
Մերկելը չի բացառել ուկրաինական «կլոր սեղաններին» անջատողականների մասնակցությունը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել Ուկրաինայում ազգային երկխոսության «կլոր սեղաններում» ռուսամետ անջատողականների մասնակցությունը՝ պայմանով, որ նրանք հրաժարվեն բռնություններից:
Մերկելը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի միջնորդությամբ «կլոր սեղանների» մեխանիզմը ներկայացնում է լավ հնարավորություն՝ լուծելու համար Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորումը: Մերկելն ընդգծել է, որ դրանում պետք է իրենց ներդրումն ունենան հակամարատող բոլոր կողմերը, այդ թվում նաև Ռուսաստանը.
«Որքան ներկայացուցչական են «կլոր սեղանները», այնքան՝ ավելի լավ: Դրանց պետք է մասնակցեն միայն այն քաղաքական գործիչները, որոնք պատրաստ են իրենց նպատակներին հասնել՝ առանց ուժ կիրառելու: Անկարելի է բռնություն կիրառելը՝ սեփական խնդիրները լուծելու համար»:
Մերկելն ապօրինի է որակել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում անցկացված հանրաքվեները՝ հավելելով, որ իրեն հետաքրքրում են ոչ թե անջատողականների նման ակցիաների արդյունքները, այլ՝ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները: