Խորհրդարանական քառյակի վերելքն ու անկումը

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակի օրակարգն արդեն գրեթե երկու ամիս սահմանափակված էր միայն մեկ` «Կուտակային կենասթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով: Մինչև վերջերս քառյակին հանջողվում էր այս հարցի վերաբերյալ ընդհանրական դիրքորոշում ունենալ, սակայն երեկ պարզվեց, որ նույնիսկ այդ հարցում քառյակը ներկայացնող կուսակցությունների դիրքորոշումների մեջ էական տարբերություններ են առաջացել:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը գրեթե բավարարված է կառավարության կողմից առաջարկվող փոխզիջմամբ: Խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ելույթ ունենալով ԱԺ ամբիոնից հիշեցնում է, որ քառյակը և «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում էին, որպեսզի աշխատողը կուտակային կենսաթոշակային համակարգին միանա կամավորության սկզբունքով, իր դիմումի համաձայն: Կառավարությունն առաջարկում է, որ քաղաքացին այդ համակարգից հրաժարվի կամավորության սկզբունքով. դիմում ներկայացնի գործատուին, որը հիմք կդառնա գործատուի համար տվյալ աշխատակցի աշխատավարձից կուտակային կենսաթոշակային վճարը չհաշվարկելու համար:

Արծվիկ Մինասյանը համարում է, որ կա առաջընթաց, քանի որ կառավարությունն ընդունում է քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը: Բացի այդ, Արծվիկ Մինասյանը դրական է գնահատում, որ նոր օրենքը հետադարձ ուժ է ստանում և գործելու է 2014թ. հունվարի 1-ից, և գործատուներն էլ ազատվում են կուտակային վճարը չփոխանցելու կամ փոխանցումն ուշացնելու համար պատասխանատվությունից: «Սա նշանակում է, որ պարտադիր բաղադրիչը չկա, որ պարտադիր կուտակային համակարգը չկա»,- ընդհանրացնելով կառավարության ներկայացրած փոփոխությունների սեփական ընկալումը` հայտարարում է Արծվիկ Մինասյանը, ավելացնելով, որ սա դրական առաջընթաց է:

Չնայած Արծվիկ Մինասյանը բացահայտ չհայտարարեց, որ ՀՅԴ-ն պատրաստվում է կողմ քվեարկել կառավարության ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նոր նախագծին, բայց նա այնքան ջերմորեն ու դրականորեն արտահայտվեց դրա վերաբերյալ, որ կասկած անգամ չմնաց, որ ՀՅԴ-ն բավարարված է կառավարության առաջարկով, և եթե անգամ կողմ չքվեարկի, ապա հաստատ դեմ էլ չի քվեարկի:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ընդհակառակը` ամենադաժան քննադատության ենթարկեց առաջարկվող փոփոխությունը, հստակ հայտարարելով, որ ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու առաջարկվող նախագծին:

Կարդացեք նաև

«Իրականում կառավարությունը փորձում է այս առաջարկով ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը և հետո ներկայացնել այն` որպես ազգային համաձայնության մի լուծում: Կարծում եք` ինչո՞ւ էր Հովիկ Աբրահամյանն այցելել քառյակի նիստին և փորձել ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը: Փորձում են ժողովրդի թիկունքում քաղաքական ուժերի հետ կնքել սեպարատ մի գործարք և ստանալ մի գործիք, որը թույլ կտա ժամանակ շահել և թուլացնել «Դ!եմ եմ»-ի քաղաքացիական ուժերի ճնշումները:

Մենք հայտարարում ենք, որ Կոնգրեսը չի կիսի պատասխանատվությունն այս խաբեության համար: Մենք սեպարատ գործարքի չենք գնա. մենք արտահայտում ենք ժողովրդի շահերը և մինչև վերջ գնալու ենք ժողովրդի արդարացի պահանջներն իրագործելու ճանապարհով: Կառավարության պահվածքը ցույց է տալիս, որ կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: Սա Սերժ Սարգսյանի ծրագիրն է և իրագործվելու է մինչև վերջ: Եվ միակ ձևը դիմադրելն է, որը թույլ կտա վիժեցնել այս թալանչիական ծրագիր: Կոնգրեսը դեմ է քվեարկելու այս կիսամիջոցներին»,- գրեթե ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի առոգանությամբ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ԲՀԿ-ի և «Ժառանգության» պահվածքը սպասողական է: ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ ներկայացված առաջարկները ևս իրենց մեջ հակասահմանադրականության տարրեր են պարունակում: Մասնավորապես Մելքումյանը հակասահմանադրական է համարում այն դրույթը, ըստ որի` քաղաքացին պետք է դիմում գրի և խնդրի գործատուին իր աշխատավարձից չհաշվարկել և չփոխանցել պարտադիր կուտակային վճարը:

Մելքումյանը հայտարարեց, որ իրենց դիրքորոշումը պարզ կլինի միայն այն դեպքում, երբ կառավարությունը վերջնականապես կհստակեցնի իր դիրքորոշումը մի շարք վիճելի հարցերի վերաբերալ: Չնայած նման նախապայմաններին, պարզ է, որ ԲՀԿ-ն ևս դեմ չի քվեարկի կառավարության ներկայացրած այս նախագծին, հայտարարելով, որ իրենց պահանջը մասնակիորեն բավարարվել է, և օրենքից հանվում է պարտադիր բաղադրիչը:

«Ժառանգության» ներկայացուցիչներն ընդհանրապես ձեռնպահ մնացին իրենց տեսակետը խորհրդարանի ամբիոնից ներկայացնելուց, բայց միջանցքներում հայտարարում էին, որ սպասելու են մինչև կառավարությունը կասի, թե որ առաջարկներն են իրենց համար ընդունելի:

Թվում էր, թե խորհրդարանական քառյակը մինչև այս օրենքի նախագծի քննարկումը պետք է նիստ գումարեր և խորհրդարանում հանդես գար միասնական դիրքորոշմամբ, ոչ թե այսպես հակասական և իրարամերժ տեսակետներով ի ցույց դներ քառյակում եղած անհամաձայնությունը: Բայց մեր ունեցած տեղեկություններով` խորհրդարանական քառյակը չի կարողանում նիստ գումարել, որովհետև քառյակի ներկայացուցիչներն ի սկզբանե հասնականում են, որ իրենք չեն կարողանալու միասնական տեսակետ ունենալ:

Քառյակը գործնականում սպառել է իրեն, քանի որ ի վիճակի չէ ձևավորել ընդհանուր օրակարգ: ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն բավարարված են վարչապետի և կառավարության փոփոխությամբ, և հիմա իրենց անհրաժեշտ է հնարավորինս հարմար տեղավորվել և շարունակել կիսաընդդիմադիր կիսաիշխանահաճո գործունեությունը:

ՀԱԿ-ը, ընդհակառակը, իրեն տեսնում է արմատական ընդդիմության դերում. համարելով որ պետք է աշխատի չկորցնել արմատական էլեկտորատի քվեները:

ՀԱԿ-ում հասկանում են, որ ԲՀԿ-ի հետ համագործակցությունը որքան էլ օգտակար և հաճելի է կարճաժամկետ հեռանկարում, նույնքան վտանգավոր և կործանարար կարող է լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու իմաստով: Այդ պատճառով պետք է սպասել, որ շուտով ՀԱԿ-ը ավելի կկոշտացնի իր դիրքորոշումն իշխանության նկատմամբ, մասնավոապես` դնելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, այդպիսով դիրքավորվելով` որպես ամենաարմատական ընդդիմություն:

ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն միանգամից կհայտարերն, որ իրենք տեսականորեն դեմ չլինելով ամբողջական իշխանափոխությանը, այնուամենայնիվ, կարծում են, որ դրան պետք է հասնել հետևողական քայլերի միջոցով, և, բացի այդ, չեն տեսնում այդ պահանջի իրականացման իրավական մեխանիզմներ` բացի ընտրություններից: Արդյունքում` քառյակի անդամները հրաժեշտ կտան իրար: Կմնա միայն «Ժառանգությունը», որի առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը ստիպված կլինի միասնական հրապարակ ձևավորելու իր ցանկություն-պահանջը մայիսից տեղափոխել հունիս, ինչպես որ ապրիլից տեղափոխել էր մայիս, և այդպես` բյուր ամիսներ:

 

Տեսանյութեր

Լրահոս