Խորհրդարանական եռյակն` ընդդեմ ԲՀԿ-ՀՀԿ դաշինքի
Երեկ խորհրդարանում կառավարության ներկայացրած հերթական օրենսդրական նախաձեռնության շուրջ տեղի ունեցած քննարկումը ցույց տվեց, թե իրականում իրարից որքան տարբերվող մոտեցումներ ունեն որպես ոչ իշխանական քառյակ հանդես եկող ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և «Ժառանգությունը»` մի կողմից, և ԲՀԿ-ն` մյուս կողմից: Խորհրդարանում քննարկվում էր «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին կառավարության նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է հանել խոշոր ընկերությունների կողմից պարտադիր աուդիտ անցնելու պահանջը:
Այս պահանջը վերաբերում էր 1 միլիարդից ավելի շրջանառություն և մեկ միլիարդից ավելի հաշվեկշռային ակտիվներ ունեցող ընկերություններին: Այդպիսի ընկերությունների թիվը մոտավորապես 940 է, իսկ տարեկան աուդիտ իրականացնելու միջին ծախսը` 2 միլիոն դրամ:
Խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտի անցկացման պահանջը մտցվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության կողմից, և դա ներկայացվում էր` որպես խոշոր ընկերությունների գործունեությունը թափանցիկ դարձնելու և այդ ընկերությունները հանրային հաշվետվողականության դաշտում պահելու միջոց: Այն ժամանակ կառավարության պաշտոնական տեսակետին հակադրվողներն ասում էին, որ Տիգրան Սարգսյանը և նրա մերձավոր շրջապատը անձնական շահագրգռություն ունեն այս օրենքի ընդունման հարցում, քանի որ իրենք փոխկապակցված են աուդիտորական կազմակերպությունների հետ, և այս օրենքի ընդունման միջոցով աուդիտորական կազմակերպություններին ապահովում են երաշխավորված պատվերներ: Դժվար չէ հաշվել, որ աուդիտորական ընկերությունների տարեկան շրջանառւթյունը կարող էր կազմել մոտ 2 միլիարդ դրամ, որը բավական պատկառելի գումար է:
Հիմա կառավարությունն առաջարկում է հանել այս պահանջը` հիմնավորելով, որ աուդիտորական կազմակերպությունների կողմից խոշոր ընկերություններում անցկացված աուդիտը ոչնչով չի օգնում նրանց հանրային հաշվետվողականությանը: Բացի այդ, նշվում է, որ աուդիտ իրականացրած ընկերությունները որևէ պատասխանատվություն չեն կրում իրենց ներկայացրած աուդիտի համար, այսինքն` նրանք ընդամենը թուղթ են վաճառում խոշոր ընկերություններին: Բերվում է այսպիսի օրինակ. աուդիտորական ընկերությունը ստուգում է անցկացրել որևէ խոշոը ընկերությունում, և որևէ խախտում նրա հաշվապահության մեջ չի հայտնաբերել: Դրանից հետո ստուգումներ է անցկացնում հարկային տեսչությունը և հայտնաբերում է մի քանի միլիոնի հավելյալ հարկային պարտավորություն և տուգանում ընկերությանը հարկային պարտավորությունները չկատարելու համար: Աուդիտորական ընկերությունը, աուդիտ իրականացրած աշխատակիցը ոչ նյութական, ոչ վարչական որևէ պատասխանատվություն չի կրում այն բանի համար, որ թերի աուդիտ է իրականացրել:
Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի վճարել աուդիտորական ընկերությանը, եթե նա պատասխանատու չէ իր մատուցած ծառայության համար:
Սա պաշտոնական բացատարությունն է, թե ինչու պետք է պարտադիր աուդիտի պահանջը հանվի: Իսկ ոչ պաշտոնականն այն է, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը փորձում է սրբագրել Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության հետևանքները` խոշոր ընկերություններին ազատելով աուդիտորական ծառայություններին վճարելու պարտադրանքից:
