
Ալմաթին կդառնա Եվրասիական տնտեսական միության ֆինանսական կենտրոնը. Նազարբաև

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Ալմաթին ներկայումս դիտարկվում է որպես Եվրասիական տնտեսական միության ֆինանսական կենտրոն:
Այս մասին նա այսօր հայտարարել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում. «Առաջարկում եմ չսպասել միասնական ֆինանսական կարգավորիչի ստեղծմանը և ձեռնամուխ լինել Ալմաթին որպես Եվրասիական տնտեսական միության ֆինանսական կենտրոն դիտարկելուն»:
Դրա հետ կապված՝ Նազարբաևը հիշեցրել է, որ ձեռքբերված պայմանավորվածություններին համապատասխան, Ալմաթիում է գտնվելու Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկաների կարգավորման վերազգային մարմինը.
«Մենք պայմանավորվել ենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գտնվելու է Մոսկվայում և հանդիսանա Եվրասիական միության տնտեսական կենտրոն: Մինսկում կգտնվի Եվրասիական դատարանը, այստեղ կկենտրոնացվեն մեր միության աշխատանքի իրավական ասպեկտների լուծման հարցերը»:
Նազարբաևն ընդգծել է, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրն ուղղված է յուրաքանչյուր կողմի կենսամակարդակի ու բարեկեցության մակարդակի բարձրացման առաջադրանքը լուծելուն: