Բաժիններ՝

Որքան գումար են ծախսել նախարարությունները հեռախոսազանգերի վրա

«168 Ժամը» ՀՀ բոլոր նախարարություններին գրավոր հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե որքան գումար են վերջիններս ծախսել 2013թ. ընթացքում հեռախոսային խոսակցությունների վրա:

Թվով 18 նախարարությունից առայժմ ստացել ենք յոթի պատասխանները, որը ներկայացնում ենք ստորև: Նշենք, ՀՀ ֆինանսների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի, Տարածքային կառավարման, ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արտակարգ իրավիճակների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությունից ստացված պատասխաններից պարզ դարձավ, որ ամենաշա գումար ծախսել են Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ 52 մլն 505.74 դրամ (այն ներառում է հեռախոս, ինտերնետ, բջջային և կապի այլ միջոցների գումարը) և Առողջապահության նախարարությունը՝ 21 մլն 040.615 դրամ:

ՀՀ ֆինանսների նախարարության ապարատի հեռախոսային կապի ծառայությունների համար ծախսված գումարների մասին տեղեկանքի համաձայն՝ 2013թ. ընթացքում նախարարությունը հեռախոսակապի ծառայության համար վճարել է 14 մլն 294.975 դրամ: Ըստ տեղեկանքի՝ 2013թ. հունվար ամսին կապի ծառայության վճարը կազմել է 1մլն 055.511, փետրվարին՝ 1 մլն 152.900, մարտին՝ 1 մլն 342.373, ապրիլին՝ 1 մլն 322.007, մայիսին՝ 1 մլն 293.042, հունիսին՝ 1մլն 332.845, հուլիսին՝ 1 մլն 295.652, օգոստոսին՝ 1 մլն 470.016, սեպտեմբերին՝ 1մլն 414.132, հոկտեմբերին՝ 1 մլն 306.790, նոյեմբերին՝ 853.006, դեկտեմբերին՝ 456.701: Ի պատասխան մեր հարցմանը` Ֆինանսների նախարարությունից հայտնել էին նաև, որ 2014թ. հունվար և փետրվար ամիսներին նախարարության հեռախոսային կապի ծառայությունների գումարն ընդհանուր առմամբ կազմել է 780.304 դրամ, համապատասխանաբար՝ հունվարին 391.326 դրամ, իսկ փետրվարին՝ 388.978 դրամ: Ըստ նախարարության տեղեկանքի՝ մարտ ամսվա գումարի չափը տեղեկատվությունը տրամադրելու պահին չէր ստացվել:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ 2013թ. վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը կազմում է 4 մլն 980.629 դրամ: Հունվար ամսին վճարման ենթակա գումարի չափը կազմել է 291 804 դրամ, փետրվարին՝ 66 7540, մարտին՝ 377 574, ապրիլին՝ 408 074, մայիսին՝ 304 501, հունիսին՝ 412 027, հուլիսին՝ 423 994, օգոստոսին՝ 220 509, սեպտեմբերին՝ 329 858, հոկտեմբերին՝ 325 433, նոյեմբերին՝ 846 281 (ներառյալ ՀՀ աշխ.պետ.տեսչության վճարը), դեկտեմբերին՝ 373 034 դրամ:

Կարդացեք նաև

Ըստ նախարարության տվյալների՝ 2014թ. հունվար և փետրվար ամիսներին վճարման ենթակա հեռախոսակապի գումարը կազմել է 1 մլն 056.599 դրամ (ներառյալՀՀ աշխատանքի պետական տեսչության վճարը):

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ի պատասխան` մեր հարցման հայտնել են, որ նախարարությունը 2013 թ. ընթացքում հեռախոսային խոսակցությունների վրա ծախսել է 10 մլն 218.457 դրամ, իսկ 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին` 1 մլն 332.909 դրամ: «2014 թվականի մարտ ամսվա հեռախոսային խոսակցությունների վրա ծախսված գումարի վերաբերյալ տեղեկատվություն չենք կարող ներկայացնել, քանի որ տվյալ ամսվա հաշիվները նախարարություն դեռ չեն ներկայացվել»,- նշված է նախարարության գրավոր պատասխանում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի նամակում ասված է. «ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը հեռախոսային խոսակցությունների վրա 2013 թ. մեկ ամսում միջինը ծախսել է 311,4 հազար դրամ գումար, իսկ 2014 թ. առաջին եռամսյակում` միջինը 279,2 հազար ՀՀ դրամ»: Պատասխանում չի նշվել՝ որքան գումար է ընդհանուր առմամբ ծախսվել հեռախոսային խոսակցությունների վրա:

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարն ի պատասխան մեր գրավոր հարցման տեղեկացրել է, որ նախարարության կողմից հեռախոսային խոսակցությունների համար 2013թ. ծախսվել է 21 մլն 040.615 դրամ, իսկ 2014թ. հունվար-մարտ ամիսներին՝ 2.939.483 դրամ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը չի պատասխանել մեր կողմից ուղարկված գրավոր հարցմանը: «Ի պատասխան Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից հեռախոսային խոսակցությունների համար ծախսված գումարների վերաբերյալ Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ նշված ծախսերը չեն գերազանցել ՀՀ պետական բյուջեով հատկացված գումարները, որոնց հաշվարկման հիմքը ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 30-ի 1956-Ն որոշմամբ հաստատված նորմաներն են»,- նշված է աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մ. Անանյանի պատասխանում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Հ. Հակոբյանն ի պատասխան մեր հարցման հայտնել է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կապի ծառայություններ՝ հեռախոս, ինտերնետ, բջջային և կապի այլ միջոցների գծով 2013թ. ծախսվել է 52 մլն 505.74 դրամ, իսկ 2014թ. հունվար-մարտ ամիսներին` 12 մլն 078.82 դրամ»:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավարը մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է. «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից 2013թ. և 2014թ. հունվար-մարտ ամիսների ժամանակահատվածում հեռախոսային խոսակցությունների համար ծախսված գումարների չափի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր գրության առնչությամբ հայտնում եմ, որ համաձայն ՀՀ պաշտպանության նախարարի 2011թ. համապատասխան հրամանով հաստատված «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» պահանջների՝ Ձեր կողմից պահանջվող տեղեկատվությունը համարվում է «Հույժ գաղտնի» տեղեկություն»:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ համաձայն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի՝ ՀՀ կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի N 350 որոշմամբ սահմանված կարգով տեղեկատվության գաղտնիության աստիճանը և բնույթը որոշելու իրավասությունը վերապահվում է տվյալ պետական մարմնի պաշտոնատար անձանց:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի (Տեղեկատվության ազատության սահմանափակումները) 1-ին մասի 1-ին ենթակետի պահանջներով, հայտնում եմ, որ Ձեր խնդրանքը բավարարել չենք կարող՝ հաշվի առնելով տեղեկատվության կարևորության բնույթը»:

Հ.Գ. Մյուս նախարարություններին կանդրադառնանք՝ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս