Գառնիկ Իսագուլյան. Ուորլիքի հայտարարության մեջ շեշտադրումներն ամենևին էլ հայանպաստ չեն

«Մենք դիվանագիտություն սիրող գերտերություն ենք: Ցանկացած տաղավարում, որտեղ նարդի են խաղում, քննարկվում են դիվանագիտական խնդիրներ, և կարծում եմ, Շավարշ Քոչարյանից բացի, հայ ժողովուրդն ամբողջությամբ դիվանագիտության դաշտում է»,- այսօրվա ասուլիսում ասաց նախկին Գերագույն խորհրդի պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը` խոսելով վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ միջազգային ակտիվության մասին:

Ազատ Արշակյանը հիշեց Մեծ յոթնյակի (G7) հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոն ուժային մեթոդներով փոխել չի կարելի, և նաև Մեծ քսանյակին (G20), որի անդամները, ըստ Ազատ Արշակյանի, հայտարարել են, որ իրենք տեր են այդ ստատուս-քվոյին:

«Կարծում եմ, բանաձևն այն է, որ աշխարհը պաշտպանում է մեր նվաճած կարգավիճակը, մենք արդարացի գործ ենք արել, մենք խախտել են կայսրությունների ժամանակ կամայականորեն և անարդարացիորեն ձևավորված սահմանները և մենք ունենք այդ վերանայման իրավունքը: Հայ ժողովրդի անվտանգությունն Ադրբեջանի տարածքում երաշխավորված չէ, ոչ ոք չի ուզում նոր ցեղասպանություն: Նշանակում է, որ աշխարհը մեզ պաշտպանում է, ուրեմն պետք է պահանջատեր լինել,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Ուորլիքի ելույթին և նրա մատնանշած 6 կետերին, Ազատ Արշակյանը կարծիք հայտնեց, թե այդ 6 կետերը մեր նվաճումներն արդարացնող դիվանագիտական ձևակերպումներ են, և այս հայտարարությամբ Արևմուտքը, առանձին կամ Ռուսաստանի հետ միասին, ֆիքսում է, որ տեր է այդ կարգավիճակին և որևէ մեկին թույլ չի տա, որ այդ կարգավիճակը խախտվի:

Կարդացեք նաև

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, արձագանքելով Ազատ Արշակյանին, ասաց, թե իրենք, կարծես թե, տարբեր հայտարարություններ ենք կարդացել:

«Ուորլիքը նույնիսկ չգիտի, որ փախստականներ կան նաև Ադրբեջանից, ընդ որում` ավելի շատ, քան Լեռնային Ղարաբաղից: Սա նշանակում է, որ այդ հայտարարության մեջ շեշտադրումներն ամենևին էլ հայանպաստ չեն: Եթե ասեր` Ստեփանակերտն էլ պիտի ազատեք, դու պետք է ասեիր, որ քսանյակը հայտարարություն է արել, և Յորլիքը կամ Օրլիքը հայանպաստ հայտարարություն է անում, հա՞,- պատասխանելով Արշակյանին` ասաց Իսագուլյանը:- Մարդն ասում է` այս խաղաղությունը չի կարող երկար շարունակվել, կարծես թե, այդ խաղաղությունը 20 տարի իրենց ուժերով է պահպանվել: Նախ, ի՞նչ խաղաղապահ ուժեր, եթե Ղարաբաղի բանակը շատ լավ էլ այդ խաղաղությունը պաշտպանում է:

100 տեղ գիտեմ, որտեղ ամերիկյան զինվորները կանգնած էին` որպես խաղաղապահ, բայց մարդկանց ցեղասպանության են ենթարկել: Մեզ այդ խաղաղապահներն այսօր պետք չեն… Հիմնական դերակատարներին, որոնք մեր տարածաշրջանում որոշակի լծակներ ունեն և կարող են որոշակի ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման մեջ, բացարձակապես չի հետաքրքրում ո´չ Ղարաբաղի, ո´ր ադրբեջանցի ժողովրդի և ո´չ էլ հայ ժողովրդի ճակատագիրը:

Ընթանում են աշխարհաքաղաքական գործընթացներ, և ամեն մեկն իր խնդիրն ուզում է լուծել մյուս պետությունների հաշվին: Պարզ է, որ այսօր Արևմուտք-Ռուսաստան մեծ հակադրություն կա, և ԱՄՆ-ին ուղղակի անհրաժեշտ են տարբեր օջախներ, որպեսզի կարողանա լուծել իր աշխարհաքաղաքական խնդիրները: Պարոն Ուորլիքի հայտարարությունն ամենևին կապ չուներ հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի հետ:

Եթե 1994 թ. մայիսի մինչև հիմա` արդեն 20 տարի, ո´չ միջնորդները, ո´չ պետությունների ղեկավարները և ո´չ էլ հասարակությունները չեն կարողացել գալ մի վիճակի, որ ասեն` այս բնագավառում դրական տեղաշարժ է տեղի ունեցել, նշանակում է` այդ կոնֆլիկտն այլևս քաղաքական լուծում չունի, և այն ստատուս-քվոն, որը հաստատված է, ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղը հենց այս կարգավիճակով հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության երաշխավորը: Եվ երբ հանկարծ այդ կարգի պետության դիվանագետը, որը, կարծես թե, պիտի խորացած լիներ հարցի մանրամասների մեջ, ասում է, որ ստատուս-քվոն այլևս շարունակել չի կարելի, դրանից հետո չարժի էլ, որ նրան ուշադրություն դարձնենք»:

 

Տեսանյութեր

Լրահոս