Մոսկվայում գործատուները ռուսերեն կսովորեցնեն աշխատանքային ներգաղթյալներին
Ռուսական Известия թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան վերսկսում է ներգաղյթալների մշակութային ադապտացման ծրագիրը: Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության մայրաքաղաքային վարչության՝ ազգային համայնքների հետ աշխատանքի գծով բաժնի պետ Տատյանա Դմիտրիևան:
Նրա խոսքերով՝ իրենք ցանկանում են ծրագիրը տարածել ոչ միայն բուն եկվորների, այլև՝ նրանց ընտանիքների անդամների վրա: Օրինակ, ներգաղթյալներն իրենց կանանց ու երեխաների հետ կարող են անվճար կամ զգալի զեղչով այցելել թանգարաններ, ցուցահանդեսներ և մշակութային այլ օբյեկտներ:
Դմիտրիևան հավելել է, որ աշխատելու նպատակով Մոսկվա ժամանած երիտասարդները, օրինակ Կենտրոնական Ասիայից, դպրոցներում չեն սովորել ռուսերեն, քիչ են ադապտացված և կարիք ունեն աջակցության.
«Մենք նկատում ենք, որ ներգաղթյալներն այսօր այն մարգինալ անձինք չեն, որոնք բնակվում են նկուղներում: Սովորաբար նրանք վարձակալում են սենյակներ կամ բնակարաններ, փորձում են բազմազան դարձնել իրենց ազատ ժամանակ, օրինակ կինո են գնում:
Ռուս գործատուներին շուտով կարող են պարտավորեցնել ռուսերեն սովորեցնել աշխատանքային ներգաղթյալներին: Ներգաղթյալների սոցիալական ադապտացման գործընթացին անհրաժեշտ է ներգրավել գործատուներին, որպեսզի նրանք իրենք մոտիվացնեն աշխատանքային ներգաղթյալներին, խրախուսեն ռուսերեն սովորելու նրանց ձգտումները և հնարավոր է՝ անձամբ վճարել նրանց դասընթացների համար:
Տարվում է մոնիթորինգ՝ պարզելու համար, թե որտեղ կա նման ուսուցման անհրաժեշտություն: Դա կարող են լինել և՛ արդյունաբերական, և՛ շինարարական օբյեկտները, և՛ բնակարանային ու կոմունալ տնտեսության ոլորտի ձեռնարկությունները:
Գործատուի ցանկության դեպքում ներգաղթյալները կարող են ունենալ պատմության ու իրավունքի դասընթացներ: Ներկայումս ներգաղթյալների համար այդ ուղղություններով մշակվում են կրթական մոդուլներ»: