Անորոշ, բայց անշրջելի
Ե՞րբ է Հայաստանը, ի վերջո, դառնալու Մաքսային միության անդամ: Չնայած ամենաբարձր մակարդակով (այն էլ` Մոսկվայում) 2013 թ. սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` Մաքսային միությանը միանալու, իսկ հետագայում` Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու որոշման մասին, այս հարցն անորոշ է այնքան, որքան Մաքսային միության հիմքի վրա ստեղծվելիք Եվրասիական տնտեսական միության հիմնադրման ժամկետները: Այս տարվա ապրիլի 29-ին Մինսկում կայացավ Մաքսային միության ղեկավար մարմնի` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էին միության անդամ երեք երկրների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները:
Հանդիպումից հետո Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջը տարածեց հաղորդագրություն, որի համաձայն` հանձնարարվել է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին` Հայաստանի միանալու պայմանագրի մշակումն ավարտել մինչև 2014 թ. հունիսի 1-ը, իսկ մինչ այդ` մայիսի 29-ին, այն ներկայացվելու է Եվրասիական գերագույն տնտեսական խորհրդի նիստի քննարկմանը: Ավելի վաղ` ապրիլի 18-ին, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցման հնարավոր ժամկետներին անդրադարձել էր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահրամ Ավանեսյանը, ով լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Հայաստանը Մաքսային միության պայմանագիրը կստորագրի մայիսի վերջին կամ հունիսին:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեզ հետ զրույցում հարցի առնչությամբ նշեց. «Պայմանագրի ստորագրման ժամկետների մասին հավելյալ կտեղեկացնենք»: Մեր հարցին, թե ի՞նչ է նշանակում այն ձևակերպումը, որ փաստաթղթի մշակումը հանձնարարվել է ավարտել մինչև հունիսի 1-ը, Տ. Բալայանը պատասխանեց, որ դա հանձնարարվել է մշակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, և հարցը պետք է իրենց ուղղել:
Հիշեցնենք, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացում կան մի շարք չլուծված խնդիրներ, մասնավորապես` շուրջ 900 ապրանքատեսակների խնդիրը, որոնց մասով Հայաստանը ցանկանում է արտոնություններ ստանալ: Սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք բանակցություններն ավարտվել են, և ի՞նչ արդյունքներ կան: Մեկ այլ ուշագրավ փաստ. Բելառուսի նախագահի պաշտոնական կայքէջի տարածած վերոնշյալ հաղորդագրության մեջ նաև նշվում է, թե երեք նախագահները հավանություն են տվել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու «ճանապարհային քարտեզի» իրականացման` մինչ օրս կատարված աշխատանքին, թեև Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզի» 267 միջոցառումներից նշվում է միայն 126-ի մասին:
Մի խոսքով, թեև անորոշությունները շատ են, բայց քանի որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն անշրջելի է, Հայաստանն, ըստ ամենայնի, առաջիկայում էլ կշարունակի զարմացնել և հիացնել Ռուսաստանին ու ռուս պաշտոնյաներին` դեպի Մաքսային միություն կատարվող շատ մեծ քայլերով և անդամակցության չափազանց մեծ տեմպերով: