Ադրբեջանում կարող է կրկնվել «եվրամայդանը». Ռիչարդ Մորնինգսթար
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն անդրադարձել է Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրներին.
«Մենք ակնդետ հետևում ենք Ադրբեջանի վերջին իրադարձություններին, ինչը հատկապես վերաբերվում է քաղաքական ակտիվիստների նկատմամբ ճնշումներին ու նրանց կալանավորմանը: Այդ թեման մշտապես առաջնահերթ է եղել մեզ համար:
Մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություններ է կառուցում միայն ժողովրդավարական երկրների հետ: Ադրբեջանի կառավարությունը երբեմն գործում է ԱՄՆ-ի համար անհասկանալի քայլեր:
Ես փորձում եմ ելնել ադրբեջանական կառավարության տրամաբանությունից և հասկանալ նրանց դիրքորոշումը: Նրանք վստահեցնում են, որ հարկադրված են ձեռնարկել նման քայլեր` հանուն երկրի կայունության: Ասում են, թե Ադրբեջանը գտնվում է շատ վտանգավոր տարածաշրջանում: Դա, հիրավի, այդպես է, սակայն մենք ունենք այլ դիրքորոշում:
Մենք կարծում ենք, որ որքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ամուր կլինի կայունությունը: Դա բխում է ինչպես բուն հասարակության, այնպես էլ երկրի կառավարության շահերից: Սակայն այն երբեմն ձեռնարկում է անհասկանալի ու ոչ անհրաժեշտ քայլեր, ինչը, մասնավորապես վերաբերում է քաղաքացիներին տառապանք պատճառելուն:
Սակայն մենք մշտապես ասել և ասելու ենք, որ Ադրբեջանի կառավարության հետ խոսելու ենք ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին: Եթե կառավարությունը շարունակի իրագործել իր կոշտ գիծը, քաղաքացիական հասարակությանը թույլ չտա շունչ քաշել, ապա «Մայդանի» իրադարձությունները կարող են կրկնվել Բաքվում:
Եթե ոչ այսօր, ապա` 5-10 տարի անց: Եթե էլ ավելի խաթարվեն քաղաքացիական հասարակության հնարավորությունները, ապա կմեծանա նման իրադարձությունների ռիսկը»:
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու է պաշտոնական Բաքուն հետապնդում հենց արևմտամետ ակտիվիստներին` Մորնինգսթարն ընդգծել է, որ Ադրբեջանի կառավարությունը «մոնոլիտային» չէ, դրանում կան այնպիսի ուժեր, որոնք ձգտում են վատթարացնել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները և խնդիրներ ստեղծել արևմտյան կազմակերպությունների աշխատանքի համար:
Մորնինգսթարը հավելել է, որ Ադրբեջանի կառավարությունում կա նաև «արևմտամետների» բազմաթիվ խումբ: Դեսպանը կտրականապես չի համաձայնվել այն պնդումների հետ, որ նախագահ Իլհամ Ալիևն անձամբ տրամադրված է Արևմուտքի դեմ: Մորնինգսթարն ընդգծել է, որ Ալիևին ճանաչում է արդեն 19 տարի և կարող է նրա հետ անկեղծ խոսել յուրաքանչյուր թեմայի շուրջ:
Մորնինգսթարը հերքել է նաև այն պնդումները, թե Վաշինգտոնը ժողովրդավարությունը զոհաբերում է հանուն էներգետիկ շահերի. «Դա այդպես չէ: Մենք չենք պատրաստվում Ադրբեջանից գնել նավթ ու գազ: Մենք պարզապես ցանկանում ենք Ադրբեջանի օգնությամբ թուլացնել Եվրոպայի գազային շուկայում Ռուսաստանի մենատիրությունը»:
Ընդգծվում է, որ Ադրբեջանում Մորնինգսթարի դիվանագիտական առաքելության ժամկետն ավարտվում է 2014 թվականի ամռանը: