Ադրբեջանը մուտքի վիզա չի տրամադրել ԵԽԽՎ փոխնախագահին՝ կապված ԼՂՀ այցելելու հետ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հրաժարվել է մուտքի վիզա տրամադրել ԵԽԽՎ փոխնախագահ, ֆրանսիացի Ռենե Ռուկեին: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահ Աննե Բրասորը:

Նրա խոսքերով՝ մայիսի 22-23-ին Բաքվում կայանալիք ԵԽԽՎ-ի բյուրոյի ու մշտական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով Ռենե Ռուկեն բանակցել է Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության հետ՝ կապված վիզա ստանալու հետ:

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ իրենք բացասական պատասխան են տվել Ռուկեին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ Ռուկեն իր ֆրանսիացի մի շարք գործընկերների հետ մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, ուր և անցկացրել էր մի շարք հանդիպումներ:

Ադրբեջանական կողմը դրա համար նրան հայտարարել էր «անցանկալի անձ» և արգելել էր նրա մուտքը երկրի տարածք:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ի նախագահ Աննե Բրասորը վաղը ժամանելու է Ադրբեջան:

Տեսանյութեր

Լրահոս