիր չունենք: Մենք Հայ Ավետարանչական եկեղեցուն առաջարկել ենք, բայց նրանք մեզ մերժել են, ու մինչև հիմա ներմուծում են էժան ճանապարհով»,- մեզ հետ զրույցում ասաց նա:
Հարցին, թե՝ այս ամենից հետո չե՞ք դիմել Հայ Ավետարանչական եկեղեցուն, Դ. Ղուկասյանը պատասխանեց. «Հիմա զանգում ենք, չեն պատասխանում, իրենք, կոպիտ ասած, ամբողջ միջավայրն աղտոտեցին ու մեզ մենակ թողեցին: Հիմա մենք չգիտենք՝ ինչ պատասխանենք»: