«Ով ուզում է լինի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև երբեք մաքսակետ չի կարող լինել»

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային կամ որևէ այլ սահման չի կարող լինել: 168.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդի անդամ Սամվել Նիկոյանը, երբ խնդրեցինք մեկնաբանել ԼՂՀ-ի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյա Անտոն Ազարովի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև կայացած տեսակամուրջի ժամանակ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել էր, թե Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելուց հետո միության ընդհանուր սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված սահմաններով, իսկ Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի անդամակցության հարցը անգամ չի էլ քննարկվում:

Ազարովի ասածն ուշագրավ է այն իմաստով, որ 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից հետո հայաստանյան պաշտոնյաները մշտապես վստահեցնում էին, որ Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության դեպքում Լեռնային Ղարաբաղը նույնպես կմիանա այդ միությանը: Այդուհանդերձ, իշխող կուսակցության ներկայացուցիչները հարցը դիտարկում են ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո հարթությունում:

Ի դեպ, հայկական կողմից տեսակամուրջին մասնակցած հանրապետական Արտակ Զաքարյանը, ով գլխավորում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, մեկնաբանելով Ազարովին` ասել է, թե ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման չի կարող լինել:

Կարդացեք նաև

Samvel Nikoyan Aj naxagahi xosk+Իր հերթին Սամվել Նիկոյանը, անդրադառնալով Անտոն Ազարովի հայտարարությանը, կարծիք հայտնեց, որ դա տվյալ պաշտոնյայի իմացության մակարդակով համապատասխան հայտարարություն է, որը կարող է և ամբողջությամբ չհամընկնել բոլոր այն գրված և չգրված օրենքներին, որոնք գործելու են Մաքսային միությունում:

«Իհարկե, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե դեռևս չճանաչված պետություն է, բայց այն գործում է դե ֆակտո, և ՀՀ-ն և ԼՂՀ-ն միմյանց միջև մաքսային կամ որևէ այլ սահման ունենալ չեն կարող: Դա հասկանում են բոլորը, դա ամենաբարձր մակարդակով հնչեցված և լուծում ստացած խնդիր է: Տարբեր մակարդակի չինովնիկներ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, բայց Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելով` Լեռնային Ղարաբաղի հետ որևէ հարաբերություն` տնտեսական, թե քաղաքական, չի խաթարվելու, այլ առավելապես ամրապնդվելու է, դա միանշանակ է»,- ասում է պարոն Նիկոյանը:

Փաստորեն, կարող են լինել նաև չգրված օրենքներ, և ԼՂՀ-ն կմիանա Մաքսային միությանը, այսպես ասած, «լռությա՞ն ռեժիմով»:

Մեր այս ճշտմանն ի պատասխան` Ս. Նիկոյանը նշեց. «Ես վստահաբար ասում եմ հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը որևէ խնդիր, լինի դա մաքսային, հարկային կամ քաղաքական ու ռազմական, չի ունենալու: Որևէ շարժում դեպի վատթարացում չի´ կարող լինել, մենք կարող ենք մտածել միայն դրական փոփոխությունների մասին` անկախ նրանից, թե ով ինչ է հայտարարում: Չեմ կարծում, որ մենք պետք է պարբերաբար այդ հարցը բարձրաձայնենք, հրապարակայնացնենք: Կարծում եմ` շատ ավելի ճիշտ կլինի, որ մենք մեր գործն անենք: Լավ կլիներ, որ որևէ մեկը նաև հարց տար այդ պաշտոնյային, թե, ասենք, Հարավային Օսիան և Աբխազիան ինչպիսի՞ կարգավիճակ ունեն, ի՞նչ է, նրանք խնդիրնե՞ր ունեն իրենց ապրանքները ներմուծելու, արտահանելու հետ:

Կան հարցեր, որոնք լուծվում են դե ֆակտո: Սա այն դեպքն է, որը վերաբերում է դե յուրե չճանաչված պետություններին: Բոլորս համաձայն ենք, որ ԼՂՀ-ն միջազգային իրավունքի դե յուրե սուբյեկտ չէ, դե ֆակտո անկախ պետություն է, ողջ աշխարհը դե ֆակտո հաշվի է նստում նրա հետ, բայց չի կարող, չէ՞, նա պաշտոնապես միանալ Մաքսային միությանը: Դրա համար վստահաբար իմացեք, որ բացառվում է որևէ վատթարացում` կապված Լեռնային Ղարաբաղի տնտեսական, քաղաքական գործունեություն հետ»:

168.am-ի հետ զրույցում նույնատիպ կարծիք հայտնեց ԱԺ «Հանրապետական» խմբակցության մեկ այլ պատգամավոր` Մանվել Բադեյանը, ով ևս առաջին անգամ էր լսում Անտոն Ազարովի մասին:

«Ղարաբաղի հարցն այդ շրջանակներում չի քննարկվում հենց այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը չի առանձնացվում Հայաստանից: Իհարկե, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին ոչ մի մաքսակետ լինել չի կարող: Նախ, այդ մարդու քաղաքական «կալիբրը» այն չէ, որ իր ասածի վրա ինչ-որ հետևություններ անենք, և ինքը չէ, ով ուզում է լինի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև երբեք մաքսակետ երբեք չի կարող լինել, որովհետև դա միասնական տարածք է, մենք դա գիտենք: Լեռնային Ղարաբաղը դե յուրե ճանաչված չէ, բայց դե ֆակտո հայկական տարածք է: Այստեղ կասկած չկա, և որևէ մեկը չի կարող մեզ այդ ուղուց շեղել»,-նշեց մեր զրուցակիցը:

Պատասխանելով մեր հարցադրմանը` եթե, այնուամենայնիվ, Մաքսային միության ղեկավար մարմնի կողմից դրվի այդպիսի պահանջ, արդյո՞ք նպատակահարմար կլինի անդամակցել այդ միությանը, Մանվել Բադեյանն ասաց. «Որքան ես գիտեմ, այդ պահանջը դրված չէ: Եթե դրվի, դա, իհարկե, բանակցային խնդիր է, և պետք է իմանանք նրբությունները, որ կարողանանք մեկնաբանել: Իսկ դրանց մասին գիտեն բանակցողները»:

Տեսանյութեր

Լրահոս