
Երկրաբանական համատեղ հետազոտությունների կշարունակվեն

Մայիսի 13-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Թբիլիսիում ստորագրել է «Հարավային Կովկաս` երկրի մասին գիտություններ» միջազգային հետազոտական խմբի (GDRI) հիմնադրման համաձայնագրում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին փաստաթուղթը, որով երկարացվում է «Հարավային Կովկաս` երկրի մասին գիտություններ» միջազգային հետազոտական խմբի (GDRI) գործունեության ժամկետը:
Հիշեցնենք, որ GDRI միջազգային գիտահետազոտական խումբը կազմավորվել է 2009 թ. ՀՀ ԿԳՆ եւ Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում անցկացված միջազգային գիտահետազոտական խմբերի կազմավորման ծրագրերի մրցույթի արդյունքում: Հայկական կողմից մրցույթում հաղթել էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը: GDRI-ի գործունեության առաջին փուլի ընթացքում՝ 2009-13 թթ. հայկական կողմից ծրագրին մասնակցած 17 հոգանոց խումբն իրականացրել է հետազոտություն՝ «Փոքր Կովկասի լեռնաշղթայի երկրադինամիկ էվոլյուցիան՝ ազդեցությունը բնական ռեսուրսների, ակտիվ տեկտոնիկայի եւ ռիսկի վրա» թեմայով: GDRI-ում հայկական կազմակերպության հետ ընդգրկված են ֆրանսիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի գիտական կազմակերպություններ:
Ծրագրի նպատակն է տարածաշրջանի երկրաբանական հետազոտությունների իրականացման գործում երկրների միջեւ համագործակցության զարգացումը: Ծրագրի շրջանակներում իրականացվել են միջազգային գործուղումներ, համատեղ գիտական հանդիպումներ, համատեղ հրատարակումներ եւ այլն:
ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին