Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արմեն Սարգսյան. «Թող դատարանը որոշի»
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության, ինչպես նաև Հրաչյա Սարգսյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը մայիսի 8-ից կարել է բերանն ու հացադուլ է հայտարարել: Երեկ ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում գտնվող Դ. Խաչատրյանը դեռևս չի քանդել բերանի կարերը: «Վերքերը մշակում են, վիճակը դեռ կայուն է»,- ասաց նա:
Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում. նա նույն օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում նշել էր, որ ինքը սպանություն չի կատարել. «Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ` մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ` երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում, և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հաստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում: Հասկանում եմ, որ այնուամենայնիվ, այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»: Նշենք, որ դատարանում արդեն անցել են վիճաբանությունների փուլին. մայիսի 30-ին նշանակված դատական նիստի ժամանակ ճառով հանդես է գալու պաշտպանական կողմը:
Երեկ զրուցեցինք Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Արմեն Սարգսյանի հետ:
– Պարոն Սարգսյան, 2014թ. հունվարից Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Դ. Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը, Դուք դատարանում ներկայացնում եք Լ. Ստեփանյանի իրավահաջորդի շահերը: Ի՞նչ եք կարծում՝ դատաքննությունը մրցակցայի՞ն է եղել:
– Մինչ այս պահը, իմ գնահատմամբ, մրցակցային է եղել, քանի որ բոլոր կողմերն իրենց դիրքորոշումն արտահայտելու լրիվ հնարավորությունները ստացել և արտահայտել են: Ե՛վ մեղադրանքի, և՛ պաշտպանության կողմը կարողացել են կատարել միջնորդություններ, պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունները բավարարվել են, դատարանի կողմից փորձագետներ են կանչվել և հարցաքննվել: Իմ կարծիքով՝ դատավարությունը նորմալ ընթացել է մինչև այս պահը: Տուժող կողմի համար վերջնական պարզ կդառնա միայն դատավճռի կայացումից հետո՝ նայած թե ինչ դատավճիռ կլինի, ինչ տեսակի պատիժ կնշանակվի և ընդհանրապես ինչ բնույթի դատավճիռ կլինի:
– Նախաքննության ընթացքում Դ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ինչպես նաև դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետ, 112-րդ հոդվածի 1-ին մաս): Իր ճառում դատախազն ապացուցված է համարել Դ. Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը: Ձեր կարծիքով` առաջադրված մեղադրանքը համապատասխանո՞ւմ է Դ. Խաչատրյանի արարքին:
– Գիտեք՝ այդ կարծիքը ես կոնկրետ չեմ կարող հայտնել, քանի որ պարզ է՝ ես տուժող կողմի ներկայացուցիչն եմ, տուժող կողմն եմ ներկայացնում. բոլոր դեպքում իմ կողմից արարքի որակման հարցը քննարկելը սխալ կլինի, կոռեկտ չի լինի իմ կողմից այսպիսի պատասխաններ տալը: Թող դատարանը որոշի, ոչ թե մենք, կամ` մենք կարծիքներ հայտնենք: Դատարանը դատաքննությունն անցկացրել է մրցակցային, բոլոր սկզբունքներին համապատասխան, թող դատարանն իր վերջնական դատավճռով իր գնահատականը տա: Պարզ է՝ ես տուժող կողմին եմ ներկայացնում, իմ կողմից սխալ կլինի որակման հարցերին անդրադառնալը:
– Պարոն Սարգսյան, «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի հետ զրույցում ասել էիք, որ «դատաքննության ժամանակ վկաների կողմից տրված ցուցմունքները դիտավորյալ սպանությունը՝ «զենքի կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան» որակելու միտում՝ բոլոր վկաների կողմից չեք տեսնում»: Այսինքն՝ կարծում եք, որ վկաների մի մասը կատարվածը ներկայացել են` որպես զենքի կանոնների խախտո՞ւմ, որը հանգեցրել է մահվան:
– Չէ: Վկաներն այդքան բան չգիտեն, որ այդպիսի բաներ ասեն: Իրենք ինչ տեսել են, այն են ասում: Հասկանո՞ւմ եք, ուղղակի այստեղ կա երեք վկա, որոնցից երկուսը կրակելուց առաջ խոսքերը չեն լսել: Դատաքննությունը հրապարակային է եղել, ինձ թվում է՝ բոլորն էլ տեղյակ են դրա մասին: Իսկ մի վկան՝ Միշա Ջանազյանը, կոնկրետ ասել է, որ կրակելուց առաջ ասել է՝ կկրակեմ, նոր կրակել է: Թե վկաները որ ուղղությամբ են ցանկացել տանել՝ այդպիսի արտահայտություն իմ կողմից չի եղել: Ուղղակի ես նշել եմ, որ վկաներն այսպիսի ցուցմունքներ են տվել. առանց այդ էլ դա բոլորին հայտնի է, քանի որ դատաքննությունը հրապարակային կարգով է անցկացվել, և բոլորն են տեղյակ՝ որ վկան ինչպիսի ցուցմունք է տվել:
– Այսինքն՝ երկու վկաները չե՞ն նշել, որ նման արտահայտություն են լսել:
– Երկուսն այդ արտահայտության մասին չեն նշել՝ չնայած, որ իրենք զորամասի հրամանատարներին այդ օրը զեկուցել են, նշել են այդ մասին: Բայց հետագայում իրենց ցուցմունքում՝ և՛ դատաքննության, և՛ նախաքննության ժամանակ, կոնկրետ այդ արտահայտությունը, որ կրակելուց առաջ Լյուքս Ստեփանյանին ասել է՝ խելոք մնա, կկրակեմ, իրենք ասում են՝ չենք լսել: Բայց չլսելն ու դրա տեղի չունենալը բոլորովին տարբեր են:
Բայց բոլոր դեպքերում ես գտնում եմ, որ և՛ պաշտպանության, և՛ մեղադրանքի կողմից ապացույցներին գնահատական տալը շատ սխալ բան է: Մենք ուղղակի դիրքորոշում ենք ներկայացնում: Իր ներքին համոզմունքի, ապացույցների բավարար համակցության հիման վրա վերջնական գնահատական տալիս է դատարանը: Միշտ այդպես է, և ճիշտն ու կոռեկտը դա է, մնացած բոլոր դեպքերում բոլորի մոտ սխալ կարծիք է ստեղծվում և տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս:
– Իր ճառում դատախազը միջնորդեց 18 տարվա ազատազրկման դատապարտել Դ. Խաչատրյանին: Որքանո՞վ է դա համաչափ կատարված արարքին:
– Ես ընդհանրապես պատժի տեսակին ու չափին չեմ անդրադարձել: Ոչ էլ դատավճռի բնույթին եմ անդրադարձել: Հայաստանում ընդունված պրակտիկա է, որ մեղադրողը պատժի տեսակ ու չափ է նշում: Գտնում եմ, որ շատ սխալ բան է, բոլոր դեպքերում Հայաստանը գնում է եվրոպական ճանապարհով, մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ճանապարհով, և պետք է վերանա այդ պրակտիկան, որ Դատախազությունը, այսինքն՝ մեղադրանքի կողմը պատժի տեսակ ու չափ նշի:
Ես ընդհանրապես ոչ պատժի տեսակին եմ անդրադարձել, ոչ էլ պատժի չափին: Միայն տուժող կողմի ընկալմամբ՝ ներկայացրել եմ տուժող կողմի դիրքորոշումը՝ արդարացի դատավճիռ: Դա թող մեկնաբանեն` ինչպես ուզում են, բայց իմ կարծիքով՝ ճիշտը դա է: Բոլոր դեպքերում պետք է թողնել, որ դատարանը որոշի պատժի տեսակն ու չափը, ընդհանրապես դատավճռի բնույթը, դատարանը որոշի՝ ինչպիսի դատավճիռ պետք է կայացնի ապացույցների գնահատման հիման վրա:
– Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդար դատավճիռ ակնկալո՞ւմ եք:
– Այո, ակնկալում ենք: Բայց նորից եմ ասում՝ բոլոր դեպքերում թող դատարանը որոշի: Բացի այս դատարանից՝ այլ դատարաններ էլ կան, բոլորն էլ իրենց իրավունքներից օգտվելու են: Եթե այդ դատավճիռը որևէ կողմի չբավարարեց, պարզ է՝ դատաքննությունը շարունակվելու է:
– Ինչպես հասկացա, դիրքորոշում չեք արտահայտի նաև ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի կողմից բերանը կարելու և հացադուլ հայտարարելու վերաբերյալ:
– Այո, չեմ արտահայտել, ոչ էլ կարտահայտեմ: Որպես մարդ, որպես փաստաբան՝ կարող է հասկանամ իրեն, բայց որպես տուժող կողմի ներկայացուցիչ` իրավունք չունեմ դրա վերաբերյալ որևէ դիրքորոշում արտահայտել:
Հ.Գ. Առաջիկայում «168 ժամը» կներկայացնի նաև պաշտպանական կողմի դիրքորոշումը: