«Մինչև իր կյանքի վերջ կրկնելու է, որ իր գործած միակ հանցանքն այն է, որ ինքը շարունակում է ապրել, այն դեպքում, երբ երկու մարդիկ զրկվել են կյանքից». ֆրանսիացի պաշտպան

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով դատական նիստը: Դատարանում Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբան Մարի Դոզեն հանդես եկավ Վ. Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությամբ: Նա ասաց, որ սկզբնական փուլում Վարդան Պետրոսյանը կարծում էր, թե փաստաբանի կարիք չի ունենալու, որովհետև միամտություն ուներ կարծելու, որ երբ մարդ անմեղ է, նա փաստաբանի կարիք չունի:

Ըստ փաստաբանի՝ շատ արագ Վ. Պետրոսյանը հասկացել է, որ արդարադատությունը կարող է վերածվել սոսկալի մեքենայի, երբ մի քանի օրվա ընթացում հնարավոր չի լինում պայքարել ասեկոսերների և ստի դեմ:

Հասկանալով, որ պաշտպանն է ընդունակ պայքարել դրա դեմ, նա ընտրել է Նիկոլայ Բաղդասարյանին: Մարի Դոզեն ասաց, որ ծանոթանալով գործի նյութերին և երրորդ անգամ դատարան գալով՝ հասկացել է, թե որքան դժվար է պաշտպանությունը Նիկոլայ Բաղդասարյանի համար:

«Վարդան Պետրոսյանը շատ արագ հասկացավ, որ միայն մեկ փաստաբանն ի վիճակի չէ պատշաճ ձևով պաշտպանել իրեն, ուստի և հրավիրեց նաև ինձ՝ որպես ֆրանսիացի փաստաբան: Եվ այստեղ եմ ես նաև, որովհետև Վարդան Պետրոսյանը, լինելով և Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքացի, գտնվում է մի դատարանի առջև, որը խոսում է նույն լեզվով, ինչ իմ լեզուն է»,- ֆրանսիացի փաստաբանի խոսքերը փոխանցեց թարգմանիչը:

Կարդացեք նաև

Մարի Դոզեն ասաց, որ Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդրությունը նախնական կալանքի վերաբերյալ նույնն են: Փաստաբանի խոսքով՝ կալանքը բացառություն է, իսկ ազատ մնալը՝ կանոն. «Որովհետև ոչ թե ազատությունը, այլ նախնական կալանքը պետք է հիմնավորվի և պատճառաբանվի Հայաստանում»:

Վարդան Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փաստաբանը համարեց նրա անմեղության կանխավարկածի խախտում:

«Այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, դա մարդկայնորեն լրիվ հասկանալի է, սակայն երբ դատարանը, դատախազությունը, տուժողների կողմի փաստաբանը այդ մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է: Եվ ինչո՞ւ տուժողները և մեղադրող կողմը այդքան կարիք ունեն ալկոհոլի գործածման հանգամանքի: Ես կրկնում եմ, որ մեղադրական եզրակացությունում Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար: Ես կրկնում եմ, որ դուք ձեր լիազորությունների շրջանում այս հարցը չեք քննարակում, որովհետև և նախաքննությունը, և փորձաքննությունը հակառակն է ապացուցել: Սակայն դուք որոշել եք քննել գործն այսպիսի մեղադրական կտրվածքով:

Ուրբաթ օրը դուք ընդունեցիք այն միջնորդությունը, որի համաձայն՝ ինչ-որ վկա պետք է ներկայանա և հենց այս հարցի վերաբերյալ հանդես գա: Երբ առաջին անգամ մուտք գործեցի դատարանի այս դահլիճ, ես ներքևից լսում էի տուժողների ընտանիքի անդամների ձայները, բացականչությունները, որոնք ասում էին՝ ասա, որ խմել ես, ասա, որ խմել ես: Անցյալ ուրբաթ օրը նույնպես ընտանիքի անդամներից մեկը, դիմելով Վարդան Պետրոսյանին, ասում էր՝ թշվառ հարբեցող: Եվ նույնիսկ բանը հասավ նրան, որ ինչ-որ թռուցիկներ էին տարածում, որում նշվում էր, որ Վարդան Պետրոսյանը իր ներկայացումներից մեկի ժամանակ ասում է, որ իրենք Փարիզում ընկերներով հավաքված ուտում, խմում էին: Փոխանակ շեշտը դրվի և հիմք ընդունվի փորձագետները և փորձաքննությունը՝ փորձում են հենվել այպիսի փաստաթղթերի վրա:

Չեն ցանկանում հրաժարվել ալկոհոլի հանգամանքից, որովհետև փաստորեն առանց դրա գործը դատարկ կլինի: Այսինքն՝ ստացվում է, որ ասեկոսներ են տարածվում, սակայն խնդիրն այն է, հարգելի դատարան, որ ձեր դատարանում են այդ ասեկոսեները տարածվում»:

Մարի Դոզեն ասաց, որ Երևանում երբեմն մարդկանց հարցնում է, թե ի՞նչ կարծիքի են այս դատավարության մասին, գրեթե բոլորն ասում են, որ խնդիրն ալկոհոլի օգտագործման մեջ է. «Շշմելու է, որովհետև ալկոհոլի հանգամանքը նշված չէ գործի նյութերում, բայց այնուամենայնիվ հենց սրա շուրջ է գնում քննարկումը»:

Մարի Դոզեն ասաց, որ ամիսներ շարունակ Վարդան Պետրոսյանը չգիտի՝ ինչո՞ւ է կալանիք տակ, ինքն էլ չգտիտե՝ ինչո՞ւ և դեռ ինչքան Վ. Պետրոսյանը պետք է կալանքի տակ մնա: «Վերջին որոշումը, որով պատճառաբանվում, հիմնավորվում է Վարդանին նախնական կալանքի տակ առնելը, խոսում է՝ «բարոյական նկատառումներից ելնելով»:

Սակայն արդարադատությունը բարոյականություն չէ: Սոսկալի է նման բան գրելը: Եթե արդարադատությունը նույնն է, ինչ բարոյականությունը, ուրեմն մենք այստեղ գործ ունենք պարզապես վրեժխնդրության հարցի հետ և ոչ ավելին»,- ասաց փաստաբանը:

Մարի Դոզեն ասաց, որ չի կարողանում տարբերել դատախազին և տուժողների ներկայացուցիչն, քանի որ նրանք նստած են նույն տեղում և խոսում են նույն կետերի մասին: Փաստաբաի խոսքով՝ տուժող կողմի փաստաբանը դատարանում է ոչ թե ապացուցելու մեղադրանքը, այլ տուժողներին ներկայացնելու համար:

Փաստաբանի խոսքով՝ մարդուն կալանքի տակ պահելու համար մի քանի չափորոշիչ կա՝ տուժողների և վկաների վրա ճնշում գործադրելը, սակայն բոլոր վկաներն արդեն լսվել են: Մարի Դոզեն խնդրեց հիշել Վարդան Պետրոսյանի ելույթը, երբ վերջինս դատարանում դիմեց տուժողների ընտանիքին. «Կրկնեց և մինչև իր կյանքի վերջ կրկնելու է, որ իր գործած միակ հանցանքն այն է, որ ինքը շարունակում է ապրել, այն դեպքում, երբ երկու մարդիկ զրկվել են կյանքից: Սրա անունը ողբերգություն է և ոչ թե քրեական հանցագործություն»:

Փաստաբանն ասաց, որ վաղուց Վ. Պետրոսյանն ընտրել է Հայաստանը և չի կարող փախչել այստեղից: Նրա խոսքով՝ նույնիսկ Ֆրանսիայում հայտնվելու դեպքում՝ Վ. Պետրոսյանը «կդատվի այս նույն դեպքերի համար»: Ըստ փաստաբանի՝ ռեցիդիվի հնարավորություն ևս չկա, Վ. Պետրոսյանը նախկինում դատապարտված չի եղել, իսկ մեղադրյալի վտանգավարությունը գնահատվում է անձի «դատական անցյալով»:

Մարի Դոզեն ասաց, որ մարտի 27-ին տուժողների ընտանիքը նամակով պահանջել է Վ. Պետրոսյանին դուրս բերել հիվանդանոցից և տանել «իսկական բանտ», ինչը երկու օր անց ի կատար է ածվել:

«Բայց Դուք պետք է լավ հասկանաք և մենք բոլորս էլ պետք է հասկանանք, որ այս մարդու մահն էլ չի բավարարելու տուժողներին: Եվ դա է ողբերգության օրենքը, կանոնը, սակայն դա որևէ առնչություն, աղերս չունի արդարադտության հետ»:

Փաստաբանն ասաց, որ նախորդ դատական նիստի ընթացքում խոսել է «մասկարադի մասին», բայց իր կարծիքով՝ այն կարող կանգ առնել:

Նշենք, որ Մարի Դոզեի ելույթին հաջորդեցին ծափահարությունները:
Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Տեսանյութեր

Լրահոս