Ինչո՞ւ են ադրբեջանցիները «հարձակվել» Ուորլիքի վրա

Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը մայիսի 1-ին հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ` մեղադրանքներ հնչեցնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հասցեին: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության` Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը կարող է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահի պաշտոնից Ջեյմս Ուորլիքին հետ կանչելու հարցը:

Նա Ուորլիքին մեղադրել է հայամետ լինելու մեջ և ուշադրություն է հրավիրել Թվիթեր սոցիալական ցանցում նրա հաճախակի գրառումներին, որոնցում համանախագահը կարծիք էր հայտնել, որ «հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև է», և բանակցային գործընթացը պետք է անցնի «Լեռնային Ղարաբաղի անմիջական մասնակցությամբ»:

«Մեզ հայտնի է, որ ամերիկացի համանախագահը սերտ կապեր է պահպանում ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը, ինչպես հայտնի է, (ղարաբաղյան) հակամարտության կարգավորման հարցում հանդես է գալիս անհաշտ դիրքերից: Անգամ սոցցանցերում նրա գրառումների թեթև դիտարկման ժամանակ տեսանելի է, որ ամերիկացի համանախագահը նախընտրում է ավելի շատ շփվել ԱՄՆ-ի հայ, քան թե ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի այդ, պարոն Ուորլիքը, չգիտես ինչու, սիրով հարցազրույցներ է տալիս հայկական ԶԼՄ-ներին՝ դրա հետ մեկտեղ` լռություն պահպանելով ադրբեջանցի լրագրողների պարագայում:

Պարոն Ուորլիքն իրեն թույլ է տալիս յուրովի մեկնաբանել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որոնք ընկած են կարգավորման հիմքում: Ամերիկացի միջնորդի մի շարք արտահայտություններ ընդհանրապես կրում են սադրիչ բնույթ: Սադրանքից բացի, այլ կերպ չես անվանի Ղարաբաղյան հակամարտության էսկալացման հնարավորության մասին համանախագահի կողմից լուրերի տարածումը: Իսկ այն առաջարկը, թե Ղարաբաղյան հակամարտության համար ինչ դասեր պետք է քաղել Ուկրաինայի դեպքերից, ընդհանրապես չի դիմանում որևէ քննության: Այս ամենը մեզ հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել այն դիրքորոշման ու նպատակների մասին, որոնք հետապնդում է ամերիկացի համանախագահը:

Կարդացեք նաև

Վերոնշյալն ադրբեջանական կողմին տալիս է բոլոր հիմքերը` անվստահություն հայտնել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին, հրաժարվել նրա հետ աշխատելուց և դիմել ԵԱՀԿ գործող նախագահին` համանախագահի պաշտոնից պարոն Ուորլիքին հետ կանչելու համար: Ուորլիքն ադրբեջանական կողմին չի թողել այլ ընտրություն»,- մասնավորապես նշել է Ազիմովը:

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` Ազիմովի հայտարարությանն արձագանքել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: Դեսպանատնից պատասխանել են, թե Միացյալ Նահանգների կառավարությունը չի կիսում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հնչեցրած գնահատականը և շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իր ստանձնած հանձնառություններին: Միաժամանակ դեսպանատան ներկայացուցիչն ավելացրել է, որ «ԱՄՆ-ը երկու կողմերին կոչ է անում ձեռնարկել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված լուրջ քայլեր»:

Հայտնի է, որ Թվիթերի ակտիվ օգտատեր Ջեյմս Ուորլիքը հաճախակիորեն արձագանքում է ոչ միայն Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիոն հարձակումներին, զոհերի դեպքում` ցավակցում հայկական կողմին, այլև չի խուսափում նաև ադրբեջանական զոհերի մասին խոսելուց: Ինչո՞վ է Ուորլիքը հայամետ, և, ընդհանրապես, ի՞նչ նպատակներ է հետապնդում նրա դեմ սկսված դեմարշը:

Stepan Safaryan 01«Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը «168 Ժամի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ուորլիքի հայտարարություններն Ադրբեջանի համար պարզապես հարմար առիթ են` հակաամերիկյան տրամադրությունները ցուցադրելու, որովհետև Իլհամ Ալիևի և Արևմուտքի հարաբերությունները, տևական ժամանակ է, սրված են: Նրա խոսքերով` վերջին շրջանում դա դրսևորվել է թե՛ Ալիևի կողմից Ֆեթուլլահ Գյուլենին հարող անձանց իշխանությունից դուրս մղելով, թե՛ իրավապաշտպանների և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ հետապնդումներ սկսելով: Եվ Իլհամ Ալիևը, փորձելով սեփական հասարակությունից թաքցնել, որ դրանք այլ շարժառիթներ ունեցող քայլեր են, իր հատուկ ներկայացուցչի շուրթերով հանկարծ հիշել է, որ Ուորլիքը Թվիթերում գրառումներ է արել, որոնք այնքան էլ Ադրբեջանի օգտին չեն: «Ծիծաղելի է, որովհետև այն գրառումները, որոնց մասին խոսում է Ազիմովը, բավական մեծ վաղեմություն ունեն, հետևաբար` կասկած է հարուցում, թե ինչու է Ադրբեջանը հիմա հիշել դրանց մասին: Թերևս Ադրբեջանում տեղի ունեցողը լավագույնս ցույց է տալիս Ադրբեջանի կողմից Ուորլիքի գրառումներին ազգայնական երանգ հաղորդելը, իբրև թե Ալիևն այս ամենն անում է հանուն Ղարաբաղի, սակայն դրա տակ թաքնված է թե՛ Գյուլեն-Էրդողան, թե՛ Էրդողան-ԱՄՆ, թե՛ նաև դրան միացած Ալիև-ԱՄՆ հակադրությունը»,- նշեց մեր զրուցակիցը:

Հատկանշական է, որ նույն Ջեյմս Ուորլիքը վերջին ամիսներին ամեն ջանք գործադրում էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպում կազմակերպելու համար: Մարտ ամսին Հաագայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո նա գրել էր, թե ձեռք է բերվել համաձայնություն` ղարաբաղյան հարցով նախագահների մակարդակով գագաթաժողով կազմակերպելու համար: Ապրիլի 4-ին` Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին փոխանցեցին իրենց ցանկությունը` նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին:

Առաջիկա ամիսներին էլ սպասվում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Հարավային Կովկաս, այդ թվում` Բաքու և Երևան: Ստեփան Սաֆարյանը սրան նաև ավելացրեց մեկ այլ հանգամանք` վերջերս շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը, թե իբր ԱՄՆ նախագահ Օբաման մայիսին «վճռական քայլ է կատարելու ղարաբաղյան հարցում»: Նրա խոսքերով` «Ուորլիքի վրա հարձակումները» կարող են պայմանավորված լինել հենց այդ հանգամանքով, քանի որ Ադրբեջանը փորձում է հանդիպումից առաջ ազդել Միացյալ Նահանգների դիրքորոշման վրա:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով` ղարաբաղյան կարգավորման գործընթացում ակտիվացումը վաղուց էր սպասվում, և ամերիկյան համանախագահի փորձերը դրա ապացույցն են, սակայն իր հերթին` քայլեր է կատարում նաև Հայաստանի իշխանությունը, որը փորձում է դադար վերցնել գործընթացում: Եվ այդ իմաստով` կառավարության հետ կապված «ֆորսմաժորը» նույնպես պատահական չէր:

«Կառավարության հրաժարականը Հայաստանի համար «թայմ-աուտ» վերցնելու լավագույն հնարավորությունն է»,- նշեց նա:

Այս համատեքստում նկատենք, որ ղարաբաղյան հարցի մասին չեն մոռանում ոչ միայն ադրբեջանական և արևմտյան որոշակի քաղաքական շրջանակները, այլև ռուսաստանցի հայտնի ու անհայտ գործիչները: Թերևս, կարելի է հիշատակել Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Սերգեյ Մարկովի վերջին հայտարարությունը: Ապրիլի սկզբին «Վեստնիկ Կավկազա» լրատվականի հետ զրույցում խոսելով ԱՄՆ պետքարտուղարի` Բաքու կատարելիք այցի մասին` Սերգեյ Մարկովն ասել էր, թե «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի իրավասության ներքո վերադարձնելու գլխավոր խոչընդոտը ԱՄՆ-ն է»:

Մեկնաբանելով ռուս քաղաքագետին` Ստեփան Սաֆարյանն ասաց, որ այդ հայտարարությունը պետք է ավելի շատ դիտարկել ոչ թե ղարաբաղյան հիմնախնդրի, այլ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վատթարացման համատեքստում. «Նույն կերպ Միացյալ Նահանգներից են լսվում ձայներ, Ռուսաստանին են մեղադրում հակամարտության կարգավորումը թույլ չտալու համար: Բայց Ռուսաստանից հնչող այդ հայտարարություններն ավելի քան ուշագրավ են, որովհետև նույն Ադրբեջանում ևս, ինչպես Ուկրաինայում, կա ռուս-ամերիկյան շահերի բախում, և ռուսներն ուղղակի փորձում են քարոզչական հնարքներով Ադրբեջանին ավելի ու ավելի տրամադրել Միացյալ Նահանգների դեմ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս