Բաժիններ՝

Սթիվեն Սփիլբերգը պատվել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվնիգե Սալիբյանին

Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած Եվնիգե Սալիբյանը (Այնթաբից) 2014 թվականի մայիսի 7-ին Լոս Անջելեսի Hyatt Regency Century Plaza հյուրանոցում պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Շոայի հիմնադրամի ստեղծման 20-ամյակին նվիրված միջոցառմանը:

Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի հիմնած այդ հիմնադրամը զբաղվում է 20-րդ դարում իրականացված ցեղասպանությունների ու սպանդերի մասին ականատեսների վկայությունների հավաքագրմամբ:

Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հանրահայտ անձինք, այդ թվում նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Սթիվեն Սփիլբերգը, Քիմ Քարդաշյանը, Լիամ Նիսոնը, Քոնան Օ’Բրայանը, Բրյուս Սփրինգսթինը, Սամուել Ջեքսոնը, Բարբարա Սթրեյսանդը: Միջոցառումը վարել է Քոնան Օ’Բրայանը, ով լուսանկարվել է Եվնիգե Սալիբյանի հետ:

Սալիբյանի հետ լուսանկարվել է նաև Քիմ Քարդաշյանը, ով այն տեղադրել է Instagram-ում՝ գրելով. «Ես նստած եմ 100-ամյա Հայոց ցեղասպանությունը վերապրած, ամենաոգեշնչող կնոջ կողքին»: Լուսանկարը 24 ժամից էլ պակաս ժամանակահատվածում հավաքել է 370.000 «լայք»:

Սալիբյանը եղել է այն նույն զգեստով, որը նա վերջին շրջանում կրել է իր կյանքի բացառապես նշանակալից իրադարձությունների ժամանակ՝ իր թոռների հարսանիքներին, իր 100-ամյակին և ներկայիս աստղային երեկոյին:

Սալիբյանը մեծ հաճույք է ստացել երեկոյից՝ վայելելով նրա ամեն րոպեն: Նրան մոտեցել են բազմաթիվ մարդիկ և լուսանկարվել նրա հետ: Սալիբյանը հայտարարել է, որ սիրում է Հիսուսին և ներում է թուրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս