
Ադրբեջանի կառավարությունն ուժեղացրել է բռնությունները. Human Rights Watch

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնած Ադրբեջանը լրջորեն հետ է մնում մարդու իրավունքների ոլորտում տվյալ կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների իրագործման հարցում:
Այս մասին նշված է Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ադրբեջան. քննադատների նոր կալանավորումներ ու դատեր» նոր հետազոտությունում:
HRW-ի՝ Հարավային Կովկասի գծով գլխավոր հետազոտող Գեորգի Գոգիան հայտարարել է, որ Եվրոպայի Խորհուրդը մարդու իրավունքների ոլորտում առաջատար կազմակերպություն է, մինչդեռ նրա նախագահությունն ստանձնող Ադրբեջանը բաց կերպ անտեսում է նրա չափորոշիչները:
Զեկույցում նշված է, որ վերջին 2 տարում Ադրբեջանում սպառնալիքների ու հնարովի մեղադրանքներով քրեական հետապնդման են ենթարկվել առնվազն 38 քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ ու բլոգերներ, որոնց մեծ մասը կալանքի տակ է:
HRW-ն անկասկած է համարում, որ այդ քննադատների դեմ ներկայացված մեղադրանքները կեղծիք են և որ դրանք նպատակ են հետապնդում պատժել նրանց: Զեկույցում խոսք է գնում NIDA շարժման 6 երիտասարդ ակտիվիստներին մայիսի 6-ին 6-8 տարով ազատազրկելու մասին:
Զեկույցում ընդգծվում է, որ ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահությունն ստանձնելու նախաշեմին Ադրբեջանում միայն վատթարացել է իրավիճակը ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու ոլորտներում, որ Ադրբեջանի կառավարությունը միայն ուժեղացրել է բռնությունները: