Իրանում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ոչ մի տեսուչ չկա․ Էսմայիլ Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ոչ մի տեսուչ ֆիզիկապես Իրանում չէ։ Այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Բնականաբար, գործակալության հետ Իրանի համագործակցությունը պետք է կարգավորվի խորհրդարանի վերջին որոշման համաձայն, և կառավարությունն ու արտաքին գործերի նախարարությունը իրենց պարտավորված են համարում կարգավորել գործակալության հետ իրենց փոխգործակցությունը՝ հիմնվելով այդ որոշման վրա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Բաղային։

Նա ընդգծել է, որ իրանական կողմը բազմիցս հստակորեն արտահայտել է իր բողոքներն ու առարկությունները ԱԷՄԳ-ի քաղաքականացված գործունեության վերաբերյալ։

«Մենք շարունակում ենք մեր անդամակցությունը այնպիսի պայմանագրերին, ինչպիսին է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, և Իրանը, որպես պատասխանատու երկիր, հետևում է համապատասխան փաստաթղթերին այնքան ժամանակ, քանի դեռ այդ պայմանագրերի մաս է կազմում»։

Իրանի խորհրդարանի որոշման համաձայն՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլ չի տրվում մուտք գործել Իրան, քանի դեռ երաշխավորված չէ երկրի միջուկային օբյեկտների և խաղաղ միջուկային գործունեության անվտանգությունը, ինչը պետք է հաստատվի Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս