Բաժիններ՝

Ըստ ԿԲ նախագահի՝ 6 միլիարդ դոլարի արտահոսքը իրականությանը չի համապատասխանում

Հայաստանից փողերի արտահոսքի հրապարակումը Համաշխարհային բանկը չի արել, դա ՀԲ մի խումբ մասնագետներ էին արել, և դա ՀԲ կարծիքը չի: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում արեց ԿԲ նախագահի թեկնածու Արթուր Ջավադյանը՝ հակադարձելով ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանին, ով հարց բարձրացրեց 11 տարում ՀՀ-ից 6 մլրդ դոլարի արտահոսքի վերաբերյալ:

«Որպես ԿԲ՝ մենք տիրապետում ենք բոլոր հոսքերին և արտահոսքերին, և վերջին 5 տարիներին ներհոսքը դեպի ՀՀ ավելի շատ է եղել, քան արտահոսքը: Նրանց ուսումնասիրության մեթոդաբանությունն այլ է եղել»,- հավաստիացրեց Ջավադյանը՝ հավելելով, որ մասնագետները հաշվի չեն առել այն առանձնահատկությունը, որ ՀՀ-ում կա. «Հաշվում են, որ ինվոյսային որոշ գումարներ, որ պետք է գային ՀՀ, չեն եկել և գնացել են: Հստակ գրում են մի բան, որ չի համապատասխանում իրականությանը: Բայց հստակ երևում է՝ ինչքան գումար մտավ, ինչքան դուրս եկավ բանկային ու վճարահաշվարկային համակարգով: Նրանք հիմնվել են ենթադրության վրա՝ զարգացած երկրների առևտրային հարաբերություններ են ուսումնասիրել, հաշվի չառնելով, որ մենք կիրառում ենք հսկիչ գներ»։

Ջավադյանը հայտնեց, որ ուսումնասիրության հեղինակների ու ՀԲ հետ հանդիպում է կազմակերպվելու և քննարկում է արվելու: «Եկեք մեր առօրյայից այդ հարցը ջնջենք»,- կոչ արեց Ջավադյանը:

Լ.Զուրաբյանը հակադարձեց, թե հսկիչ գների պրակտիկան ապօրինի է, և այդտեղ էլ թաղված է շան գլուխը. «Միգուցե չարաշահումներն հենց այդտեղ են արվո՞ւմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս