Պենտագոնը որոշել է ձերբազատվել Մենինգից՝ նրան ուղարկելով սովորական բանտ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգին, ամենայն հավանականությամբ, ռազմական բանտից կտեղափոխեն սովորական բանտ: Պենտագոնը պատրաստ է ընդունել նման որոշում, քանի որ ներկայիս կալանավայրում իր սեռն ու անունը փոխած Մենինգը չի կարող ստանալ իր հասանելիք բուժօգնությունը:
Գործակալության տվյալներով՝ սովորական բանտ Մենինգին տեղափոխելը հավանության է արժանացել Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելի կողմից: Պաշտոնապես դեռ ընդունված չէ Մենինգին քաղաքացիական բանտ տեղափոխելու մասին որոշումը: Այժմ մնացել է հարթել մնացյալ իրավական խնդիրները:
Բրեդլի Մենինգը հայտնի դարձավ այն բանից հետո, ինչ WikiLeaks-ին փոխանցեց Աֆղանստանում ու Իրաքում ԱՄՆ-ի ռազմական առաքելության մասին հազարավոր գաղտնի փաստաթղթեր: Դրա համար նրան դատապարտեցին 35 տարվա ազատազրկման:
Դատավճռի կայացումից հետո Մենինգը հայտարարել էր, որ մտադիր է փոխել սեռն ու անունը՝ վերցնելով կանացի Չելսի անունը: Ապրիլին դատարանը նրան թույլատրեց փոխել անունը:
Սակայն սեռի փոփոխության հարցը խնդիրներ առաջացրեց իրավական ոլորտում, քանի որ օրենքով, տրանսգենդերներն իրավունք չունեն ծառայել ամերիկյան բանակում: