Բաժիններ՝

Ինչ է ասել Հովիկ Աբրահամյանը գործարարներին

Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Հայաստանի խոշոր հարկատու գործարարների հանդիպումը, թերևս, կարելի է անվանել ինքնախոստովանություն:

Աբրահամյանը միանշանակ հայտարարել է՝ այսուհետ խաղի հավասար կանոններ են լինելու բոլորի համար, ստվերն իսպառ վերացնում ենք, և կեցցե՛ մրցակցությունը: Աբրահամյանն ինքը պարտավորվել է սկսել առաջին հերթին` հենց իրենից ու իր մերձավորներից՝ այդպիսով ընդունելով իր գործարար լինելու փաստը:
Նոր վարչապետի՝ հավասար դաշտում գործելու առաջարկին համաձայնել են հանդիպմանը ներկա Ազգային ժողովի կարկառուն դեմքերը, որոնց դեպքում հնարավոր չէ հստակ գծել գործարար/պատգամավոր սահմանը՝ Գուրգեն Արսենյան, Սամվել Ալեքսանյան, Ալիկ Պետրոսյան, Արտակ Սարգսյան, Մանվել Բադեյան, Հակոբ Հակոբյան, Արման Սահակյան և այլք: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարներ Սերգո Կարապետյանը, Կարեն Ճշմարիտյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Ուշագրավ է, որ հրավիրվածների թվում էր նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը։

Հանդիպումից հետո գործարարներից շատերը մեծ արագությամբ հեռացան` հրաժարվելով խոսել լրագրողների հետ և պատճառաբանելով, որ հանդիպումը փակ էր: Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե ինքն այսօր չի խոսելու, և հորդորեց ներկա բազմաթիվ գործարարներին ուղղել հարցերը. «Քանի հոգի մարդ կա ստեղ, ինչի՞ եք ինձ հարցնում»:

«Արարատբանկի» վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ կոնկրետ լուծումների մասին է խոսվել, միայն նշեց, որ ընդհանուր փակ քննարկում էր՝ կապված տնտեսության զարգացման հետ:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Պետրոսյանը, ով «ՄԱՊ» գործարանի սեփականատերն է, հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկվել է բոլոր գործարարների կողմից հարկային պարտավորությունները կատարելու և բոլոր խնդիրներին անձամբ հետևելու` կառավարության պատրաստակամության մասին. «Մի խոսքով, ամեն ինչ արվի, որ երկրի տնտեսությունը մեկ քայլ առաջ գնա, երկու քայլ առաջ գնա, ժողովրդի համար նոր աշխատատեղեր, որն էլ ինքնըստինքյան արտագաղթը կկանգնեցնի»:

Կարդացեք նաև

Ա. Պետրոսյանը կարևորեց, որ կառավարության ղեկավարը նման հանդիպումներ է կազմակերպում բիզնես աշխարհի և կառավարության անդամների ներկայությամբ, և բոլորն էլ հավատում են, որ ամեն ինչ լավ է լինելու: Ըստ նրա` ներդրումների համար երաշխիքն էլ այն կլինի, որ ո՛չ իշխանության, ո՛չ ինչ-որ մարդկանց կողմից խոչընդոտներ չլինեն: Ի դեպ, նա շտապեց հայտարարել, թե ինքը բիզնեսի ոլորտից չէ, բայց տեսնում է այդ երաշխիքները: «Հոռետեսներ չկային, բոլորը կառավարության ղեկավարին արդեն վաղուց ճանաչում են»,- հավելեց նա:

Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ հանդիպման ժամանակ խոսք է գնացել հավասար մրցակցային դաշտի, ստվերի նվազեցման, բոլորի համար նույն խաղի կանոնների, փաստաթղթաշրջանառության 100% պահպանման մասին. «Բավական է այս վիճակով, որակ ու մթնոլորտ պետք է փոխել, որ տնտեսությունը զարգանա, արտագաղթն էլ կասեցվի»:

Մեր դիտարկմանը, որ բոլորը խոսում են, թե ստվերը խոշորում է, Ա.Ղազարյանը պատասխանեց, թե ստվերն ամենուր է` և՛ խոշորում, և՛ փոքրում, հավասարապես երկուսն էլ պետք է շտկվեն. «Ես հակված չեմ, որ մի կողմի վրա մտածենք, որ ստվերը մի կողմում է: Խաղը փչացնում են երկուստեք»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի խոսքով` հանդիպման նպատակը գործարարներին ու արտադրողներին կառավարության ծրագրին ծանոթացնելն էր: Անդրադառնալով ներդրումների երաշխավորմանը` նախարարը նշեց, որ ներդրումների համար, կարևոր չէ` դա 100 հազար դրա՞մ է, թե՞ 100 միլիոն դոլար, կարևորը շարժառիթներն են, որքան կառավարությունն իր իրավասությունների շրջանակում կարող է տրամադրել: Ճշմարիտյանը չհամաձայնեց դիտարկմանը, որ գործարարները մտահոգ հայացքներով էին դուրս գալիս կառավարության շենքից. «Ես էդպիսի բան չնկատեցի»:

«Հենց վարչապետի ծրագրի մեջ է ստվերը վերացնելը: Եթե ստվեր ասելով` ի նկատի ունենք հարկերից խուսափելը, ինքն ասաց` ինձնից սկսած»,- ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Ըստ նրա` ներկայումս տնտեսության զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններն են ճգնաժամը, ստվերը, շրջափակումը: «Ստվերի դեմ կարողանում են պայքարել, բայց ոչ այդ չափով, որ պետք է: Հույս ունեմ, որ ամեն ինչ ավելի ճիշտ իրավիճակ կստեղծվի»,- ասաց Ճզմաչյանը:

Առողջ մրցակցության փոխարեն` համագործակցության էր տրամադրվել «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով հանդիպումից հետո լրագրողներին հայտարարեց, թե իր բիզնեսը երբեք ստվերում չի եղել: Ընդ որում, Բեգլարյանն արդեն «անցյալի գիրկն է ուղարկել» նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին. ընդամենը լսելով նրա անունը, Բեգլարյանն արձագանքել է՝ «Տիգրան Սարգսյանն անցած էտապ ա», ու հավելել, թե կապ չունի, որ Տ.Սարգսյանն իր մտերիմն է եղել. «Բոլորն էլ իմ մտերիմներն են եղել»:

Տիգրան Սարգսյանի կողմից հաստատված «կարգերը» մոռանալու և նոր էջից սկսելու հորդորը եղել է անձամբ Հովիկ Աբրահամյանից: Մեզ հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը հայտնեց, որ Աբրահամյանն առաջարկել է գիծ քաշել և նոր էջից, նոր մոտեցումներով սկսել. «Մենք իրավունք չունենք չհավատալու, ի վերջո, հանրապետության վարչապետն է դա ասում, և պետք է որոշակի ժամանակ տանք այդ խնդիրները հասկանալու համար: Բայց ամեն դեպքում պետք է նաև հասկանալ` ուր ենք հասել, ինչը չի ստացվել»:
«Առաջին կարևոր մեսիջն այս հանդիպման այն էր, որ բոլորը բիզնեսում հավասար լինեն, և վարչապետն ասել է, որ առաջինը սկսելու է իրենից ու իր մերձավորներից, որ օրենքի առաջ հավասար լինեն»,- նշեց Մակարյանը:

Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ նշվել է, որ հարկերի հավաքման բեռն ավելի ու ավելի շատ պետք է տեղափոխվի խոշորի վրա, այսինքն՝ փոքրերի նկատմամբ արտոնությունների կիրառման մեխանիզմ լինի, ՊԵԿ-ին հանձնարարվել է, որ փաստաթղթավորման միջոցով խստացնի ստուգումները, որ խոշոր բիզնեսը մինչ այդ մտածի և փորձի ավելի թափանցիկ աշխատել, եթե ոչ` հուլիսի 1-ից տարբեր ստուգումներով փորձելու են բերել հարկման դաշտ: Մակարյանը հավաստեց, որ Սամվել Ալեքսանյանը, Մանվել Բադեյանը, «Նոյյան հյութերի» սեփականատերը և մյուսներն ասել են, որ, եթե կանոնները հավասար են լինելու, իրենք խնդիր չեն տեսնում: Նա բացահայտեց նա այս համաձայնության շարժառիթները.

«Շատ երկրների օրինակով կարող եմ ասել, որ գալիս է ժամանակ, որ իրավիճակ է փոխվում: Օրինակ` այլընտրանքային ստուգումների մասին օրենքն ունի մի հետաքրքիր դրական կողմ` գալիս է մի ժամանակ, որ այդ նույն օլիգարխը, խոշորը, որը տարբեր ճանապարհով վաստակել է այդ գումարը, կարիք ունի, որ այդ գումարները ձևակերպվեն, օրինականացման ու ժառանգականության խնդիր ունի: Հայրերը չեն ուզենա, որ իրենց ժառանգները, հետնորդներն ընկնեն խնդիրների մեջ, կուզեն, որ մաքրված համակարգ լինի: Հիմա այս օրենքը թույլ է տալիս մաքրվել, և «վհուկների որսի» խնդիրը լուծվում է այս մեխանիզմով: Օրինակ` Վրաստանում 1 անգամ կիրառվեց «հարկային ներում»: Մեզ մոտ մեխանիզմներն այլ են, բայց պարբերական բնույթ ունեն: Այստեղ խնդիրները շատ են՝ որքանով են այդ ցուցակները թափանցիկ լինելու, որքանով կիմանանք, թե ով ինչքան էր սխալվել, ինչքան մուծեց, արդյոք կոռուպցիոն ռիսկեր չկան»:

Միության նախագահի կարծիքով` Այլընտրանքային ստուգումների վերաբերյալ օրենքի դրական կողմը նաև այն է, որ ներդրումներին կօգնի, այսինքն` այսօր խոշոր բիզնեսը եթե ուզում է ներդրում կատարել արտերկրում կամ մեր երկրում, կամ արտասահմանյան գործընկեր վերցնել, միշտ առաջանում է փողերի ծագման հարցը. «Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենք էլ են ասում, որ ուզում են` գա մի օր, որ իրենք հանգիստ քնեն:

Ուկրաինայի, Մոլդովայի օրինակները ցույց տվեցին, որ կոռումպացված բիզնեսն ընդհանուր աշխարհաքաղաքական առումով լուրջ խնդիրներ է առաջացնում, և ընդհանուրի շահն է, որ մի օր կանոնակարգվի դաշտը»:
Տարբեր գնահատականներով` տնտեսության ստվերը 35-50% է: Եթե ընդունենք, որ օլիգարխներն իսկապես մտահոգ են իրենց ժառանգությունը սերունդներին փոխանցելու խնդրով և համաձայնել են այսուհետ բաց խաղալ, թափանցիկ գործել, ապա դրա արդյունքները պետք է շատ արագ երևան՝ առավելագույնը 2-3 ամսում, և հարկային մուտքերն առնվազն 30 %-ով պետք է ավելանան: Կամ էլ կլինի` ինչպես միշտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս