Վահրամ Աթանեսյան. «Բաքուն պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը»

Այս ամիս Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ եղան մի շարք կարևոր հայտարարություններ: Նախ` մայիսի 7-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Լեռնային Ղարաբաղ. կարգավորման ուղիներ» խորագրով իր ելույթում ներկայացրեց խաղաղության հաստատման մասին ԱՄՆ-ի պատկերացումները:

Նա շեշտեց, որ ներկայացվածը ոչ թե ԵԱՀԿ-ի, այլ ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է, թեև նրա ներկայացրած 6 կետերն, ըստ էության, չէին հակասում ո՛չ 2007 թ. նոյեմբերի 29-ին ստորագրված «Մադրիդյան սկզբունքների», ո՛չ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների` 2009-2013 թթ. հայտարարությունների հիմնական դրույթներին: Մայիսի 12-ին հայտարարություն արեց նաև Մինսկի խումբը` տարածաշրջանի բնակիչներին առաջարկելով խորհել վերջին 20 տարիների ժառանգության մասին: «Համաձայնագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների աղետալի բռնությունները և հիմք ստեղծեց բանակցությունների համարգ Սակայն հրադադարի մասին համաձայնագիրը, այնուամենայնիվ, չլուծեց հակամարտությունը:

Այն Լեռնային Ղարաբաղի շուրջն ընկած տարածքները թողեց օկուպացված վիճակում և առաջընթաց չապահովեց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցում: Կողմերը պետք է անեն ամեն հնարավոր բան, որպեսզի հետագա սերունդներին պաշտպանեն այդպիսի փորձից»,- մասնավորապես նշված է հայտարարությունում:
Ուորլիքի հայտարարությունը մեկնաբանել են նաև Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի արտգործնախարարությունները: Մասնավորապես, Արցախի ԱԳՆ-ն իր արձագանքում հակադարձել է Ուորլիքին` նշելով, որ ԼՂ-ի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991թ. անկախության հանրաքվեի ժամանակ` ազատ և իրավական կամարտահայտության միջոցով, և ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը ենթակա չեն սակարկության:

Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցեց ԼՂՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:

Կարդացեք նաև

Անդրադառնալով ամերիկացի համանախագահի հայտարարությանը` մեր զրուցակիցն առաջին հերթին` հղում արեց ԼՂՀ ԱԳՆ-ի արձագանքին: Մեր հարցին, թե արդյոք կա՞ն տարբերություններ հայտնի «Մադրիդյան սկզբունքների» և Ուորլիքի կետերի միջև, Աթանեսյանը պատասխանեց, որ ճիշտ չի համարում պաշտոնապես չհրապարակված փաստաթղթին հղում անելը:

– Ավելի ճիշտ կլինի` հղում անել Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների հայտարարություններին, որովհետև նախկինում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ինչ-որ կերպ գաղտնազերծել են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը: Այս իմաստով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի վերջին բացահայտումների և Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների նախկին հայտարարությունների միջև էական տարբերություն չեմ տեսնում: Հնարավոր է` Ուորլիքը հանդես է եկել` որպես զեկուցող, և հնարավոր է` իր զեկույցում ինչ-ինչ ձևակերպումներ այնպես չի օգտագործել, ինչպես օգտագործված են բուն փաստաթղթում, բայց էական, սկզբունքային, հայեցակարգային իմաստով որևէ տարբերություն չկա նրա վերջին բացահայտումների և այն տեղեկատվության միջև, որ մենք ունենք Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների չորս հայտարարություններից:

– ԼՂՀ ԱԳՆ-ն շեշտեց, որ ԼՂ-ի համար վերադարձ անցյալին չի կարող լինել, իսկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նաև ավելացրեց, որ ԼՂ-ն նախապատերազմյան սահմաններով ի վիճակի չի լինի պահպանել իր անկախությունը և ապահովել անվտանգությունը: Այդ դեպքում ինչպե՞ս է ԼՂՀ-ն պատկերացնում հարցի լուծումը:

– Ես իրավասու չեմ մեկնաբանելու ո՛չ ԱԳՆ-ի հայտարարությունը, ո՛չ նախագահի մամլո խոսնակի տեսակետը: Ես պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 2008 թ. ԼՂՀ Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթուղթը ԼՂՀ-ի համար գնահատված է «ոչ հետաքրքիր», այսինքն` անընդունելի: Սա նորություն չէ:

– Բայց ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը, մեկնաբանելով Ուորլիքին, ասաց, թե «եռանախագահ երկրների ղեկավարների` լգԱքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս-Կաբոսում և Էնիսկիլենում համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները կարող են հիմք հանդիսանալ հիմնախնդրի տևական խաղաղ կարգավորման համար»: Եթե մենք իրականում համաձայն չենք այդ կետերի հետ, ինչո՞ւ ենք դրանք որպես հիմք ընդունում:

– Մենք` այսինքն ո՞վ:

– Հայաստանի Հանրապետությունը:

– Գիտեք, ես ինձ իրավասու չեմ համարում վերաբերմունք արտահայտելու Հայաստանի արտաքին գործերի նախարարության վերջին մեկնաբանության հանդեպ կամ, ընդհանրապես, գնահատելու ՀՀ բանակցային դիրքորոշումը: Ես ընդամենը կասեմ հետևյալը` ՀՀ-ն միջազգայնորեն ընդգրկված է բանակցություններում, ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված ՄԱԿ-ի անդամ երկիր է, և Հայաստանի ԱԳՆ-ն տրամաբանորեն չի կարող մերժել միջազգային միջնորդության ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հզոր համակարգի ձևավորմանը: Այսինքն` ես որևէ քննադատելի բան չեմ տեսնում, եթե ՀՀ-ն «մադրիդյան» փաստաթուղթն ընդունում է որպես բանակցությունների հիմք:

ՀՀ-ն միանշանակորեն չի արտահայտում դիրքորոշում «մադրիդյան» փաստաթուղթը կիրառելու կամ գործնական քայլեր ձեռնարկելու մասին, ընդամենը հայտարարում է, որ դա կարող է հիմք ծառայել հետագա բանակցությունների համար: Սա է տրամաբանությունը:

– Նալբանդյանը նաև ընդգծեց, որ առանց բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության` անհնարին է հասնել խնդրի հանգուցալուծմանը: Ի՞նչ կարծիք ունեք այս հարցի վերաբերյալ, և որքանո՞վ է դա իրատեսական:

– Իհարկե, առանց բանակցություններին ԼՂՀ-ի իրավահավասար և լիարժեք մասնակցության, վերջնական խաղաղ կարգավորման հասնելն անիրատեսական է: Կարծում եմ` դա գիտակցում են նաև իրենք` միջնորդները: Իմ կարծիքով` խնդիրը միջնորդների և Ադրբեջանի քննարկման հարթությունում է, թե որքանով է միջնորդներին հաջողվում Ադրբեջանին համոզել, որ ԼՂ-ն պետք է ուղղակիորեն լիարժեք և իրավահավասար մասնակցություն ունենա բանակցային գործընթացին: Ինձ համար դժվար է դատել: Բայց կրկնում եմ` առանց բանակցություններին ԼՂՀ-ի լիարժեք մասնակցության` բանակցությունները չեն կարող արդյունավետ լինել, և սա ամբիցիա չէ, անիրատեսական մոտեցում չէ, ինչպես երբեմն փորձ է արվում ներկայացնել ադրբեջանական կողմից:

Լեռնային Ղարաբաղը զինադադարի մասին համաձայնագրի կողմ է, որպես ինքնուրույն ռազմաքաղաքական սուբյեկտ` պատասխանատվություն է կրում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար: Իսկ եթե կարգավորումը ենթադրում է անվտանգության համակարգի ամրապնդում, ժողովուրդների միջև համագործակցության նոր մեխանիզմների ձևավորում, ապա առանց ԼՂ-ի գործոնը հաշվի առնելու` այդ համակարգն արդյունավետ լինել չի կարող:

– Իմիջիայլոց, նույն Ջ. Ուորլիքը վերջին շրջանում անընդհատ շեշտում էր ԼՂ-ի ներգրավման անհրաժեշտությունը և մի առիթով նշեց, որ հակամարտությունը ԼՂ-ի և Ադրբեջանի միջև է: Արդյոք սա կարո՞ղ է ինչ-որ նոր որակ հաղորդել գործընթացին:

– Կարծում եմ` ընդհանրապես իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է: Ես հույս ունեի, որ միջնորդները զինադադարի հաստատման 20-ամյակի նախօրեին կփորձեն կողմերին բերել համաձայնության առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով` բոլոր շահագրգիռ և պատասխանատու կողմերի մասնակցությամբ: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց, իհարկե, պետք է դրական գնահատել այն տեսակետները, որոնք Դուք մեջբերեցիք: Եվ հուսամ, որ հայկական դիվանագիտությունը մինչև վերջ պնդելու է բանակցային գործընթացին ԼՂՀ-ի մասնակցության անհրաժեշտությունը:

Ի վերջո, ԼՂ խնդիրը պետք է լուծվի ոչ թե «մադրիդյան» կամ չգիտեմ ինչ-ինչ սկզբունքների հիման վրա, այլ իրական վիճակի լեգիտիմացմամբ` ԼՂՀ-ի անկախության ճանաչմամբ, որը ճանապարհ կբացի Բաքու-Ստեփանակերտ ուղղակի բանակցությունների համար: Ա՛յդ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի քննարկել կողմերին հետաքրքրող բոլոր հարցերը և գտնել փոխադարձաբար ընդունելի լուծումներ:

– Այսինքն` պետք է նախ` լուծվի ԼՂ-ի կարգավիճակի հարցը, որից հետո նոր պետք է քննարկվեն մյուս խնդիրները: Ես ճի՞շտ հասկացա Ձեր միտքը:

– Եթե խոսքը վերաբերում է արցախյան կողմի տեսակետին, ապա ԼՂՀ անկախությունը կատարված փաստ է, և այդ փաստից հետքայլ լինել չի կարող: Ճանապարհը մեկն է` ճանաչել ԼՂՀ անկախությունը:

Այդ առաջին քայլը պետք է կատարի Բաքուն, այսինքն` Ադրբեջանի իշխող վարչակազմը, որպեսզի, կրկնում եմ, ճանապարհ բացվի Բաքու-Ստեփանակերտ երկկողմ բանակցությունների համար` քննարկելու կողմերին հուզող բոլոր հարցերը: Սա է ճանապարհը, ոչ թե վերադարձը 1988 թ. ստատուս-քվոյին, ինչն անտրամաբանական է, անիրատեսական և անընդունելի այնքանով, որ 1988 թ. իրավիճակի պետություն գոյություն չունի: Գոյություն չունի Խորհրդային Միություն, այսինքն` ԽՍՀՄ փլուզման հետևանքով ստատուս-քվոն փոխվել է:

Եթե միջնորդները հիմա ուզում են վերականգնել Խորհրդային Միությունը, ապա այդ դեպքում ինչո՞ւ է Արևմուտքը հակադարձում Ռուսաստանի նախագահի քայլերին: Թողեք` Ռուսաստանի նախագահը վերականգնի Խորհրդային Միությունը, ամեն ինչ վերադառնա 1991 թ. ստատուս-քվոյին, որից հետո բոլոր հարցերը հնարավոր կլինի կարգավորել միջուկային գերտերության և աշխարհի մեկ վեցերորդ մասը զբաղեցնող Խորհրդային Միության հետ: Անտրամաբանական է, չէ՞: Ես կողմնակից չեմ, որ ԽՍՀՄ-ը վերականգնվի, պարզապես ուզում եմ ցույց տալ միջնորդների ձևակերպման անհեթեթությունը, երբ ասում են` ներկա ստատուս-քվոն անընդունելի է: Ո՞ր ստատուս-քվոն է ընդունելի, 1988 թվականի՞:

Բայց այդ դեպքում մենք ստիպված պետք է լինենք վերականգնել ԽՍՀՄ-ը, Ադրբեջանում` խորհրդային իշխանությունը, որովհետև ԼՂԻՄ-ը եղել է Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, ոչ թե անկախ Ադրբեջանի կազմում: Խորհրդայնացնե՞նք Ադրբեջանը, 11-րդ Կարմիր բանակը նորի՞ց մտնի Բաքու, վերականգնենք 88 թ. ստատուս-քվո՞ն: Այդ դեպքում կրկնվելու է այն, ինչ եղել է Ստեփանակերտում 1988 թ. փետրվարի 20-ին: Եթե ուզում ենք վերադառնալ այդ ցավալի անցյալին, ապա դա, իմ կարծիքով, տրամաբանական, ճիշտ ճանապարհ չէ: Պետք է ելնել իրողություններից, պետք է նայել ոչ թե անցյալին, այլ ապագային, պետք է նայել առաջ:

Տեսանյութեր

Լրահոս