«Եթե չկնքեինք հրադադար, երկու-երեք ամսից Արաքս ու Քուռ գետերին կհասնեինք».Գուրգեն Դալիբալթայան. «Ժամանակ»
«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է 1991– 1992թթ. ՀՀ ԶՈւ ցլխավոր շտաբի պետ-ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ 1993– 2008թթ. ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը։
– Պարոն գեներալ Դուք պատերազմական ամբողջ ժամանակահատվածում ՝ 91–94թթ. մասնակցել եք ղարաբաղյան ինքնապաշտպանական գրեթե ողջ գործողություններրն։ Մենք առանձնահատուկ նշում ենք Շուշիի ազատագրության օրը, ինչո՞ւ ենք այսքան կարևորում այն, և ինչո՞ւ այդքան մեծ բեկում մտավ ռազմական գործողությունների մեջ 1992 թվականին Շուշիի ազատագրմամբ։
– Առաջին հերթին՝ Շուշին պատմական քաղաք է, Ղարաբաղի մայրաքաղաքը։ Քաղաքական մեծ նշանակություն ուներ Շուշիի ազատագրումը։ Շուշին գտնվում էր պատմական տեղում, իր նշանակությամբ այն փակում էր Ստեփանակերտից եկող բոլոր կենտրոնական ճանապարհները՝ դեպի Լաչին, Գորիս, Երևան, դա գլխավոր ճանապարհն է, բոլոր գործող ջոկատների ապահովումն այս ճանապարհով էր լինում։ Պետք էր ունենալ ազատ ճանապարհ, որ անարգել նյութատեխնիկական միջոցներ մատակարարվեին։ Դա դարպասն էր դեպի Հայաստան, դա բանալին էր, փակում էր մուտքը, Շուշին չվերցնելու դեպքում հնարավոր չէր ոչ այն կողմից գալ Հայաստան, ոչ այստեղից տեխնիկական միջոցներ տրամադրել, ուստի որոշվեց աոաջին ռազմական գործողություններն անցկացնել Շուշիում։
– Մի բան է՝ հաղթել պատերազմում և այլ բան՝ հաղթած ժողովրդի ոգով շարունակել պատերազմից հետո։ Այն իրավիճակում, որում մենք այսօր հայտնվել ենք, ինչքանո՞վ ենք մենք այսօր այդ հաղթած՝ նույն ոգով շարունակում ապրել խաղաղ պայմաններում, ի՞նչ անել, որ այդ հաղթանակը ամեն օր մենք կարողանայինք զգալ ապրել և արժանի լինել այն կորուստներին, որի գնով Դուք կարողացաք հաղթանակն ապահովել մեր ժողովրդի համար։
– Այդ բոլոր հաղթանակները, առաջին հաղթանակները, երբ մենք հաջող գործողություններ իրականացրինք, ժողովրդի ոգին բարձրացրին, նա հասկացավ, որ կարող է իրեն և իր հայրենիքը պաշտպանել։ Մինչ օրս այդ ռազմական ոգին կորսված չէ, ժողովուրդը այսօր ևս կարող է այդ ոգով լուծել իր հայրենիքի պաշտպանության խնդիրը։ Չէ՞ որ մենք հաղթանակած դուրս եկանք այդ կռվից, իսկ ադրբեջանցիները թույլ հակառակորդ չեն, դա ուժեղ սպառազինություն է, մեզ թվապես գերազանցող բանակ, կողքին՝ Թուրքիան՝ իսկ մենք շրջափակման մեջ էինք։
– Կուզենային նկարագրեք հայ-ռուսական ռազմական հարաբերությունները այդ ժամանակահատվածում և այն, ինչ ունենք այսօր, քանի որ թերահավատություն կա, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ ունի ռազմական համագործակցության ավելի խորը հարաբերություններ, քան Հայաստանի հետ, և մենք կասկածներ ունենք մեր պաշտպանունակության, հնարավոր պատերազմի դեպքում, թե ինչքանով կկարողանանք դիմակայել այդ պատերազմում և ինչքանով կկարողանանք այդ հաղթանակն առնվազն պահպանել։ Այդ ժամանակ հարաբերությունները նկարագրեք և հիմա՛ ի՞նչ ունենք։
– Մենք սկզբում Ռուսաստանի հետ լավ կապեր չունեինք, նրանք առավելապես նայում էին Ադրբեջանի ուղղությամբ, քան մեր։ Դա ինչ-որ շրջան էր, երբ, հիշում եք, «Օղակ» գործողությունն իրականացվեց, որ ուղղված էր միայն ֆիդայական ջոկատների դեմ։ Նրանց պետք էր լավ դաշնակից Անդրկովկասում։ Մենք Ռուսաստանի հետ դարեր ենք ապրել, նրանք գիտեին հայ զինվորականների ունակությունները։ Քանի՜ մարշալ ունենք, գեներալներ, և այդ կոչումը պարզապես չէին ստանում ծառայության տարիների համար, մարդիկ իրենց աշխատանքով դա վաստակում էին։ Ադրբեջանցիների հետ համեմատվել չեմ ուզում։ Ադրբեջանցիներն էլ են ազգ, կարողանում են իրենց պաշտպանել, բայց մենք նրանցից բարձր ենք բոլոր առումներով։ Ես սա ոչ թե իմ ազգին գովաբանելու համար եմ ասում, այդպես էլ կա հենց։ Եվ Ռուսաստանը դա գիտեր, որ Անդրկովկասում իր հիմնական աջակիցը հայկական բանակն է, ոչ թե նրանք, բայց նրանց (ադրբեջանցիներին) պահում էին, իրենց զինվորների հետ ռուսներն էին կանգնած, մենք նրանց դեմ էինք կռվում, իրենք մեր դեմ։ Կոպիտ ասած՝ Անդրկովկասում հայերն անտեսված Էին։
– Ո՞ր պահից ջերմացան հարաբերությունները Ռուսաստանի հետ, որ վերջինս սկսեց այդքան կարևորություն տալ և օգնել Հայաստանին՝ իր բանակը ոտքի հանելու։
– Նրանք հասկացան, որ առանց հայկական ուժերի անհնար է իրականացնել այն խնդիրները, որ կային Անդրկովկասում։ Բոլոր փուլերում հայերը ցույց էին տալիս իրենց նվիրվածությունը ռուսներին, և սա, ըստ երևույթին, մեզ օգնեց։ Նրանք հասկացան, որ ի վերջո, իրենց սատարողը հայկական բանակը կլինի, ոչ թե ադրբեջանական։
– Ձեր շրջապատում տեսնո՞ւմ եք մարդիկ, ովքեր հիսաթափվում են, չեն կարողանում դժվարություններին դիմակայել։ Ընդհանուր այս հուսալքության մեջ ի՞նչ կուզենայիք ասել ժողովրդին:
– Դե գիտեք, այդպիսիք լինում են բոլոր երկրներում, մարդիկ, ովքեր քիչ են հավատում, կամք չունեցողներ։ Բայց մենք հիմնականում ռազմական ոգի ունեցող ազգ ենք, ով մոռանում է ամեն ինձ միայն թե պաշտպանի իր հայրենիքը, իր հողը։ Բավական է կորցնել, էլ ո՞ւր։ Տիգրան Մեծից հետո կորցնում էինք միշտ, Տիգրան Մեծը հավաքեց, հետո նորից սկսեցինք կորցնել իսկ այս պատերազմում մենք ինչ-որ բան կարողացաք վերադարձնել, ճիշտ է՝ չթողեցին հեռուն գնալ։
– Ո՞վ չթողեց, և մինչև ու՞ր կարող էինք գնալ։
– Ռուսաստանը Ադրբեջանն էլ չէր ուզում կորցնել։ Ադրբեջանը Ռուսաստանին պետք էր, ինչպես և Հայաստանը։ Ռուսաստանը գիտեր, որ Հայաստանն իրեն կպաշտպանի։
– Եթե չկասեցնեին Հայաստա նին, կգնայի՞նք առաջ…
– 1994թ., երբ ստորագրեցին, ես չգնացի։ Ես դեմ էի, ինչու պիտի ես հակառակորդի հետ նստեմ և ինչ-որ համաձայնագիր ստորագրեմ։ Մենք հաղթողն էինք։ Մենք ոչ միայն հաղթեցինք, այլև ռազմական գործի գիտակ դարձանք։
– Մայիսի 12-ին հրադադարի հաստատման քսանամյակն է։ Հանրագումարի բերելով՝ մենք ի՞նչ ստացանք այդ հրադադարի հաստատմամբ, որոշ մասն ասում է, որ քանի դեռ մենք չէինք հասցրել կապիտուլյացայի, չէինք հասել Բաքու, դա դեռ պատերազմ չէ, ընդամենը ճակատամարտ է։
– Մենք երբեք չենք մտածել ու պլանավորել վերցնել Բաքուն։ Իևչներիս է պետք Բաքուն։ Մեզ պետք էր այն, ինչ մենք ծրագրել էինք։ Մեզ ստիպեցին ստորագրել այդ՝ հրադադարի մասին պայմանագիրը, հակառակ դեպքում մենք հիմա Արաքսի ափին կնստեինք հանգիստ և նման բանակ չէինք պահի, բոլոր ճանապարհները մերը կլինեին։ Թույլ չտվեցին այդ գործողությունն իրականացնել, դա իմ երազանքն էր։ Եթե չստորագրեինք, երկու-երեք ամսից մենք Արաքս ու Քուռ գետերին կհասնեինք։ Թույլչտվեցին։
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։