Ամեն ինչ կարծես պարզ է. ՀՀԿ-ականները որպես խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ` պետք է կողմ լինեն այս նախագծին, իսկ խորհրդարանական քառյակը պետք է կողմ լինի Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության ժառանգության սրբագրմանը` որպես այդ կառավարության գործունեության դեմ ամենակատաղի պայքար մղած խմբակցությունների ոչ ֆորմալ միավորում:
Բայց պարզվում է, որ քառյակի անդամ խմբակցություններից երեքը դեմ են այս փոփոխությանը և շատ սկզբունքային պատճառաբանությամբ:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն ասում է, որ կարելի էր ոչ թե պարտադիր աուդիտի պահանջն ընդհանրապես հանել, այլ ավելացնել աուդիտորական ընկերությունների պատասխանատվությունը. այնպես, որ նրանք պատասխանատվություն կրեին իրենց իրականացրած աուդիտի համար:
Այս առաջարկը կրկնեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով ասում է, որ թյուր է այն պատկերացումը, թե այս փոփոխությամբ թեթևացվում է գործարար աշխարհի ֆինանսական բեռը: «Ոչ, սրանով մենք ավելի շատ խրախուսում ստվերը»,- ասում է Մինասյանը համոզմունք հայտնելով, որ այս փոփոխության ընդունմամբ բացվում է հրաշալի դաշտ կոռուպցիան ծաղկեցնելու համար: Մինասյանը հայտարարում է, որ սրանով ոչնչացվում է խոշոր ընկերությունների հանրային հաշվետվողականությունը, այնպիսի ընկերությունների, ինչպիսին նախկին «ԱրմենՏելն» է, հեռահաղորդակցության ոլորոտի, գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարար ընկերությունները:
Իսկ քանի որ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել հանրային հաշվետվողականության վերացմանը, Մինասյանը հայտարարում է, որ իրենք դեմ են քվեարկելու այս փոփոխությանը: Միասյանը հայտարարեց նաև, որ ԱԺ-ում նստած պատգամավորների մեծ մասը իրավունք չունեն մասնակցելու այս փոփոխության քվեարկությանը, քանի որ պարտադիր աուդիտի պահանջը վերաբերում է նաև այն ընկերություններին, որոնց սեփականատեր կամ համասեփականատեր են հանդիսանում պատգամավորները, իսկ դա առաջացնում է շահերի բախում: Օրենքը նման դեպքերում արգելում է պատգամավորին մասնակցել քվեարկությանը:
Կառավարության այս առաջարկին կտրականապես դեմ է նաև ՀԱԿ խմբակցությունը, որի ղեկավար Լևոն Զուրաբյանը հիշեց Ամերիկյան մեծ դեպրեսիան, որը, ըստ նրա` առաջացավ, քանի որ չկար խոշոր ընկերությունների հաշվետվողականությունը հանրության առաջ, և այդ դեպրեսիան հաղթահարվեց միայն նրա շնորհիվ, որ պետությունը պարտադրեց այդ ընկերություններին ավելի բաց և հրապարակային լինել:
Լևոն Զուրաբյանը նշեց երեք պատճառ, թե ինչու է կառավարությունը ցանկանում վերացնել խոշոր ընկերությունների համար առկա պարտադիր աուդիտի պահանջը: Առաջինը՝ մեծահարուստների բացահայտ աջակցությունն է, երկրորդը` Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության սրբագրումը, իսկ երրորդը, ըստ Լ. Զուրաբյանի` պետությունը, ի դեմս Ֆինանսների նախարարության, ցանկանում է կլանել անկախ աուդիտի ինստիտուտը, քանի որ նախապատրաստվում են ընդունել օրենք այլընտրանքային ստուգումների մասին, որի իրավունքը տրվելու է Ֆինանսների նախարարությանը:«Ձեռնարկություններին առաջարկում են, որ նրանք ունենան ոչ թե բաց հաշվետվություններ, այլ բանակցեն հարկային տեսչության հետ: Այսինքն` նրանց հրավիրում են պետական մարմինների հետ ստվերային գործարքի, որն էլ տանում է դեպի կոռուպցիա»,- ասում է Լևոն Զուրաբյանը` բացահայտելով կառավարության կողմից ներկայացված օրենքի փոփոխության իրական շարժառիթները:
Այսպիսով, իրենց ընդդիմադիր համարող երեք խմբակցությունները շատ հստակ դեմ են այս փոփոխությանը` այն համարելով ստվերայնության և կոռուպցիայի խրախուսմանն ուղղված քայլ:
Իսկ ԲՀԿ-ն, ի դեմս տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանի` ընդհակառակը, կողմ է այս փոփոխությանը: Ելույթ ունենալով խորհրդարանում` նա հակադրվում է և Արծվիկ Մինասյանին, և Լևոն Զուրաբյանին, ասելով, որ եթե պարտադիր աուդիտը խոշոր ընկերությունների հանրային հաշվետվողականությունը ապահովող միջոց է, ինչո՞ւ այս օրենքի գործողության ընթացքում չի եղել որևէ բացահայտում, որը կատարվել է աուդիտորական ընկերությունների կողմից, ինչու չի եղել որևէ հոդված, որևէ ատենախոսություն, վերլուծություն, թե ինչպես է պարտադիր աուդիտի ինստիտուտն օգնում խոշոր ընկերություններին ավելի թափանցիկ աշխատել: Մելքումյանը կրկնում է ՀՀԿ-ականների նույն հիմնավորումներն այն մասին, որ աուդիտորական ընկերությունները ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց գործունեության համար, հնարավոր է, որ նրանք ընդհանրապես ծանոթ էլ չեն այն ընկերության գործունեության հետ, որտեղ աուդիտ են իրականացրել. ուղղակի վերցնում են այդ ընկերության հաշվապահական հաշվառման փաստաթղթերը և դրա հիման վրա կազմում իրենց եզրակացությունը: Մելքումյանն այսպիսով հիմնավորում է, թե ինչու է ԲՀԿ-ն կողմ այս փոփոխությանը:
ՀՀԿ-ի մասին ընդհանրապես խոսք չկա. ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ոչ միայն հայտարարում է, որ իրենք կողմ են այս փոփոխությանը, այլ ԱԺ ամբիոնից վիրավորում է այս փոփոխության դեմ հանդես եկողներին՝ ասելով. «Ո՞ւմ հորեղբոր տղեն է այնտեղ աշխատում, որ ամբախ- զամբախ ելույթ են ունենում»:
ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի տեսակետներն այս հարցում մեկը`մեկին համընկնում են. և սա պատահական չէ, քանի որ, ինչպես իրավացիորեն համոզված են Արծվիկ Մինասյանը և Լևոն Զուրաբյանը, այս փոփոխությունն ուղղված է խոշոր բիզնեսի շահերի սպասարկմանը, իսկ այս երկու խորհրդարանական խմբակցությունները կազմված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից և սպասարկում են խոշոր բիզնեսի շահերը: Եվ Արծվիկ Մինասյանի պահանջը, ըստ որի` այս փոփոխության քվեարկությանը չեն կարող մասնակցել խոշոր ընկերություններում սեփականություն ունեցող անձինք, հավասարապես վերաբերում է թե ՀՀԿ-ին և թե ԲՀԿ-ին: Եվ եթե իսկապես այդ մարդիկ չմասնակցեն քվեարկությանը, ԱԺ-ում օրենքի քվեարկության ժամանակ քվորում չի լինի:
Բայց կա նաև մեկ այլ խնդիր: Խորհրդարանական քառյակը ձևավորվել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականը պահանջելու համար: Այդ քառյակը ձևավորել էր ԲՀԿ-ն, քանի որ հենց ԲՀԿ-ն էր հանդիսանում Սարգսյանի ղեկավարած կառավարության ամենամոլի հակառակորդը: Քառյակը հասավ իր նպատակին և հիմա ձևավորվել է նոր կառավարություն. մի կառավարություն, որը իրականացրած քայլերն ուղղված լինելով Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեության արդյունքների սրբագրմանը, ըստ ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, նպաստում են ստվերի և կոռուպցիայի ընդլայնմանը և խրախուսմանը: Ստացվում է, որ նույն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» պայքարել են հանուն մի կառավարության ձևավորման, որը հովանավորում է ստվերն ու կոռուպցիան: Որևէ նշանակություն չունի, որ նրանք դժգոհ են այդ կառավարության գործունեությունից, փաստն այն է, որ այս կառավարությունը ձևավորվել է իրենց պայքարի արդյունքում: Կարևորն այն է, որ ԲՀԿ-ն գոհ է նոր կառավարության ձրավորումից և դրա գործունեությունից ու չի էլ թաքցնում դա: