Միջազգային փորձագետը՝ ոստիկանությանը. «Եթե քաղաքացիները չեն վստահում այդ կառույցին, դա նշանակում է դուք խնդիր ունեք»
Ոստիկանության գծով միջազգային փորձագետ Դեյվիդ Այենսոնը Ծաղկաձորում տեղի ունեցող սեմինարի ընթացքում խոսեց այն բացթողումների մասին, որոնք գույություն ունեն Հայաստանյան ոստիկանական համակարգում:
Առաջնայիններից մեկը, ըստ փորձագետի, հանրային քննարկումների սակավությունն է. «Հանրային քննարկումներն առանցքային նշանակություն ունեն: Ընդ որում՝ քննարկումները պետք է լինեն հնարավորինս լայն և խորը: Շատ կարևոր է հասարակության բոլոր խավերին ընդգրկել բարեփոխումների գործընթացի մեջ»:
Դ. Այենսոնն ասաց, որ հաշվետողականությունը շատ կարևոր հրամայականներից է. «Դուք կարող եք ունենալ ներքին կարգապահական կառույցներ ոստիկանության ներսում, դուք կարող եք ունենալ կարգապահական հանձնաժողով: Եթե քաղաքացիները չեն վստահում այդ կառույցին, դա նշանակում է դուք խնդիր ունեք: Կարևոր չէ, թե կառույցն ինչ է, ինչ ձևաչափով է, այլ կարևոր է, թե որքանով է քաղաքացին վստահում այդ կառույցին»:
Նա նշեց, որ Անգլիայում իրենք ունեն ոստիկանության աշխատակիցների դեմ բողոքների, գանգատների անկախ հանձնաժողով. «Բացի դրանից ունենք ներքին կարգապահական համակարգ: Այդ անկախ մարմինը հսկում է, թե ինչպես է ընթանում գործընթացը: Այն քննություն չի անցկացնում բոլոր գործերի հարցում: Այդ անկախ հանձնաժողովը քննություն է անցկացնում միայն լուրջ դեպքերը, այն դեպքերի կապակցությամբ, որոնց վերաբերյալ քաղաքացիների մոտ լուրջ մտավախություն է առաջացել: Օրինակ, զանգվածային անկարգությունների ժամանակ ոստիկանության կողմից հրազենի օգտագործումը հաստատ քննություն կանցկացվի: Այսինքն, ես չեմ ասում՝ դուք պետք է ունենաք այդ համակարգը, ուղղակի ուզում եմ ասել, պետք է ունենաք համակարգ, որին կվստահի հանրությունը»:
Դ. Այենսոնի կարծիքով՝ թափանցիկությունը ևս շատ կարևոր գործոն է. «Ինքս 30 տարվա ոստիկան եմ եղել և կարող եմ ասել, որ շատ քիչ օրենսդրական ակտեր, օրենքներ կան ոստիկանության վերաբերյալ, որ պետք է գաղտնի լինեն: Ընդունում եմ, իհարկե, այն, որ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները: Շատ երկրներում ոստիկանության աշխատակիցների թիվը գաղտնի չէ: Ավելին, գաղտնի չէ նաև ոստիկանության բյուջեն և այն, թե ինչպես է այն ծախսվում: Եվ դա արվում է հանրային թափանցիկության համար: Կան որոշ ծառայությունների ցուցակներ, որոնք նպատակահարմար չեն բացահատելու համար: Դա արվում է հանրության վստահությունն ու հավատը ձեռք բերելու համար»: