Գյումրիում և Վանաձորում ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագիր է իրականացվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով:
Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է «Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլը, որի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ:

Նախատեսվում է, որ ծրագրի 1-ին եւ 2-րդ փուլերի իրականացման արդյունքում շուրջօրյա, որակյալ ջրամատակարարմամբ կապահովվի Գյումրի քաղաքի մոտ 60, Վանաձորի՝ 80 տոկոսը, ինչպես նաեւ Շիրակի մարզի Մարալիկ, Ախուրյան, Ազատան եւ Լոռու մարզի Լեռնապատ, Դարպաս եւ Շահումյանավան համայնքները: Ծրագրի երրորդ փուլը կմեկնարկի 2015 թվականից, որի իրականացումը թույլ կտա Գյումրին ու Վանաձորն ամբողջությամբ, ինչպես նաեւ Շիրակի մարզի եւս 14 համայնք եւ «Լոռի- ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում գտնվող բոլոր համայնքներն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ: «Շիրակի- ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման գոտում գտնվող մյուս համայնքներում ջրամատակարարման տեւողությունը կավելանա 6-7 ժամով:

Փոխվարչապետը Գյումրիում եւ Վանաձորում, մարզպետների եւ քաղաքապետների ուղեկցությամբ, շրջայց կատարեց այն թաղամասերում, որտեղ ներկայումս իրականացվում են ջրամատակարարման ցանցի վերականգնման, տնային միացումների աշխատանքներ: Ծրագրի պատասխանատուները զեկուցեցին, որ ներկայումս արդեն իրականացվել է երկրորդ փուլով նախատեսված աշխատանքների շուրջ 65 տոկոսը, եւ սահմանված ժամկետներում դրանք ավարտին կհասցվեն:

Համայնքների ղեկավարները փոխվարչապետին ներկայացրեցին ծրագրի իրականացման հետ կապված իրենց նկատառումներն ու մտահոգությունները, որոնք մասնավորապես վերաբերում էին աշխատանքների իրականացումից հետո փողոցների բարեկարգմանը, շինարարական աշխատանքների տեմպերին եւ որակին:

Քննարկումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ շինարարական ընկերությունների ուշադրության կենտրոնում կլինի նաեւ փողոցների բարեկարգման խնդիրը: Ինչ վերաբերում է աշխատանքների տեմպերին, պատասխանատուները տեղեկացրեցին, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշ նախագծային լուծումներ կվերջնականացվեն , որից հետո շինարարությունն ավելի լայն թափով կիրականացվի:

Փոխվարչապետը շինարարական կազմակերպություններին եւ պատասխանատուներին առաջարկեց աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի բնակիչներին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցվեն: Տեղական իշխանությունների ներկայացուցիչներին նա հորդորեց հնարավորինս աջակցել շինարարական ընկերություններին՝ ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ կարգով լուծում տալու համար:

Փոխվարչապետն ընդգծեց, որ ծրագիրը գտնվելու է իր անմիջական ուշադրության կենտրոնում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուները պարբերական այցելությունների միջոցով տեղերում կհետեւեն աշխատանքների ընթացքին:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս