Արամ Կարապետյան. «Երբ սրանց փախչելու ժամանակը գա, այն ժամանակ կերևա` ով ինչ ունի»
Հարցազրույց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ
– Ինչպե՞ս կգնահատեք ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը:
– Նախևառաջ ուզում եմ շեշտել` Հայաստանի տնտեսական կացությունը շտկելը հնարավոր է միայն համակարգային, քաղաքական, տնտեսական, օրենսդրական, բարոյական շատ լուրջ փոփոխություններից հետո: Անհնար է վերցնել միայն տնտեսությունը և փորձել ուղղել այս քաղաքական ու բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ:
Ինչ վերաբերում է նոր կառավարության ծրագրին, այս մեկը մի քիչ ավելի մոտ է ծրագիր կոչվելուն, քանի որ դրանում կան կետեր, որոնք դրան ծրագրի տեսք են տալիս: Նկատի ունեմ` առաջինը հարկային դաշտի որոշակի պարզեցումը` մեծ, միջին, մանր ձեռնարկատիրությունների տարբերակումը, և սահմանին ԱԱՀ-ի գանձման պահանջի աստիճական վերացումը, երկրորդը` բարեփոխումները գյուղատնտեսության ոլորտում: Բայց նաև կան մի շարք անհասկանալի բաներ. օրինակ` չկա արդյունաբերության զարգացման որևէ խնդիր, ընդհանուր բառեր են գրված, ներդրումային քաղաքականության միջավայրի բարելավման վերաբերյալ նույնպես ընդհանուր բառեր են գրված, նույնը վերաբերում է սոցիալական վիճակի բարելավման: Խելքից դուրս բաներ են գրված, օրինակ` բառախաղերը կուտակային կենսաթոշակային համակարգի մասին կետում` «պարտադիր, բայց ոչ պարտադրված»:
Ի՞նչ է դա նշանակում, կարծես գողական բառաֆոնդից վերցված լինի: Իսկ նախորդն ամբողջապես փողի հետ էր կապված, կարծես բանկն էր գրել այդ ծրագիրը: Նախորդն ընդհանրապես լավ ցանկություններով լեցուն դասախոսություն էր և ոչ ավելին:
Սրա ծրագրային միակ դրական կողմն այն է, որ, իմ տպավորությամբ, սա կյանքի մարդ է գրել, մարդ, ով շփվում է կյանքի հետ: Մարդը գրել է` նախատեսում է 5 տոկոս տնտեսական աճ, այսինքն ասում է` կարող է այսքան կարողանամ անել: Այսինքն՝ գրել է հասկանալով:
– Այս ծրագրով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հասցնել մինչև 65 000 դրամ: Հասկանում եմ, որ այս հարցադրումը միշտ շատ պոպուլիստական է հնչում, բայց ամեն դեպքում քաղաքացին կարո՞ղ է 65 000 դրամով ապրել:
– Ո´չ, ո´չ, ո´չ: Իմ կարծիքով` Հայաստանում նվազագույն աշխատավարձը պետք է լինի առնվազն 90 000 դրամ: Այսօր դրանից ներքև ընդհանրապես անիմաստ է խոսել: Բայց հիշո՞ւմ եք` ժամանակին` մոտ երկու տարի առաջ, Հրանտ Բագրատյանը առաջարկում էր նվազագույն աշխատավարձը դարձնել 72 000 դրամ, սակայն այն մերժվեց: Ինչո՞ւ էր Հրանտն այդ առաջարկն անում, որպեսզի աշխատավարձի ստվերը կրճատվի, այսինքն եթե գործատուն վճարում է 100 000 դրամ, բայց գրում է նվազագույն աշխատավարձի չափով` 45 000, մնացած 55 000 ստվեր է դառնում, իսկ 72 000-ի դեպքում ընդամենը 18 000-ն է ստվերում մնում: Որքան նվազագույնը բարձրանա, այնքան աշխատավարձային ստվերը դուրս կգա:
– Ի դեպ, ստվերի մասին…
– Դրա մասին անիմաստ է խոսելը: Երեկ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել է (տե´ս այստեղ.), և ես ավելացնելու բան չունեմ:
– Այսինքն Դուք համամի՞տ եք Նիկոլ Փաշինյանի ելույթում հնչեցված հայտարարությունների հետ:
– Իհարկե, այդ մասով խնդիր չկա: Բայց հարցն այն է, որ պետք է նաև տեսնենք, թե ինչ են ներկայացրել: Իսկ թե ովքեր են այդ ծրագիրը ներկայացրել, ես և Նիկոլը 2007-ին իրար հետ ենք ասել: Ես հասկանում եմ Նիկոլի ասածը, և նա ճիշտ է ասում, բայց այս երկրի խնդիրը միայն կոռուպցիան չէ: Դա թիվ 1 խնդիրն է, թիվ 0 խնդիրն այն է, որ չկա համակարգ, չկա հայեցակարգ, թե ի՞նչ ենք ուզում մեր երկրում կառուցել, ի՞նչ տնտեսական մոդել ենք ուզում կառուցել, ի՞նչ հնարավորություններ ունենք դրա համար, արդյոք ունե՞նք այդ հնարավորությունները, թե՞ ոչ, և արդյոք հնարավո՞ր է միայնակ դա անել:
Հնարավո՞ր էր, որ առանց «Մարշալի պլանի» և Ադենաուերի` այն ժամանակվա գծած ծրագրերի ու առանց ներդրումների պատերազմական Ճապոնիան ու Գերմանիան դուրս գային ճգնաժամից: Վերցրեք նույն Չինաստանի, նույն Սինգապուրի օրինակը:
– Իմիջիայլոց, վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեջբերեց Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կուան Յուի խոսքերը` նշելով, թե սկսելու է իրենից և իր մերձավորներից:
– Կարծում եմ` դա պոպուլիզմ է: Որքան հիշում եմ պատմությունը, այո´, Սինգապուրի վարչապետն իր ընկերներին զրկեց արտոնություններից, արտոնություններ չտվեց, բայց չեմ կարծում` նույնը հնարավոր է Հայաստանում: Հովիկ Աբրահամյանն այստեղ այնքան էլ անկեղծ չէ:
– Իսկ ընդհանրապես հնարավո՞ր է, որ կառավարության անդամների մի զգալի մասը լինեն հարուստ մարդիկ, բիզնես շահեր ունեցողներ, բայց, այնուամենայնիվ, անկեղծորեն քայլեր ձեռնարկեն երկրի տնտեսության զարգացման ուղղությամբ:
– Ո´չ, հնարավոր չէ: Գիտե՞ք` ինչու հնարավոր չէ: Բացատրեմ: Աշխարհի կայացած երկրներում դա հնարավոր է, օրինակ` Ռոքֆելլերը ժամանակին ուզում էր դառնալ նախագահ: Ինչո՞ւ, փո՞ղ չուներ: Միանշանակ պարզ է, որ նրա նպատակն իր գաղափարախոսությունը կյանքի կոչելն էր, ոչ թե հարստանալը:
Սրանք հարուստ մարդիկ էին, ովքեր հարստացել են իրենց աշխատանքի շնորհիվ, նույնիսկ եթե այդ աշխատանքի մեջ տարբեր տեղերում ինչ-որ օրենքներ են խախտել: Բայց, միևնույն է, նրանք քաղաքականություն են մտել արդեն հարստացած ու կայացած: Իսկ Հայաստանում հակառակն է` մեծահարուստների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, հարստացել են` զբաղեցնելով այս կամ այն պաշտոնը, օգտագործելով վարչական ռեսուրսը, քավոր-սանիկական հարաբերությունները, խորհրդային ժամանակներից մնացած «հեռախոսի» իրավունքը:
Ճիշտ է ասում Նիկոլը: Մի հատ նայեք Գագիկ Խաչատրյանին ու նրա կուտակած հսկայական հարստությանը կամ Հովիկ Աբրահամյանին: Այն, որ ասում էր` գյուղատնտեսությունից 1,2 մլն դոլար շահույթ է ունեցել, 2007 թ. ես եմ կարդացել նրա հայտարարագիրը: Նիկոլն իմ խոսքերն էր կրկնում: Ճիշտ է ասում, որտեղի՞ց: Ինչո՞ւ ես, Դուք կամ մյուսները չենք հարստանում: Միգուցե այդքան խե՞լք չունենք, թե՞ ձիրք ու հնարավորություն չունենք:
– Նրանք ամեն ինչ հերքում են, ասում են` «մենք բիզնես չունենք»:
– Դե Նիկոլը երեկ շատ լավ ասաց` «դու չունես` հորեղբորդ տղան ունի»: Մեկը մեկի վրա է գցում: Դա մի փոքր մանկապարտեզի է նմանվում: Ես հիշեցի Ուկրաինայի նախկին տխրահռչակ նախագահ Յանուկովիչին ու նրա կողմնակիցներին և նրանց փախուստից հետո բացահայտված հսկայական հարստությունը: Յանուկովիչն իր կյանքում իրենց ոչինչ չի ներկայացրել, բայց ինչպես պարզվեց նրա տանը հայտնաբերված աշխատանքային փաստաթղթերից, փախչելով նա իր հետ տարել է 2 մլրդ ԱՄՆ դոլարի չափով առձեռն գումար` չորս բեռնատար մեքենաներով, որոնցից երկուսը տարել է Ռուսաստան, իսկ մյուս երկուսը չեն կարողանում գտնել:
Այսինքն ստացվում է` եթե գլխավորը երգում է, մնացածն էլ են երգում: Ե´վ Ակաևը, և´ Բակիևը, և´ Աբաշիձեն, և´ Յանուկովիչը, բոլորն էլ հայտարարում էին, թե «մենք բիզնես չունենք»: Երբ սրա´նց փախչելու ժամանակը կգա, այն ժամանակ կերևա` ով ինչ ունի: