«Մայդանը» ԱՄՆ-ի քաղաքականության ու ֆինանսավորման արդյունք է. Նովրուզ Մամեդով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Մամեդովն անընդունելի է համարել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ դեսպանի արած հայտարարությունները, որոնք առնչվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակությանը ճնշելուն.

«Ադրբեջանի համար անընդունելի է նման վերաբերմունքը: Միժամանակ ընդգծում եմ, որ միջազգային հանրության ընդունած նորմերով դեսպանի առաքելությանը չեն համապատասխանում երկրների ներքին գործերին միջամտելու գործողությունները:

Դեսպանի տվյալ քայլը կոպտորեն ոտնահարում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կետերը: Դեսպանը կարող է ներկայացնել իր դիրքորոշումը, սակայն չի կարող մեզ դասեր տալ՝ օգտագործելով խրատական տոն»:

Անդրադառնալով Մորնինգսթարի այն հայտարարությանը, թե ուկրաինական «մայդանը» կարող է կրկնվել նաև Ադրբեջանում՝ Մամեդովն ընդգծել է, որ համայն աշխարհում քաջ հայտնի է, թե ով է ոգեշնչել Ուկրաինայի իրադարձությունները: Մամեդովի խոսքերով՝ «մայդանը» ԱՄՆ-ի քաղաքականության ու ֆինանսավորման արդյունք է.

«Այդ մասին միջազգային ԶԼՄ-ներում հրապարակվել են վիթխարի քանակությամբ նյութերը: Հրապարակվել է տեղեկատվություն՝ ընդհուպ մինչև այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են ամերիկացիների կողմից ֆինանսավորման վրա կատարած ծախսերը: «Մոլոտովյան կոկտեյլները», որոնք 2013 թվականին ընդդիմադիր երիտասարդությունը պատրաստում էր գործածել Ադրբեջանում, նույնպես պատրաստվել են ԱՄՆ-ի աջակցությամբ: Դրա հետ կապված՝ կան կոնկրետ փաստեր»:

Մամեդովն ընդգծել է, որ Ադրբեջանում որոշակի ուժեր քանիցս ձեռնարկել են նման սցենարների փորձեր, սակայն դրանք բոլորն էլ ձախողվել են. «Կառավարության ներքին ու արտաքին քաղաքականությունը ծառայում է բացառապես ազգային շահերին, և դրա համար էլ իրավիճակն այստեղ այլ է»:

Տեսանյութեր

Լրահոս