Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Գյուլթեքին Հաջըբեյլին ձերբակալվել է Թուրքիայում։ Նա սեպտեմբերի 25-ին մեկնել էր Ստամբուլ՝ տեսնելու այնտեղ սովորող իր որդուն։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ նա հայտնի է Ադրբեջանի կառավարության և նախագահ Իլհամ Ալիևի դեմ իր ընդդիմադիր հայացքներով ու նրան մեղադրում են Ադրբեջանում «հեղաշրջման փորձին աջակցելու» մեջ։

Նրա դեմ կիրառվում է 82-րդ հոդվածի, որն  էլ օգտագործվում է «ազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող օտարերկրացիների» պարագայում։ Հաջըբեյլին փաստաբանի միջոցով հայտարարություն է տարածել և դիմել Թուրքիայի իշխանություններին:

Նա նշել է, որ իր երեք ամսվա օրինական բնակության ժամկետը չի լրացել, այդ ընթացքում որևէ խախտում թույլ չի տվել ու հավելել, որ ինքը նաև ունի երկու տարվա բնակության թույլտվություն։

Ընդդիմադիր գործիչը նաև տեղեկացրել է, որ այս հարցի վերաբերյալ շտապ դիմում է ներկայացվել Եվրոպական դատարան, ինչպես նաև նշել է, որ հնարավորինս շուտ բողոքարկում կներկայացվի թուրքական դատարան։

«Ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին Ադրբեջանի իշխանությունների ճնշման ներքո՝ զերծ մնալ նման անօրինական որոշում կայացնելուց։ Ես 10 տարի եղել եմ խորհրդարանի անդամ, ով  ներկայացնում էր Ադրբեջանը Եվրոպայի խորհրդում, և որպես ադրբեջանական ընդդիմության առաջնորդներից մեկը, միշտ եղել եմ ժողովրդավարական, խաղաղ և քաղաքացիական պայքարի կողմնակից»,- նշել է նա։

«Ադրբեջանա-թուրքական բարեկամության և եղբայրության խթանումը միշտ էլ եղել է իմ քաղաքական գործունեության առանձնահատուկ մասը, ուստի չեմ ուզում հավատալ, որ թուրքական իշխանությունները հիմա նման քայլի կդիմեն»,- շեշտել է նա։

Հաջըբեյլին առանց որևէ հիմնավորման արտաքսումն անընդունելի է համարել և հավելել, որ եթե ​​դա տեղի ունենա, դա ոչ միայն անարդար կլինի իր նկատմամբ, այլև կնշանակի, որ թուրք պաշտոնյաներն աջակցում են այսօր ադրբեջանական ընդդիմության դեմ ուղղված ճնշումներին։

Նա կոչ է արել Թուրքիայի իշխանություններին մեկ անգամ ևս մտածել նման քայլ կատարելուց առաջ։

Տեսանյութեր

Լրահոս