Երկու խենթ երիտասարդի գաղափարը կարող է փոխել ամառային Երևանի ժամանցային մշակույթը
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ երկու երիտասարդ՝ Տաթևն ու Գևորգը, հաճախելով երևանյան կինոթատրոններ, մի օր հասկացան, որ իրենց ինչ-որ նոր բան է հարկավոր: Հատկապես ամռանը փակ կինոթատրոններն այնքան էլ չեն ձգում, իսկ սրճարանային ժամանցն արդեն սպառել է իրեն: Այս մասին գրում է ankakh.com-ը:
Ուրեմն, ի՞նչ կուզենային, որ լիներ նոր, հաճելի, ոչ ստանդարտ ու միաժամանակ՝ հետաքրքիր ու բովանդակալի. բացօթյա կինոթատրոն: Երևանյան երեկոները ժամանցով լցնելու հիանալի տարբերակ: Սակայն Երևանում բացօթյա կինոթատրոններ չկան:
Երիտասարդների ցանկությունն աստիճանաբար վերածվեց գաղափարն իրագործելու ցանկության: Սակայն չէին էլ կարող պատկերացնել, որ մի օր հենց իրենք կնախաձեռնեն ու կիրականացնեն դա:
«Cornpop cinema». բացօթյա այս կինոթատրոնը հունիսի 1-ից երևանցիներին կհյուրընկալի մարզահամերգային համալիրի հարևանությամբ գտնվող բլրի լանջին՝ առաջարկելով տարբեր ֆիլմեր՝ թեմատիկ, դասական, հին ու նոր, սիրված ու գնահատված, կլինեն նաև մուլտֆիլմեր երեխաների համար, ինչպես նաև` ֆիլմեր օտար լեզուներով արտերկրի հյուրերի կամ սփյուռքահայերի համար:
Կինոթատրոնի նպատակն ամենավերջին ֆիլմերի ցուցադրությունը չի լինելու, այլ հաճելի ժամանցի ապահովումն ու կինոթատրոն հաճախելու մշակույթի վերականգնումը: «Cornpop cinema»-ի ֆեյսբուքյան էջում նախապես տեղադրվելու է ֆիլմերի ցանկ, և մարդկանց կողմից ամենաշատ հավանությանն առաջացած ֆիլմերն էլ ընտրվելու են ցուցադրության համար: «Cornpop cinema»-ի առանձնահատկություններից մեկն էլ լինելու է մատչելիությունը:
Այս կինոթատրոնից օգտվելու հնարավորություն պետք է ունենան բոլոր ցանկացողները: Նախաձեռնության հեղինակներն իրավացիորեն նշում են, որ եթե մարդ ուզում է Երևանում ամառային երեկոներին դուրս գալ տնից և ժամանակ անցկացնել, չի կարող առանց կլորիկ գումար ծախսելու վերադառնալ, քանի որ ազատ զբոսայգիները խիստ սահմանափակ են, սրճարանները՝ թանկ:
Ուստի իրենց կինոթատրոնի մուտքը սահմանել են ընդամենը 1000 դրամ, իսկ դրա դիմաց այցելուներին մի քանի անգամ ավելի մեծ ծառայություն են մատուցելու: Տոմսերի փոխարեն այցելուն ստանալու է հատուկ ապարանջան, որն ամրացնելու է թևին՝ դրանով տարբերվելով որպես «օրինական ֆիլմ դիտող», քանի որ տարածքը շուրջ 2000 քմ է: Այս կինոթատրոնը տարբերվելու է նաև նրանով, որ մարդիկ ֆիլմը կարող են դիտել սեփական ավտոմեքենաների մեջ նստած, ինչն ընդունված բան է արտերկրում:
Կինոդիտման համար նախատեսված էկրանն ամենախոշորն է լինելու Հայաստանում: Տեխնիկական մասի առումով էլ շեշտը դրված է բարձր որակի ապահովման վրա: Ի դեպ, վճարած գումարով այցելուն ապահովվելու է նաև տաք ծածկոցով և բարձով, որպեսզի առավել հարմարավետ ու հաճելի անցնի կինոդիտումը:
Կինոդիտման տարածքում լինելու է նաև մի հին «Երազ» մակնիշի ավտոմեքենա: Այդ անսարք ու կիսախարխուլ ավտոմեքենան, որը երիտասարդները գտել են քաղաքից դուրս գտնվող մի վայրում, այժմ ներկվել ու յուրօրինակ տեսք է ստացել, քանի որ կարևոր առաքելություն ունի. այն ծառայելու է որպես սննդի փոքրիկ կետ, որտեղից այցելուները կարող են գնել զովացուցիչ ըմպելիքներ, պոպկոռն, քաղցրավենիք և այլն: Ավտոմեքենա-կրպակն արդեն անուն էլ ունի` «hripsikimot»:
Կինոթատրոնը կգործի հունիսի 1-ից մինչև հոկտեմբերի վերջը: Նախաձեռնության հեղինակներից Տաթև Մխիթարյանը Մոսկվայից է վերադարձել Երևան: Նա 9 տարեկան էր, երբ 1996 թ. ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան: Չնայած հաջողությամբ ավարտում է դպրոցը, ընդունվում Մոսկվայի պետական համալսարան, իսկ համալսարանն ավարտելուց հետո աշխատանքի անցնում Ռուսաստանի ամենախոշոր կինոմատակարար և ֆիլմարտադրության ոլորտի առաջատար կինոընկերությունում՝ «Централ Партнершип»-ում, Հայաստանը ձգում էր:
Նա ցանկացած հնարավորության դեպքում գալիս էր Երևան, իսկ Մոսկվա վերադառնալիս մի լավ սթրես ապրում:
Ի վերջո, 2011 թ. որոշում է դուրս գալ աշխատանքից և տեղափոխվել Հայաստան՝ չմտածելով, անգամ, թե ինչով պետք է զբաղվի այստեղ:
Շարունակությունն՝ այստեղ