
Նախագահական ընտրություններից առաջ կառավարության դեմ սպասվում են նոր սադրանքներ. Թուրքիայի ՆԳՆ

Թուրքական Türkiye թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ երկրի նախագահական ընտրություններից առաջ Թուրքիայի կաավարության դեմ հնարավոր են նոր սադրանքներ:
Նախարարը կարծում է, որ հնարավոր սադրանքների հետևում կանգնած են լինելու ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման ներկայացուցիչները, որոնք դրանով իսկ կփորձեն Թուրքիայում ստեղծել քաոսային իրավիճակ:
Ալայի խոսքերով՝ «զուգահեռ կառույցը» (Գյուլենի շարժում) 2010 թվականից է ձեռնամուխ եղել փաստաթղթեր ու տեղեկություններ հավաքելուն՝ գործող կառավարությանը տապալելու համար: Ալան մանրամասնել է, որ այդ 4 տարում նրանք գաղտնալսել են մոտ 600.000 մարդու:
Հիշեցնենք, որ գաղտնալսումների վերաբերյալ Թուրքիայի հեռահաղորդակցային վարչության (TIB) պատրաստած զեկույցի համաձայն, 2012-2013 թվականներին Թուրքիայում գաղտնալսվել է 1.190.000 հեռախոսազրույց:
Հաշվետու ժամանակահատվածում գաղտնալսումներն առնչվել են 509.516 մարդու, որից 257.454-ին գաղտնալսել են 2012 թվականին, իսկ 252.062-ին՝ 2013 թվականին: Թուրքիայի չափահաս բնակչության քանակը հասնում է 50 միլիոն մարդու, ինչը նշանակում է, որ գաղտնալսել են նրանց 1 տոկոսին: