Բժշկին կհրավիրեն դատարան՝ «սթափ» բառի «ս» տառի պարզաբանման համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը: Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նիստի ընթացքում դատարանում միջնորդեց նոր վկաներ հրավիրել դատարան: Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստի ընթացքում հետազոտվել է Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրությունը, որից հետո տուժող կողմը կասկածներ է հայտնել արձանագրության մեջ «օրգանիզմի հետազոտությունը» մասում «հետազոտման արդյունքը» սյունակի դիմաց նշված «սթափ» բառի վերաբերյալ:

Ըստ Ռ. Բալոյանի՝ բացի դա՝ «հետազոտման արդյունքը» սյունակում պետք է նշված լինեին թվեր, մինչդեռ բացակայում են, իսկ դրանց փոխարեն գրված է «սթափ» բառը: ««Սթափ» բառի «ս» տառը պարզ տեսանելի ուղղված է կամ ջնջված, կամ, չեմ կարող ասել: Բացի դա «սթափ» բառը պետք է գրված լիներ «եզրակացություն» սյունակում, ինչը կատարվել է «Նիվայի» վարորդ Արթուր Հակոբյանի դեպքում: Հարգելի դատարան, տուժող կողմի մոտ կասկածներն էլ ավելի խորացան, երբ ամբաստանյալի պաշտպան՝ Ն. Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց իր կողմից «Նաիրի» բ/կ-ի տնօրեն Ա. Վերանյանին կատարված հարցման օրինակը և դրան կից, վարորդի՝ Վ. Պետրոսյանի սթափության վիճակի 113 զննության արձանագրության 2-րդ պատճեն: Պաշտպանի կողմից ներկայացված արձանագրության, ինչպես իրենք են ասում, 2-րդ օրինակի մեջ «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ»: Մինչդեռ քրեական գործի 1-ին հատորի գթ. 18-ում առկա նույն Վ. Պետրոսյանի սթափության վիճակի թիվ 113 զննության արձանագրության, ինչպես իրենք են ասում, բնօրինակում «արտաշնչված օդի հետազոտությունը» մասի 1-ին ենթակետում, մեթոդը՝ նշված է միայն «ալկոմետր» բառը և բացակայում է «օդի մեջ ալկոհոլի հոտ» նախադասությունը: Ուղղակի անհասկանալի արձանագրություն է այն պարզ պատճառով, որ 2 օրինակից կազմված արձանագրության բնօրինակում և դրա կապիրովկայով հանված 2-րդ օրինակում առկա բովանդակությունները միմիյանցից էապես տարբերվում են: Տարբերությունն էլ կարևորում եմ նրանով, որ սույն գործի համար կարևոր նշանակություն ունեցող, անձի ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվելու փաստը ապացուցող միակ փաստաթուղթն աղավաղված է: Եթե արձանագրությունը կազմվում է 2 օրինակից, կապիռովկայով, այս դեպքում անհասկանալի է, թե ինչպես է նույն արձանագրության 2-րդ օրինակի վրա հայտնվում «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հետ» նախադասությունը»,- ասաց Ռուբեն Բալոյանը:

Նա նշեց, որ որևէ կերպ չի կարողանում հասկանալ և մեկնաբանել արձանագրությունը կազմող «Նաիրի» բժշկական կենտրոնի բժիշկ Համազասպ Գևորգյանի գործողությունները: Նա միջնորդեց բժշկին հրավիրել դատարան՝ նշելով, որ միգուցե նա դատարանում կպարզաբանի, թե ինչու են իր կողից կազմված 2 օրինակից բաղկացած արձանագրության բնօրինակում առկա գրառումները այսպես հակասում նույն արձանագրության 2-րդ օրինակում առկա գրառումներին:

Ռոիբեն Բալոյանն ասաց, որ Կոտայիք մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից իրեն է ուղարկվել դատական գործի նյութերին կցված աթափության վիճակի զննության արձանագրությունը, որի ««արտաշնչված օդի մեջ հետազոտությունը» մասում նույնպես, ըստ Ռ. Բալոյանի, նշված է «ալկոմետր, արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հետ» նախադասությունը:

Ելնելով այս ամենից՝ Ռ. Բալոյանը խնդրեց Համազասպ Գևորգյանին հրավիրել դատարան և հարցաքննել:

Վարդան Պետրոյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այդ բժշկին մասնավոր հարցման է ենթարկել, ով նշել է, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է սթափ վիճակում, «ս« տառը գրված չէ ջնջումով, այն տառի մասնիկ է: Ն. Բաղդասարյանը առարկել միջնորդության դեմ: Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ խմածության հարցի վերաբերյալ իր կարծիքն ավելի ուշ կհայտնի, իսկ այժմ միանում է իր պաշտպանի դիրքորոշմանը: Դատավոր Վաղինակ Մկրտչյանն, ի վերջո, որոշեց բավարարել Ռուբեն Բալոյանի միջնորդությունը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս