«Ինչպե՞ս եղավ, որ երեխաներն անկախ լրագրողների ներկայությամբ հաստատեցին ծեծի փաստը, բայց պարոն Բերիկյանի խառնվելուց հետո հերքեցին»
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում յուրացման փաստով քրեական գործ է հարուցվել, սակայն հանցագործության մասին հաղորդում ներկայացրած ակտիվիստների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշում է, որ քննչական գործողություններ չեն կատարվում: Փաստաբանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ յուրացման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում չկան մեղադրյալներ, գործողություններ չեն կատարվում:
Փաստաբանի խոսքով՝ այս գործը տարբերվում է մյուսներից, քանի որ հրապարակվել է գիշերօթիկ հաստատությունում կատարվող դեպքերի մասին պատմող անանուն նամակ, որն, էլ, ըստ նրա՝ ինքնին հաղորդում չէ հանցագործության մասին: Դրանից հետո տարբեր լրատվամիջոցներ սկսեցին այցելել հաստատություն և, փաստաբանի խոսքով՝ բացահայտեցին այն ամենը, ինչի մասին նշված էր անանուն նամակում, և լրատվամիջոցների ճնշման տակ տեղի ունեցան մի շարք դեպքեր: Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ՝ մի քանի հասարակական կազմակերպությունների երիտասարդներ, ի վերջո, հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, UNICEF-ն էլ իր հերթին` դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ ընդգծելով, որ հանրայնացնեն այս գործի նախաքննությունը:
Փաստաբանի խոսքով՝ իր կողմից հարցման ենթարկված Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հասատատության աշխատակիցները հաստատել են անանուն նամակում նշված տեղեկությունները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն էլ հաստատություն այցելելու ժամանակ որոշ փաստերի են ականատես եղել:
«Այսօր ճշտել եմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որ առայժմ մեր հաղորդման հիման վրա որևէ քննություն չի իրականացվում: Մեր հաղորդման մեջ նշել էին երեխաների ծեծի, բռնության, փաստաթղթեր կեղծելու, նաև փոխնախարար Բերիկյանի հետ կապված փաստեր (խոսքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի մասին է.- Օ.Հ.): Ճիշտ է՝ վարչապետը Բերիկյանին խիստ նկատողություն հայտարարեց, բայց ամեն դեպքում պետք է նախաքննություն կատարվի: Պարոն Բերիկյանն անընդհատ այս բոլոր գործերում եղել է տնօրենի հետ, տնօրենի կողքին, մինչև հիմա էլ հայտարարում է, որ դեռ պարզ չէ՝ պետք է հարուցվի՞ քրեական գործ, թե՞ ոչ:
Այսինքն՝ տպավորություն է, որ ինքն արդեն տեղեկություն ունի, թե քրեական գործն ինչպես պետք է ավարտվի: Անգամ վարչապետն այցելեց հաստատություն, բայց նախաքննություն չի կատարվում: Ես մտածում էի, որ այդպես էլ պետք է լիներ:
Այստեղ երկու հանգամանք կա: Մամուլն ինչ-որ առումով ստացավ որոշ բաներ. տնօրենին հեռացրին աշխատանքից, փոխնախարարը խիստ նկատողություն ստացավ: Բայց եթե այսքանով մենք բավարարվենք, ասենք, որ հաղթանակ եղավ, ինձ թվում է՝ ոչինչ չի փոխվի: Կգա նոր տնօրեն, կսկսի կորզել նոր գումարներ, եթե գումարներ է փոխանցել փոխնախարարին, ավելի կշատանան, որովհետև բարոյական զրկանքներ է կրել, պետք է վերադարձնի: Ու ոչ մի բան չի փոխվի: Այսինքն՝ եթե նախաքննությունը չլինի բազմակողմանի, օբյեկտիվ և հրապարակային, ոչինչ չի փոխվելու: Պետք է բացահայտվեն անձինք և պատասխանատվության ենթարկվեն, ենթարկվեն քրեական պատասխանատվության և խիստ պատժի»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:
Նա նշեց, որ այն հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել, նախատեսում է պատիժ 200-300 հազար դրամի չափով, և ստացվում է, որ 200-300 մլն դրամ «ուտող անձը» կարող է 200 հազար դրամ վճարել և ազատվել պատասխանատվությունից: «Մենք չենք ուզում, որ այդպես լինի: Դրա համար պետք է բոլոր դրվագներով բազմակողմանի, օբյեկտիվ քննություն իրականացվի:
Քանի որ գործը սկսել է մամուլը, քրեական գործի հարուցման առիթ է դարձել մամուլը, ինձ թվում է՝ նախաքննության նկատմամբ վերահսկողությունը ևս մամուլը պետք է իրականացնի: Եվ եթե պատիժ նշանակելիս մամուլն իր դիրքում լինի, մենք կունենանք, որ մամուլը համախմբվեց ու հասավ ինչ-որ բանի, կարող ենք ասել, որ մեր երկրում կարողացավ ինչ-որ բան փոխվել: Իմ կարծիքով՝ այսօր բոլորն ավելի շատ վախենում են մամուլից»,- ասաց Տիգրան Հայրապետյանը՝ կարևորելով լրատվամիջոցների վերահսկողությունը քրեական գործի նախաքննության ընթացքի վրա:
Տ. Հայրապետյանը տեղեկացրեց, որ իրենք համաձայնել են հանդիպել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆ. Բերիկյանի հետ, սակայն վերջինս երեկ զանգահարել է՝ ասելով, որ չի կարող և չի էլ պատրաստվում հանդիպել: Նա նշեց, որ նախաքննության օբյեկտիվ լինելը նշանակում է` գործի քննությունը սկսել նրանից, թե արդյո՞ք պարոն Բերիկյանը շահագրգռվածություն ունի այս գործում, թե՞ ոչ. «Ինչպե՞ս եղավ, որ երեխաները անկախ լրագրողների ներկայությամբ հաստատեցին ծեծի փաստը, բայց պարոն Բերիկյանի խառնվելուց հետո իրենք հերքեցին: Եթե պարոն Բերիկյանն ուզում է՝ թող այս հարցին մամուլով պատասխանի»: Ըստ Տիգրան Հայրապետյանի, հնարավոր է` որոշ ժամանակ գիշերօթիկի երեխաները շարունակեն պնդել, որ ծեծ չի եղել, քանի որ, ըստ փաստաբանի և հասարակական կազմակերպությունների, երեխաները «գործիք են դարձել Սոցապ նախարարության աշխատակիցների ձեռքին»:
«Ծնողներին վախեցնում են, ասում են՝ եթե քրեական գործը հարուցվի, շարունակվի, ապա դպրոցը փակվելու է, ձեր երեխաներն էլ չեն այցելելու, իսկ երեխաների մի մասը չպետք է կրթություն ստանար այդ հաստատությունում, որովհետև չափանիշերը չեն համապատասխանում: Տնօրենը դիտավորյալ, արհեստականորեն ստեղծել է անվճարունակ երեխաների մեծ քանակություն, որպեսզի դպրոցի բյուջեն մեծ լինի:
Դպրոցի վրա բավական մեծ գումարներ են ծախսվում՝ հաստատությունը պարտավոր է երեխաներին ապահովել չորսօրյա սննդով, հագուստով, գրենական պիտույքներով, անկողնային պարագաներով, հաստատությունը պարտավոր է վերանորոգել շենքը, և բավական մեծ գումարներ են ներդրվում»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Հայրապետյանը տեղեկացրեց նաև, որ խնդրով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ նամակ են ուղարկել գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ խնդրելով քրեական գործը Ոստիկանության Կոտայքի մարզի բաժնից ուղարկել Հատուկ քննչական ծառայություն. «Եթե փոխնախարարն ինչ-որ առումով խառնված լինի բյուջերից կորչող գումարների առևանգման կամ հափշտակության հետ, բնականաբար, գործը պետք է քննի Հատուկ քննչական ծառայությունը, որովհետև փոխնախարարը պետական պաշտոնատար անձ է, սովորական ոստիկանները չեն կարող քննել գործը»:
Մեր դիտարկմանը, որ ծեծի փաստով քրեական գործ չի հարուցվել՝ փաստաբանն այսպես արձագանքեց. «Կարող է գործ հարուցվել այլ հոդվածով և նախաքննություն կատարվել: Բայց ես գտնում եմ, որ այդ հոդվածով ևս պետք է գործ հարուցվեր, որովհետև լրատվամիջոցները հենց դա են բացահայտել»:
Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ, ըստ էության՝ քննչական գործողություններ չեն կատարվում, փաստաբանը պատասխանեց. «Կարող էին և պարտավոր էին գործողություններ անել: Հրապարակումը եղել է ապրիլի 4-ին, անցել է մեկ ամսից ավելի, հավանաբարգ Գիտեք՝ մեր քննչական մարմիններն էլ կարծես թե անկախ չեն, և իրենք ցուցում են ստանում, սպասում են ցուցմանը՝ չնայած Գլխավոր դատախազությունից շատ խիստ ցուցում է եղել, որ գործը գլխավոր դատախազի վերահսկողության տակ է, և Վերահսկողական վարչությունից գրություն է ուղարկվել, որով խնդրել են զեկուցել գործի ընթացքի մասին: Ամեն դեպքում անգործություն կարող եմ ասել, անփութություն: Միգուցե Կոտայքի մարզի քննիչները չեն կարող պատշաճ օբյեկտիվ քննություն իրականացնել»:
Նշենք, որ դեռ ապրիլ ամսին «168 Ժամը» ներկայացրել էր գիշերօթիկ հաստատության աշխատակիցների կողմից տարածված անանուն նամակը, որտեղ վերջիններս հայտնել էին, որ տնօրենը երեխաների սննդի համար հատկացված գումարի ընդամենը մեկ երրորդն է ծախսում երեխաներին կերակրելու համար, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարությանը ներկայացվում են էքսկուրսիաների մասին հաշվետվություններ, սակայն երեխաները փոքրիկ քաղաքից այն կողմ ոչինչ չեն տեսել, որ անպատվում է երեխաներին, նրանց նկատմամբ բռնություն է կիրառում, որ վերջին երեք տարվա ընթացքում 30 գոյություն չունեցող աշխատող է գրանցել: Աշխատակիցները հայտնել էին նաև, որ տնօրենի դեմ մի քանի նամակ-բողոք են ուղարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն նախարարության աշխատակիցները նամակի հետքերով գալիս են հաստատություն և աչք փակելով իրականության վրա՝ հեռանում են:
Նշենք, որ հաստատության տնօրեն Գայանե Մարգարյանն ազատվել է աշխատանքից, իսկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն: