Բաժիններ՝

Едет Путин по стране

Մայիսի 20-ին միջազգային լրատվությամբ բոլոր հետաքրքվողները ռուսաստանյան լրատվությանն էին հետևում: Հատկապես տնտեսությամբ հետաքրքրվողները: Ռուսական հեռուստալրատվության առաջին լուրերը, հայտնի բան է, վերաբերում են իրենց նախագահին՝ ո՞ւմ է ընդունել, ի՞նչ դարակազմիկ մտքեր է արտահայտել, կամ պարզապես ի՞նչ հայրական խորհուրդներ է տվել: Մայիսի 20-ին պատկերն այլ էր: Վ. Վ. Պուտինը մեկնել էր Չինաստան: Մեկնել էր մեծ պատվիրակության հետ: Իսկ ռուսական հեռուստաալիքների լրատվության մեջ այն 7-րդ կամ 8-րդ լուրն էր:

Դժվար էր գլխի ընկնելը, թե ի՞նչ էր կատարվում: Լրատվական ծրագրերի ավարտին միայն խոսվեց այն մասին, որ ՌԴ-ն ու ՉԺՀ-ն մեծածավալ տնտեսական պայմանագրեր են ստորագրել: Օրինակ՝ այս երկու երկրները պատրաստվում են համատեղ ինքնաթիռներ արտադրել: Ամերիկյան «Բոինգներին» ու եվրոպական «Էյրբասներին» ի պատասխան` շուտով նոր ինքնաթիռներ կհայտնվեն: Բայց նույնիսկ այս լուրը չէր ոգեշնչել ռուսական իշխանամետ լրատվամիջոցներին: Բաց տեքստով խոսվում էր գազային պայմանագրի սպասումների մասին: Իսկապես բոլորին առաջին հերթին այդ լուրն էր հետաքրքրում: Ռուսական պետական քարոզչամեքենան իր համար նահանջի ճանապարհ էր պատրաստում: Եթե գազային պայմանագիրը չստորագրվեր, բոլոր վերլուծաբանները նախագահ Պուտինի այցը կներկայացնեին կարևոր, բայց սովորական իրադարձություն: Կարևոր էր, որովհետև ՌԴ նախագահի այցը միշտ է կարևոր: (Եթե այն նույնիսկ այց է ֆորպոստ): Սովորական էր, որովհետև հարևան երկու խոշոր պետությունները մեկ անգամ ևս առիթ ունեցան ճշտելու աշխարհաքաղաքական դիրքորոշումները: Կամ նման այլ բացատրություններ, որ ցանկացած երկրի քարոզչամեքենաների մասնագետները տասնյակներով պատրաստի ունեն իրենց գզրոցներում: Իսկապես համաշխարհային հետաքրքրությունն այս այցի շուրջ լուրջ էր: Առաջինն` այն պատճառով, որ Արևմուտքը հայտարարել է տնտեսական «պատժիչ» միջոցառումների մասին:

Եվ ամեն օր մանր-մունր ինչ-որ սանկցիաներ են հրապարակվում: Չնայած, որ օդում կախված մնում է Արևմուտքի հիմնական խոստումը՝ այլընտրանք գտնել ռուսաստանյան էներգակիրներին: Միջազգային քաղաքական ոլորտում գերհզոր խաղացողի դիրքի հավակնություն ունեցող ՌԴ-ի համար դա իսկապես սպառնալիք է: Բոլորը՝ անգամ տնտեսությամբ չհետաքրքրվողները, գիտեն, որ ՌԴ տնտեսության հիմնական եկամուտներն ապահովվում են գազի ու նավթի արտահանմամբ: Կարճ ասած՝ Ռուսաստանին պատասխանել էր պետք արևմտյան «սպառնալիքներին»:
Միջազգային փորձագետների կարծիքով՝ Չինաստանի տնտեսությունն իր ֆիզիկական ծավալով շուտով կդառնա առաջինն աշխարհում: Վերջին 30-35 տարում ահռելի տեմպերով աճող չինական տնտեսությունը վաղուց իր ետևում է թողել Ճապոնիայի ու Եվրամիության միացյալ տնտեսությունները:

Չինաստանի տնտեսական տեղեկատվությունը ամենափնտրվածն է: Վերջին լուրն, օրինակ, այն էր, որ յոթ տարի հետո աշխարհում արտադրվող ավտոմեքենաների ուղիղ 50 տոկոսը կարտադրվի Չինաստանում: 2013թ. աշխարհում արտադրվել է 87 մլն ավտոմեքենա, որից 22 մլն-ը՝ Չինաստանում: Ու, կարծես, ռուսաստանյան էներգետիկ երազանքները կայացան: Մայիսի 21-ի երկրորդ կեսին հայտարարվեց, որ պայմանագիրը ստորագրվել է: Հրապարակվող թվերն իսկ ազդեցիկ են: Պայմանագրի ընդհանուր արժեքը 400 մլրդ դոլար է: Նախագահ Պուտինը շտապեց հայտարարել, որ այս քառամյա պայմանագրի իրագործման ընթացքում կկատարվեն աշխարհի ամենամեծ շինարարական աշխատանքները:

Կարդացեք նաև

Աշխարհաքաղաքական տեսական հետաքրքրություններից զատ, Ռուսաստանի տնտեսության վիճակը մեզ՝ հայաստանցիներիս, երկու պատճառով է հետաքրքրում: Մեկը հանրահայտ տրասնֆերներն են: Բնականաբար: Որովհետև Հայաստան մտնող տրանսֆերների 90-95 տոկոսը հենց այդ երկրից է:

Երկրորդ` մեր իշխանություններն անցած տարվա սեպտեմբերից հետո սպառնում են մեզ Մաքսային միություն մտցնել: Այսինքն` միայն կառավարության փոփոխմամբ չէ, որ առոչինչ դարձան «Հայկական աշխարհի», «Գիտելիքահեն տնտեսության», «Տեխնոպարկերի» մեր երազանքները: Մեր տնտեսությունը կապվում է մի տնտեսության, որի խոշորագույն գործընկերն աշխարհի ամենամեծ ու ամենաարագ զարգացող տնտեսությունն է: Տնտեսություն, որ հենված է մեզ լիովին օտար քաղաքակրթական հենքի վրա:

Տնտեսություն, որ իր նախկին գործընկերոջ` ԽՍՀՄ-ի նման, իր տեխնոլոգիական առաջընթացը կապում է ոչ թե սեփական գիտատեխնիկական մտքի առաջընթացի հետ, այլ ուրիշի ստեղծածը «յուրացնելու»: («Յուրացնել» բառը հնարավորություն տվեց խուսափել գողանալ, թռցնել ու այլ համանման բնորոշումներից): Վառելիքաէներգետիկ դոլարները Ռուսաստանում երբեք չեն օգտագործվել սեփական տնտեսության արդիականացման համար: Հետևաբար` հիմք չկա ենթադրելու, որ այս երկրում ինչ-որ բան կփոխվի: Երևի դա ի նկատի ունենալով է Շևչուկը գրել իր «Едет Путин по стране» հանրահայտ երգը: Մի ալարեք, գտեք ու լսեք այն: Որովհետև մեզ էլ է վերաբերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս