Լիբիդո (Libido)
Լիբիդո (libido) նշանակում է` հակում, ցանկություն, սեռական մերձեցման ձգտում…: Ըստ Ֆրեյդի, տեղայնանում է մարմնի տարբեր գոտիներում` որոշելով հոգեսեքսուալ զարգացման փուլերը:
Սերտ կապված լինելով գիտակցության հետ` լիբիդոն նաև անհատական երկարատև էվոլյուցիոն պրոցես է ապրում, աստիճանաբար բարդանալով և կատարելագործվելով: Առանձնացնում են լիբիդոյի ձևավորման մի քանի փուլ:
Պատկերացման փուլ: Ամբողջապես կապված է երեխայի գիտակցության ձևավորման հետ, զուրկ է զգացմունքային նրբերանգից և լիբիդոյի հետ տվյալ ժամանակահատվածում ոչ մի կապ չունի (այդ պատճառով այն անվանում են նաև մինչլիբիդոյական): Այս փուլում երեխան գիտակցում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ բաժանվում են ոչ միայն աղջիկների և տղաների, այլ ավելի լայնածավալ խմբերի` կանանց և տղամարդկանց (մայրիկ և հայրիկ, տատիկ և պապիկ, մորաքույր, հորաքույր, քեռի, հորեղբայր): Երեխան աստիճանաբար գիտակցում է տարբեր սեռերի փաստը և իրեն դասում է երկուսից մեկին: Աղջիկների մոտ առաջանում են սեքսուալ վարքի էլեմենտներ` խաղում է տիկնիկներով, դուստրեր-մայրեր, տուն-տունիկ…:
Ռոմանտիկ փուլ: Պատանիների մոտ բնորոշվում է երևակայություններով, որտեղ կատարվում են երևակայելի հերոսություններ առաջին սիրահարվածության իդեալականացված առարկայի պատվին: Աղջիկների մոտ պարզորոշ նկատվում է սեփական անձին ուշադրություն դարձնելու, դուր գալու ձգտումը, նորից ի հայտ են գալիս երևակայություններ, որոնց հիմնական բովանդակությունը անշահախնդիր հոգատարությունն է քաջ և հիանալի «ասպետի» կողմից:
Հարազատների կողմից կենցաղային խրատներով այս պատրանքները ի չիք դարձնելը կամ պատանու կողմից տարածությունը կրճատելու փորձերն ընկալվում են որպես կոպիտ միջամտություն և անարգանք:
Այս փուլի բնորոշ գծերն են զգացմունքների շիկացումը` քաղցր ողբերգության տարրերով, ինքնահրաժարմամբ և ինքնազոհությամբ, ապրածի բացառիկության համոզմունքով (ոչ ոք, ոչ մի անգամ այսպիսի ողբերգություն չի ապրել): Լիբիդոյի ձևավորման մեջ այս փուլի նշանակությունը ֆիզիոլոգիական բնազդի վեհացումն է` մինչև իսկական մարդկային սերը: Ի տարբերություն պատանու լիբիդոյի սրընթաց սեքսուալ զարգացման, ռոմանտիկ փուլն աղջիկների մոտ դեռ երկար ժամանակ պահպանվում է` սերտ միաձուլվելով էրոտիկ տարրերի հետ:
Էրոտիկ փուլ: Արտահայտվում է քնքշության և գգվանքների ձգտմամբ (բառերով և շոշափելով):
Այս փուլը, որ կանանց սեքսուալության երկարատև որոշիչն է, տղամարդկանց մոտ բավականին արագ փոխվում է սեքսուալ լիցքաթափման պահանջի: Աղջիկների մոտ աստիճանաբար առաջանում է հուզիչ հետաքրքրություն էրոտիկ իրավիճակների հանդեպ, երևակայությունն ավելի զգայական բնույթի է վերածվում, այստեղ ավելի ընդգծված նկատվում է շոշափելու էրոտիկան, մարմնի գեղեցկության կատարելությունը, ձգտումը դառնալ սիրահետման առարկա: Առաջին սիրահարվածության ապրումները էրոտիկ փուլը լրացնում են վառ և անմոռանալի զգացմունքներով և հույսերով, որոնցից շատերը վիճակված չէ իրականացնել:
Սեքսուալ փուլ: Անցնում է առանձնահատուկ հույզերի ֆոնի վրա, որոնք, առաջանալով սեռական հասունացման շրջանում, հետագայում պահպանվում են արտաքին սեկրեցիայի մշտական ազդակներով: Այս դրսևորումները սովորաբար բարձրացնում են անհատական ֆիզիոլոգիական նորմերը (այսպես կոչված` պատանեկան հիպերսեքսուալություն), ուղեկցվում են անկառավարելի երևույթներով` սեքսուալ թեմայի հանդեպ հետաքրքրասիրություն, ինքնաբերաբար ստացվող էրեկցիաների` ընդգծված սեռական գրգռվածությամբ, գիշերային երազախաբությամբ և ձեռնաշարժությամբ (օնանիզմ), ինչը երբեմն պատանիների մոտ առաջացնում է հոգեկան բախում` ձևավորված բարոյաէթիկական սահմանումների և սեփական ես-ի գնահատականի միջև: Կանանց մոտ այս փուլը բնորոշվում է մտերմության ձգտման առաջացմամբ և օրգազմ ապրելու ընդունակությամբ և սկսվում է, որպես կանոն, սեռական կանոնավոր կյանք սկսելու հետ միասին:
Կանանց մոտ այս բուռն զարգացումն ուղեկցվում է նաև էրոտիկ լիբիդոյի ավելի վաղ և ինտենսիվ առաջացմամբ, բայց առանց կանոնավոր սեռական կյանքի կամ մաստուրբացիայի` սեքսուալ լիբիդոն ի հայտ է գալիս հազվադեպ: Ըստ հետազոտությունների, կանանց 22%-ի մոտ ամբողջ կյանքում չի եղել սեքսուալ լիբիդո, ընդ որում, մեծ մասամբ դա կապված է սեռական սխալ դաստիարակության արդյունքում սեռական զգացմունքի ճնշման կամ սեքսուալ զուգընկերոջ անիրազեկության հետ: Հասուն սեքսուալության փուլը բնորոշվում է ներդաշնակ փոխհարաբերություններով` հասկացողության, բարձր-ռոմանտիկ, էրոտիկ և սեքսուալ զգացմունքային տարրերի և բարոյաէթիկական արժեքների, անհատի կողմնորոշմամբ:
Հասունանալով` տղամարդը ձեռք է բերում սեքսուալ վարքի վերահսկողության ընդունակություն, և հակառակ սեքսուալ փուլի` հաջողությամբ ճնշում է սեքսուալ ցանկությունը, երբ այդ ցանկությունն առաջանում է ոչ տեղին կամ ժամանակին, ինչպես նաև հակասում է նրա անձնական բարոյաէթիկական սկզբունքներին: Կանանց մեծ մասին բնորոշ է սեռական ցանկության փուլային ինտենսիվությունը, ընդ որում, կանանց մեծ մասի մոտ լիբիդոյի բարձրացումը լինում է դաշտանային ցիկլի հետ միասին:
ՌԱՖՖԻ Հ. ՋԱՆԵՑՅԱՆ, ուռոլոգ
urolog.am