
Վերակազմավորումից հետո 2-րդ աստղաբաշխական դրամաշնորհը «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին, այս անգամ՝ 500 միլիոն դրամ

Էկոնոմիկայի նախարարությունն իր համակարգում գործող «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացման համար հատկացրել է աստղաբաշխական 500 միլիոն դրամ դրամաշնորհ։
Օրերս կնքված պայմանագրի համաձայն՝ այս գումարով նախատեսված է ձեռք բերել չափման և հսկողության սարքեր, վերելակներ, բեռնատար վերելակներ։
Հիշեցնենք՝ նախորդ տարի պետության կողմից ՍՉԱՄ-ին տրված ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրի գինը 750 միլիոն դրամ էր, պայմանագրի առարկան՝ դարձյալ «Որակի ենթակառուցվածքի համակարգի արդիականացում»-ը։
Նշվում էր՝ այդ գումարով նախատեսվում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների սարքավորումների չափագիտական սպասարկման կարողությունների, խաղալիքների, հոսանքի և լարման տրանսֆորմատորների ստուգաչափման, կշռաստուգաչափման շարժական լաբորատորիայի, ստանդարտների ազգային ֆոնդի պահպանման գրադարանի արդիականացում և վերազինում։
Հիշեցնենք՝ 2020 թվականի մարտի 25-ին գործող իշխանությունները նախաձեռնեցին «Չափագիտության ազգային ինստիտուտ» և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման պետական գրանցումը` միաձուլման կարգով․ նշված կազմակերպությունների գործունեությունը դադարեցվեց, որպես իրավահաջորդ կազմակերպություն` ստեղծվեց «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը, որի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: