Անորոշ պատասխան նախագահականից

Ապրիլի 29-ին Մինսկում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների մասնակցությամբ կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից հետո Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը տարածեց հաղորդագրություն, ըստ որի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության պայմանագրի փաստաթղթի մշակումն ավարտելու է 2014 թ. հունիսի 1-ին, իսկ մինչ այդ` մայիսի 29-ին, այն ներկայացվելու է Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը: Սակայն առայժմ հանրությանը հայտնի չեն պայմանագրի ստորագրման կոնկրետ ժամկետները:

Ի դեպ, օրերս եղավ նաև տեղեկություն այն մասին, որ մայիսի 29-ին Աստանայում Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները ստորագրելու են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, իսկ ստորագրման արարողակարգին ներկա են լինելու նաև Հայաստանի և Ղրղըզստանի նախագահները:

Այս առնչությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանից:

Հարց- Ե՞րբ է Հայաստանի Հանրապետությունը ստորագրելու Մաքսային միությանն անդամակցելու մասին պայմանագիրը: Արդյոք այն կարո՞ղ է ստորագրվել մայիսի 29-ին Աստանայում, եթե ոչ, ապա որո՞նք են պայմանագրի ստորագրման գոնե մոտավոր ժամկետները: Եվ երկրորդը, արդյոք ընդհանրապես ավարտվե՞լ է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցման բանակցային գործընթացը:

Կարդացեք նաև

Պատասխան- Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացների վերաբերյալ պետական տարբեր կառույցների համապատասխան ներկայացուցիչները պարբերաբար տեղեկացրել են հանրությանը, իսկ ՀՀ Նախագահի այցերի և ստորագրած փաստաթղթերի վերաբերյալ պատշաճ կարգով և ժամանակին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ (տե´ս այստեղ.) փորձել էինք տեղեկություն ստանալ նաև Արտաքին գործերի նախարարությունից, սակայն վերջինը նույնպես որևէ հստակ պատասխան չէր տվել: ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում ընդամենը ասել էր, թե նախարարությունը հավելյալ կտեղեկացնի պայմանագրի ստորագրման մասին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս