Մաքսային միությանը ԼՂՀ-ի անդամակցությունն անգամ չի էլ դիտարկվում. Անտոն Ազարով
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի պատրաստման աստիճանը շատ բարձր է:
Այս մասին «Եվրասիական ինտեգրացիա. Մաքսային միությունից մինչև տնտեսական միություն» թեմայով Երևանի, Մոսկվայի, Աստանայի ու Մինսկի միջև լրագրողների համար կազմակերպված տեսակամրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման ու ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:
Նրա խոսքերով՝ կան մի շարք հարցեր (նավթ, գազ, նավթամթերք, դեղորայք և այլն), որոնք կողմերը կարող են քննարկել նաև մայիսի 29-ից հետո: Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու խնդրին՝ Ազարովը հայտարարել է, որ այդ միության ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվելու է մայիսի 29-ին, իսկ մինչև հունիսի 1-ը պետք է պատրաստ լինի միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագիծը:
Լրագրողներից մեկն Ազարովին հարցրել է, թե Հայաստանի անդամակցությունից հետո որտեղո՞վ է անցնելու Մաքսային միության ու Եվրասիական միության սահմանը, այսինքն սահմանային անցակետ ստեղծվելո՞ւ է Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև, թե՞ վերջինս դե-ֆակտո մտնում է ինտեգրացիոն միավորման կազմ:
Ի պատասխան՝ Ազարովը հայտարարել է. «Միանշանակ է, որ Մաքսային միությանը կամ էլ մեր որևէ այլ միությանը ԼՂՀ-ի անդամակացության հարցն անգամ չի էլ դիտարկվում: (Եվրասիական միության) սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված ներկայիս սահմանով»: