Շուտով Հայաստանի անկախությունը կդառնա ատավիզմ (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագիծը: Մինչև այժմ գործում է «ՀՀ պետական պարգևների մասին» օրենքը և առանձին շքանշանների և մեդալների մասին օրենքներ, ինչպես, օրինակ, օրենք «Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի մասին», կամ օրենք «Մխիթար Գոշ մեդալի մասին»: Կառավարությունը որոշել է այս բոլոր օրենքները միավորել մեկ օրենքի մեջ և ավելի հստակեցնել այն չափորոշիչները, թե ում ինչ կոչումով կամ շքանշանով կարելի է պարգևատրել, և ինչի համար: Բացի այդ, կառավարությունը, պետական պարգևներից բացի, առաջարկում է մտցնել պետական կոչումների շնորհման ինստիտուտ, որպիսին կար Խորհրդային Հայաստանում: Եթե պետական պարգևների առումով օրենքի նախագիծը որևէ առարկության չհանդիպեց, ապա պետական կոչումներ շնորհելու նախաձեռնությունն արժանացավ ԱԺ մի քանի պատգամավորների խիստ քննադատությանը:
Մասնավորապես, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ վաստակավոր գործչի կամ վաստակավոր կոլեկտիվ կոչումների շնորհումից սովետիզմի հոտ է գալիս, և նախագծի հեղինակները պետք է առաջ նայեն: Օրենքի ավելի արմատական և հանգամանալից քննադատությամբ հանդես եկավ նախկին արտգործնախարար, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը, ով հայտարարեց, որ ներկայացված նախագիծն ատավիզմի դրսևորում է, որը մնացել է Խորհրդային Միությունից: Դիմելով դահլիճում ներկա ՀՀԿ-ականներին, նա հիշեցրեց, որ սովետիզմի ու ռուսիզմի դեմ պայքարի առաջամարտիկներից է եղել նաև ՀՀԿ-ի հիմնադիր լուսահոգի Աշոտ Նավասարդյանը: «Վերհիշեք ձեր կուսակցի անցած ճանապարհը»,- դիմելով ՀՀԿ-ականներին՝ ասաց Արզումանյանը:
Անդրադառնալով «վաստակավոր» կոչման շնորհման պատմությանը, Արզումանյանը նկատեց, որ այն եկել է դեռ կայսերական Ռուսաստանից, երբ որևէ արվետագետի շնորհում էին վաստակավոր «Իմպերատորսկի արտիստի» կոչում, հետո այդ կոչումը վերցրեցին բոլշևիկները: Արզումանյանն ասում է, որ Իսպանիայում, Պորտուգալիայում, Բրիտանիայում, Իտալիայում վաստակավոր կոչումը հենց այդպես էլ բացատրվում է. «Խորհրդային Միությունում ընդունված կոչում», իսկ Գերմանիայում այն համարվում է ԳԴՀ-ում ընդունված կոչում, քանի որ, լինելով սոցիալիստական ճամբարի երկիր, այնտեղ ևս ներդրված էր կոչման այդ համակարգը: Արզումանյանը նշում է, որ կոչումների նման համակարգ այսօր էլ օգտագործվում է Ռուսաստանում, որտեղ ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանց շնորհում են նման կոչումներ, որպեսզի հետագայում այդ մարդկանց օգտագործեն ընտրությունների ժամանակ, ներկայացնելով, թե իշխանության թեկնածուին պաշտպանում են այսքան վաստակավոր արտիստ կամ վաստակավոր հանքափոր:
Նա ուսումնասիրել է, որ Ռուսաստանում առնվազն 67 մասնագիտություն կա, որոնց կրողներին տրվում է վաստակավորի կոչում: Օրինակ՝ վաստակավոր կոնստրուկտոր, մելիորատոր, մեխանիզատոր, հանքափոր, երկրաբան, բնապահպան, ինժեներ, և այսպես շարունակ: Իրեն հատուկ սարկազմով Արզումանյանը կոչ արեց, որպեսզի օրենքի հեղինակները չսահմանափակվեն միայն վաստակավոր նկարիչով կամ արտիստով և Ռուսաստանի օրինակով բոլոր այս մասնագիտությունները կրողներին շնորհեն վաստակավորի կոչում: ՀՀ ԱԺ ներկայացված նախագծով նախատեսվում է 12 մասնագիտություն, որոնց ներկայացուցիչները կարող են արժանանալ վաստակավորի կոչման: Չնայած կան ունիվերսալ կոչումներ, որոնք կարելի է շնորհել մի քանի մասնագիտության տեր մարդկանց: Օրինակ՝ ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող կոչման կարող է արժանանալ և որևէ գործարար, և բանկի կառավարիչ, և հանքափոր:
Ա.Արզումանյանը սովետիզմի մնացուկ է համարում նաև «Ծնողական փառքի մեդալի» շնորհումը 6 և ավելի երեխա ունեցողներին և որդեգիրներին: Նա հիշեցրեց, որ սա ևս բառացիորեն թարգմանված է ռուսերենից, քանի որ ՌԴ-ում ևս շնորհում են «Մեդալ մատերինսկոյ սլավի»: «Նման մեդալ շնորհելու փոխարեն, եթե պետությունը իսկապես ցանկանում է խրախուսել բազմազավակ մայրերին, թող 10 հազար դոլար գումար տա, թե չէ ի՞նչ է անելու բազմազավակ մայրը այդ մեդալը, եթե երեխաներին կերակրելու միջոց չունի»,- մեզ հետ զրույցում ասաց Արզումանյանը:
Կառավարությունն իր ներկայացրած օրենքի նախագծով առաջարկում է ՀՀ «Ժողովրդական» պատվավոր կոչմանն արժանացած գործչին տալ ամենամսյա պատվովճար, որի չափը պետք է սահմանի կառավարությունը: Ալեքսանդր Արզումանյանը հարցնում է, թե ինչու պետք է բյուջեից միջոցներ ծախսվեն ժողովրդական արտիստներին կամ նկարիչներին պարգևավճար տալու համար: «Ես դեմ եմ ԽՍՀՄ-ից մնացած ցանկացած անախրոնիզմի»,- եզրափակեց Ալեքսանդր Արզումանյանը:
Ի պաշտպանություն այս օրենքի՝ հանդես եկավ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը, ով հայտարարեց, որ իր բազմաթիվ ընկերներ վաստակավոր շինարարի կամ նկարչի կոչում ունեն, և իր մայրն էլ վաստակավոր ուսուցչուհի է եղել, և պետք չէ ակամայից վիրավորել այդ մարդկանց: Թերևս, նկատի ունենալով Ալեքսանդր Արզումանյանի ՀՀՇ խորհրդի նախագահ լինելը և ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԳ նախարար լինելը՝ Գեղամյանը հայտարարեց, որ ԽՍՀՄ փլուզմանը հետևած 10 տարիներին «կողոպտեցին, թալանեցին, ավերեցին, բայց տակը էլի բան մնաց, քանի որ կառուցողը վաստակավոր էր եղել»:
Իսկ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը անդրադառնալով խնդրին և փորձելով հաշտեցնել հակամարտ կողմերին՝ հայտարարեց. «Փոխանակ Կոնչիտա Վյուրստ պրոպագանդենք, այսօր ընտանիքի օրն է, եկեք ընտանիքը փառաբանենք»:
Որևէ կասկած չկա, որ Հայաստանը փորձում է վերադառնալ դեպի ԽՍՀՄ ժամանակները, և այդ միտումը ավելի ակնհայտ է դառնում 2013թ. սեպտեմբերի 3-ի ՄՄ մտնելու որոշումից հետո: Ռուսաստանն ինքն էլ ամեն կերպ հետ է վերադառնում ԽՍՀՄ-ի սիմվոլիկային և վարք ու բարքին: Դրա ամենաթարմ օրինակը ռուսները տվեցին հենց այսօր. Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնին վերադարձվել է իր խորհրդային անվանումը՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես՝ ԺՏՆՑ: Հայաստանը չի կարող ռուսական միտումներից հետ մնալ: