«Կոլերովը սենսացիոն բացահայտում է անում և նաև խայտառակ վիճակի մեջ է դնում ռուսական քաղաքականությանը»

«Կոլերովի հոդվածը մի քիչ դժվար է վերլուծություն անվանելը, քանի որ այն սպառնալիքներ է պարունակում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովի վերջին հրապարակումը` «Հայաստանը հրաժարվեց եվրասիական ինտեգրումից և Ղարաբաղի մասնատումից» խորագրով:

Իր հոդվածում Մոդեստ Կոլերովը անդրադարձել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարարության (թե Մաքսային միության սահմանները անցնելու են ՀՀ-ի` ներկայումս ընդունված սահմաններով, իսկ ԼՂՀ-ի անդամակցության հարցը չի քննարկվում) առնչությամբ իշխող Հանրապետական կուսակցության պաշտոնական մեկնաբանությանը, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն միասնական տնտեսական տարածք են: Կոլերովը եզրակացրել է, որ Հայաստանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի մասնատման գնով միանալ եվրասիական ինտեգրացիոն նախագծին:

Ըստ Կոլերովի` պաշտոնական Երևանը, հայտարարելով, թե Հայաստանի և ԼՂՀ-ի միջև չի կարող մաքսային սահման լինել, խախտել է երկու կարևոր պայմանավորվածություն` առաջինը, որ ՄՄ-ի մասով Հայաստանի գործընկերները «լռության ռեժիմով» համաձայնել են, որ Ղարաբաղի մաքսային ապրանքները կդիտարկվեն որպես ապրանքներ Հայաստանից, եթե վերջինս նշվի որպես դրանց ծագման երկիր, և երկրորդը, որ Հայաստանն ինքը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի տնտեսական տարածքը որպես միջազգային իրականություն` հրաժարվելով ճանաչել նաև ԼՂ անկախությունը և իրավաբանորեն հռչակել այն իր տարածք:

Ստեփան Սաֆարյանի խոսքով` ռուս քաղաքագետը, մեղադրելով Երևանին, թե վերջինս խախտել է երկու հիմնարար պայմանավորվածությունները, շրջանցում է մի շարք կարևոր հանգամանքներ ու չի ցանկանում ասել, թե այդ հարցում ինչ էր խոսք տվել Ռուսաստանը և ինչ չկարողացավ անել:

Կարդացեք նաև

Ըստ նրա` ռուսները դեկտեմբերի 2-ին Հայաստանի համար խոստացել էին անվտանգության բարձիկ, խոստացել էին հարյուրավոր ապրանքատեսակների համար զգայունություններ` կա´մ արտոնությունների, կա´մ լրացուցիչ աջակցության տեսքով, խոստացել էին, որ Մաքսային միության անդամակցությունից հետո, ինչպես Պուտինն է ասում, «Հայաստանն իրեն վստահ կզգա»:

Սաֆարյանի կարծիքով` Կոլերովի սպառնալիքը կայանում է նրանում, որ Ռուսաստանը, Մինսկի խմբի ակտիվացման և Ուորլիքի 6 կետերի ֆոնի վրա, կարող է մոռանալ Արևմուտքի հետ «սառը պատերազմի մասին» և մի կողմ դնելով «տարածքներ` անկախության դիմաց» բանաձևը, ԱՄՆ-ի հետ խաղալ նույն դաշտում և իրականացնել Լեռնային Ղարաբաղի մասնատումը:

«Իր կարծիքով` ներկայումս ղարաբաղյան խնդրի ակտիվացումը և դրան Երևանի համաձայնությունը նշանակում է համաձայնել Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը: Մոռանալով, թե ինչ պարտավորվածություններ են եղել Մոսկվայի կողմից` փորձում է մեղքը գցել Երևանի վրա, թե վերջին շրջանի հայատարարություններով խախտում դասական պայմանավորվածությունները և ավելի անհնար է դարձնում Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը: Կոլերովն, ըստ էության, սպառնալիք է հնչեցնում, որ հայեր, նայեք, որքան էլ Ռուսաստանը «սառը պատերազմի» մեջ է ԱՄՆ-ի և Արմուտքի հետ, այնուամենայնիվ, այն կարող է այնքան էլ սառը չլինել գոնե ղարաբաղյան հարցում, և մենք կարող ենք միանալ, ու դուք իսկապես ստիպված կլինեք մասնատել Լեռնային Ղարաբաղը, չնայած այդ «սառը պատերազմին»` մենք կարող ենք համաձայնել ամերիկացիների հետ, և Ուորլիքի կետերն իրականացվեն:

Չափազանց տհաճ սպառնալիք է հնչեցնում, թե քանի որ Հայաստանի նախագահը խախտում է իր պայմանավորվածությունները, որոնց համաձայն է եղել Մաքսային միության եռյակը, հետևաբար` Երևանը կարող է սպասել այդպիսի զարգացման, որ Ռուսաստանը առարկություններ չդնի Մինսկի խմբում և ամերիկացիների հետ խաղա նույն դաշտում: Նա ասում է, թե դուք այն ժամանակ խոստացել էիք չճանաչել Ղարաբաղը, իրականում նա շատ ունիկալ բացահայտում է անում ու նաև շատ խայտառակ վիճակի մեջ է դնում ռուսական քաղաքականությանը, որը մեզ համոզում էր, թե ճանաչեք Ղրիմը, որովհետև դա նույնական է Ղարաբաղի հետ: Հիմա Կոլերովը սենսացիոն բացահայտում է անում, որ մենք ձեզ ասել էինք, դուք համաձայնել էիք, որ չեք ճանաչելու Ղարաբաղը:

Այդ դեպքում ստացվում է, որ Կոլերովը թաքցնում է այն, որ Ռուսաստանն ինքն է «քցել» Հայաստանին, որովհետև համոզելով ՄԱԿ-ի վեհաժողովում դեմ քվեարկել Ղրիմի բանաձևին, որ Հայաստանում խոսեն Ղրիմի և Լեռնային Ղարաբաղի նախադեպերի մասին` հիմա ցույց է տալիս, որ դա ոչ մի գրոշի արժեք չունի»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս